HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

«Պատերազմ լինի` իմ սայլակով էլ կգնամ»

Գեւորգ Ավագյանն իր ընտանիքով ՌԴ-ի Կրասնոդարի մարզից Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին' Արցախյան ազատամարտին մասնակցելու համար: Կամավոր մեկնել է Արցախ, 1992-94 թվականներին մասնակցել Լաչինի եւ Հայաստանի ինքնապաշտպանության մարտական գործողություններին, կոնտուզիա ստացել: 1995թ., չնայած բժիշկների արգելքներին, աշխատել է Աբովյանի կոմունալ տնտեսության վարչությունում' որպես աղբ հավաքող:

«Ապրում էինք հանրակացարանում, շատ դժվար էր, պետք էր ընտանիք պահել»,- ասում է ազատամարտիկը:

1999թ. Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ մեկ սենյականոց բնակարան է ստացել Աբովյանում, ուր եւ ապրում է իր հինգ հոգանոց ընտանիքի հետ:

Նախկին ազատամարտիկն այժմ առաջին խմբի հաշմանդամ է, ամբողջ օրն անցկացնում է կնոջ խնամակալության ներքո:

Ընտանիքի անդամներից միայն ավագ որդին է աշխատում, որն 8-րդ դասարանը հազիվ է ավարտել:

«Ընտանիք էր պահում, չկարողացավ սովորել»,- ասում է մայրը: Ամսական 35 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Ապրում են նրա աշխատավարձով եւ Գեւորգի թոշակով, որը մեծ մասամբ դեղերի վրա է ծախսվում: «Նախկինում Երկրապահ կամավորականների միությունն անվճար դեղատուն ուներ, անվճար դեղեր էին հատկացնում: Հետո դա էլ փակեցին: Հիմա դեղերի մի մասն անվճար Աբովյանի պոլիկլինիկան է հատկացնում, մնացածը ստիպված ենք գնել: Հոգեմետ դեղերն էլ բավական թանկ արժեն»,- պատմում է Գեւորգը: Երկու տարի առաջ էլ ԵԿՄ-ն է մի սայլակ նվիրել, որով կարողանում է տեղաշարժվել (կոնտուզիայի պատճառով նա անընդհատ ցնցվում է ամբողջ մարմնով):

Դժգոհությունն ազատամարտիկը նվաստացուցիչ է համարում:

«Շատ մարդիկ են հիմա խեղճ վիճակում: Ազատամարտիկներ կան, որ բնակարան չունեն, խնամատար չունեն: Պատերազմից վերադարձած շատ տղաների էի ճանաչում' ոտք ու ձեռք կորցրած, որոնց ընտանիքները քայքայվեցին, մենակ մնացին: Մինչդեռ նրանց խնամող է պետք, ուշադրության եւ հոգատարության կարիք ունեն: Հետո, նրանց աշխատանքով է պետք ապահովել, որպեսզի իրենց հասարակությունից մեկուսացած չզգան: Կարծում եմ' հաշմանդամ ազատամարտիկներին խնամող անձանց պետք է հավելյալ թոշակ նշանակվի: Հիմա կինս իմ պատճառով չի կարողանում աշխատել: Նա պետք է թոշակ ստանա, որ կարողանա ինձ պահել: Մինչդեռ, որպես խնամատար, ստանում է ընդամենը 1500 դրամ»,- ասում է նա:

Գեւորգն իր կռվող ընկերներից շատերին չի կարողանում հիշել, չի հիշում նաեւ պատերազմական իրադարձությունները: «Ազատամարտիկը չպետք է ասի' ես կռվել եմ, ուրեմն պետք է գնահատվեմ: Հարգանքն ինքնաբերաբար պետք է լինի: Հույսներս դրել էինք, որ խաղաղության մեջ պետք է լավ ապրենք, բայց մեր կռվող տղաներն անկարողության զոհ դարձան»,-զրույցը եզրափակում է Գեւորգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter