HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյան. «Պատեհ առիթ է մեր գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու»

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ժնև: 

Այցի շրջանակում Սարգսյանն այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո, նախագահն իր տպավորություններն է ներկայացրել՝ նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է:

 Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանը ցուցահանդեսի հոբելյանական 25-րդ տարում Ժնևում ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով:

«Մեզանում գրքի նկատմամբ ակնածանքը խոր և դարերի պատմություն ունեցող արմատներ ունի և գալիս է այն ժամանակներից, երբ նորաստեղծ Հայոց այբուբենով գրվեց առաջին հայերեն գիրքը, որն Աստվածաշնչի թարգմանությունն էր: Գրեթե միաժամանակ ստեղծվեցին հայ գրականության գլուխգործոցներ, որոնք շատ առումներով կատարյալ ուսումնական ձեռնարկներ են նաև այսօր: Ընդհանրապես, հայ ժողովրդի ընթացքը, հետագա մեր բոլոր թռիչքների ելման կետը հենց 5-րդ դարի սխրանքն էր, որ իրականացրեցին մեր մեծ երախտավորները: 

Ինչպես գիտենք, հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը:  Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի չափանիշը բոլոր ժամանակներում եղել և մնում է Եվրոպան, և խորհրդանշական է ու օրինաչափ, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում:

2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մեծ հոբելյանները և նման ձեռնարկները մենք համարում ենք շատ գեղեցիկ առիթ՝ հատկապես նոր սերնդին գրքի հետ կապելու համար:

 Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաև օգտագործում ենք այս առիթը՝ կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու և բացելու նոր գրախանութներ, գրքի կենտրոններ:

Արդեն գրեթե ավարտված են Մատենադարան թանգարան-ինստիտուտի նոր շենքի շինարարական աշխատանքները: Եվ այդ նոր շենքի չափերը, ծավալը երեք անգամ ավելի են, քան այսօր գործող ձեզ ծանոթ Մատենադարանի չափերը: Շուտով մենք սկսելու ենք Մատենադարանի գործող՝ հին շենքի վերանորոգման աշխատանքները, որպեսզի արդեն աշնանն ունենանք ինչպես գրքի պահպանման, ուսումնասիրման, պրոպագանդման ժամանակակից կենտրոն, այնպես էլ մեծ ցուցասրահներ՝ նախկին շենքում:

 Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաև տասը մարզային գրադարաններ: Գրական միջազգային ծրագրերի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Երևան կժամանեն գրողներ, ովքեր համատեղ կքննարկեն իրենց նոր ու նորարարական գաղափարները, ժամանակակից գրականության խնդիրները և, իհարկե, դրանց լուծմանն առնչվող թեմաներ:

2012թ. պատեհ առիթ է մեր գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: Հայ միտքն ու հոգին ստեղծել են գործեր, որոնք արժանի են միջազգային ուշադրության և ճանաչման»,-ասել է նախագահ Սարգսյանը: 
Հանրապետության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել՝ Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաև այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես: 
Ժնևում Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, նաև հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վաղը, ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, նախատեսված են հանրապետության ղեկավարի հանդիպումները Շվեյցարիայի Համադաշնության բարձրագույն ղեկավարության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter