
Բնապահպանն ահազանգում է՝ Լաստիվերի և Խաչաղբյուրի կիրճի անտառները վերանում են
«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը ահազանգում է, որ մեկ տարվա ընթացքում վերացել են Լաստիվերի արահետի և Խաչաղբյուր գետի կիրճի անտառները: Գոռն այդ տարածքում մեկ տարի առաջ էլ է եղել, երբ այնտեղ խիտ ու վայրի անտառ էր։ Ասում է՝ հիմա ոչինչ չկա։
Գոռը երեկ նկարահանել է, թե մեկ տարվա ընթացքում ինչպես է վերացել տարածքի անտառը։
«Մեկ տարի առաջ ծառերը լրիվ տեղում էին: Երեկ՝ երեք տարբեր տեղեր բացեիբաց, առանց վախենալու, ծառերը կտրում էին։ Մարդկանց չեմ տեսել, բայց գոռգոռոցները լսել եմ, տեխնիկա կար ներքևում ու կուտակված ծառեր էլ կային: Դիմել եմ Իջևանի բնապահպանական տեսչությանը»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց բնապահպանը։
Գոռը այդ պահին ծառահատում իրականացնողներին մոտենալ և տեսնել չի կարողացել, քանի որ նրանք ձորի մյուս մասում են գտնվել։
Բնապահպանը կարծում է՝ ծառահատումները արվել են ձմեռվա ու գարնան ամիսներին, որովհետե աշնանը այնտեղ է եղել,այդ ժամանակ ծառերը դեռևս կանգում էին։
Գոռի նկարահանած տարածքը Խաչաղբյուր գետի կիրճի հակառակ լանջն է։Նա մտահոգվում է, որ այս տարածքում արված ծառահատումները կարող են բացասական հետևանքներ ունենալ․
«25%-ից բարձր թեքության վրա արգելվում է ցանկացած տեսակի ծառահատում, որովհետև առաջացնում է սողանք և ունենում է շատ այլ վատ հետևանքներ»,-ասում է նա։
Նշենք, որ կառավարությունը որքան էլ խոսում է ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման մասին, վարչապետը հանձնարարականներ է տալիս, գործադիրը այդպես էլ չի կարողանում ներդնել մեխանիզմ, որով կկարողանա կանխարգելել անտառներում կատարվող ապօրինի ծառահատումները։
Մեկնաբանել