HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը որոշեց կաշառքի գործով փաստաբան Գայանե Գալոյանին ազատել կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր որոշեց կալանքից ազատել կաշառքի  գործով ամբաստանյալ Գայանե Գալոյանին, և նրա նկատմամբ գրավ կիրառելը ճանաչել թույլատրելի։ Դատավորի որոշմամբ որպես գրավի չափ սահմանվեց 700 հազար դրամը։

Հիշեցնենք, որ Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ քաղաքացի Բաբկեն Գասապարյանը Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝  Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարք՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով՝ նրան ուղարկել են փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Այսօր` նախքան դատական նիստի սկսվելը, Գալոյանի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան, և բժիշկները նրա մոտ արձանագրել  էին 180/80 ճնշում։

Դատարանը պետք է անցներ գործում առկա ապացույցների հետազոտմանը, սակայն  Գալոյանի փաստաբան  Անժելա Հոբոսյանը միջնորդեց իր պաշտպանյալին կալանքից ազատել ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել կամ ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։

Անժելա Հոբոսյանը նշեց, որ Գալոյանը մի շարք հիվանդություններ ունի, ինչպես նաև ընդգծեց այն հանգամանքը, որ գործով վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է, ուստի վերացել է Գայանե Գալոյանի կողմից նրանց նկատմամբ հնարավոր ազդեցություն գործելու վտանգը։ Պաշտպանը նշեց, որ Գայանե Գալոյանն արդեն 8 ամիս է` գտնվում է կալանքի տակ, ընդգծեց, որ Գալոյանը երբևէ չի խոչընդոտել գործի քննության ընթացքին։ Միջնորդության դեմ մյուս ամբաստանյալների պաշտպանները չառարկեցին։ Առարկություն ներկայացրեց միայն մեղադրող դատախազը՝ նշելով, թե դեռևս առկա են Գալոյանին կալանքի տակ պահելու հիմքեր։

Խորհրդակցական սենյակ հեռանալով, փաստորեն, դատարանը որոշեց բավարարել Անժելա Հոբոսյանի միջնորդությունը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter