HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունը պարզաբանում է, թե այցելել է «մերժիրսերժին» և «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Անուշ Լալայանի բնակարան ծանուցագիր հանձնելու

Քաղաքացի Անուշ Լալայանն ահազանգում է այն մասին, որ մոտ մեկ ժամ առաջ թվով հինգ ոստիկան այցելել են իրենց բնակարան՝ իր հետ զրուցելու ու իրեն ինչ-որ հարցեր տալու նպատակով: Այցի պահին Լալայանը տանը չի եղել, մորից վերցրել են իր հեռախոսահամարն ու քիչ անց զանգահարել իրեն:

Անուշ Լալայանն ակտիվորեն մասնակցում է «մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած միջոցառումներին: Մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքի վայրում է եղել, երբ ոստիկանության աշխատակիցները զանգահարել են իրեն ու հետը կոպիտ խոսել, պահանջել, որպեսզի հայտնի գտնվելու վայրը, ինչը չի արել` նշելով, որ եթե օրենքի հետ կապված որևէ հարց կա, ապա իրավապահները պարտավոր են իրեն օրենքով սահմանված կարգով ծանուցել ու հրավիրել ոստիկանության համապատասխան բաժին: Մեզ հետ զրույցում Լալայանին հայտնի չէր, թե ինչի շուրջ են ոստիկանները ցանկացել զրուցել իր հետ:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ ոստիկանները Լալայանի բնակարան են այցելել վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ Լալայանն իր հաշվառման հասցեում չի բնակվում, այդ իսկ պատճառով այցելել են այն բնակարան, որտեղ քաղաքացին փաստացի բնակվում է: Այցի նպատակն, ըստ ոստիկանության, եղել է վարչական իրավախախտման վերաբերյալ Անուշ Լալայանից պարզաբանումներ ստանալն ու նրան ծանուցագիր հանձնելը:

Բացի այս, ոստիկանությունից նշեցին, որ Լալայանի բնակարան հինգ ոստիկան չի այցելել: Թե քանի՞ ոստիկան է այցելել, չասացին: Հրաժարավեցին հայտնել նաև, թե Լալայանն ի՞նչ վարչական իրավախախտում կատարելու մեջ է կասկածվում:

Կապ հաստատեցինք նաև Լալայանի մոր` Սեդա Թամազյանի հետ, ով մանրամասներ պատմեց իրենց տուն ոստիկանության այցից: Լալայանի մայրը պնդում է, որ ոստիկանները եղել են հինգը, որոնցից մեկը՝ կին: Վերջիններս հրաժարվել են հայտնել, թե կոնկրետ ինչ նպատակով են այցելել իրենց բնակարան, միայն նշել են, թե Անուշին հարցեր ունեն տալու: Դստերը ծանուցագիր հանձնելու, նրա կողմից վարչական իրավախախտում կատարելու մասին որևէ բան իրեն չեն հայտնել:

Անուշ Լալայանը նկարչուհի է: Տան տարբեր հատվածներում փակցված են նրա աշխատանքները: Սեդա Թամազյանի խոսքով՝ ոստիկանները հետաքրքրվել են, թե արդյոք նկարներն Անուշի աշխատանքներն են, իսկ նրանցից մեկն էլ թույլտվություն է հարցրել ու մտել դստեր սենյակ՝ դրանք նայելու:

«Ես միայն ավելի ուշ հասկացա, որ, հավանաբար կասկածում էին, որ Անուշը տանն է, բայց ես թաքցնում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Սեդա Թամազյանը:

Նշենք, որ մեզ հետ զրույցից հետո ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝  նշելով Անուշ Լալայանի բնակարան այցելության վերը նշված  պատճառն ու կոչ արել «ձեռնպահ մնալ անհիմն ու չճշտված լուրեր տարածելով՝ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:

Լուսանկարը՝ Անուշ Լալայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter