
«Իմ քայլը» Դիլիջանում է. Փաշինյանը պնդում է, որ Շարմազանովը փորձել է իրենց հաշվին 5000 դրամ փոխանցել
Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման անդամները քայլերթով հասել են Տավուշի մարզ՝ Դիլիջան քաղաք: Այսօր քայլերթի յոթերորդ օրն է:
Հիշեցնենք, որ մատի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսելով քայլերթը` շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվում է հանրահավաք, իսկ մինչ հանրահավաքը իրենք քայլերթ են իրականացնելու տարբեր մարզերով: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար՝ պնդելով, թե ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձել է գումար փոխանցել շարժման հաշվին:
Գիշերը վանաձորցի երաժիշտներ են այցելել շարժման անդամների ճամբար, «որպեսզի ըստ արժանվույն ճանապարհեն Լոռու մարզից»:
Իսկ ճամբարը տեղակայված է եղել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում: Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում ասաց, որ ԱՄՆ-ից պիցցա են պատվիրել իրենց համար և ուղարկել: «Ես գիտեմ, թե ով է հյուրասիրություն արել, բայց քանի որ իրենից համաձայնությունը չունեմ ասելու իր անունը, չեմ ասի»,- ասաց պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար:
Փաշինյանի խոսքով՝ մարդկանց կարծես թե այնքան էլ չեն հետաքրքրել նվիրատվությունների և իրենց կատարած ծախսերի հաշվետվությունները, քանի որ ամենաքիչ քննարկված գրառումն է եղել: Խումբը Լոռու մարզից դուրս գալով` կատարել է 26315 քայլ:
«Դիլիջան ազգային պարկ»-ի հարևանությամբ շարժման անդամներն իրենց հերթական ծառատունկը կատարեցին՝ ժողովրդավարության ծառը տնկեցին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների քայլերթին միացել է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նա ևս լուսանկարներ է հրապարակել քայլերթից:
Մեկնաբանել