HY RU EN

Գագիկ Աղբալյան

Կանաչ տարածքը «մաքրվել» է շինարարության համար

Իջեւանի բնակիչ, «Իջեւան» սրճարանի սեփականատեր Խաժակ Թանանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ երկու օր առաջ ոստիկանության պահպանության ներքո, «բնաջնջվել է» մարզկենտրոնի ուղիղ կենտրոնում՝ քաղաքապետարանի դիմաց գտնվող այգու կանաչ գոտին:

Երեւանյան 14 հասցեում գտնվող 90 քմ մակերեսով այս տարածքը, հիշեցնենք, 2007 թվականին կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրվել է Իջեւանի բնակիչ Արտուշ Օհանյանին, որը պատրաստվում է կանաչ տարածքում առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցել: Մինչ այդ, սկսած 1998 թվականից, նշված 90 քառակուսու եւ հարակից ավելի մեծ տարածքում սրճարան գործարկելու իրավունք էր ստացել Խաժակ Թանանյանը, քանի որ վերջինս դրան նախորդող 6 տարիներին խնամել եւ բարեկարգել էր տարածքը:

2008 թվականին Արտուշ Օհանյանը Խաժակ Թանանյանին նամակով հայտնել էր, որ հողամասն իր սեփականությունն է, սրճարանի տիրոջն առաջարկելով ազատել «ինքնակամ զբաղեցված տարածքը»: Օհանյանը նաեւ հայց էր ներկայացրել դատարան, եւ դատարանի վճռի համաձայն, ԴԱՀԿ աշխատակիցների ներկայությամբ, Թանանյանն ապամոնտաժել էր կանաչ տարածքում առկա տաղավարները: Սրճարանի սեփականատերը թողել էր կանաչով պատված զրուցարանները, որոնց վերաբերյալ դատարանը որեւէ վճիռ չի կայացրել:

Եվ ահա շաբաթ օրը վարձակալ Արտուշ Օհանյանը ոստիկանների ներկայությամբ ապամոնտաժել է նաեւ զրուցարաններն ու բուսականությունը: Խաժակ Թանանյանը դեպքի մասին մանրամասներ է պատմում. «Մի քանի օր առաջ ես ոստիկանությունից «հրավեր» ստացա, որպեսզի ներկայանամ` բացատրություն տալու այս գործի առթիվ: Արտուշ Օհանյանը դիմել էր ոստիկանությանը, որպեսզի ոստիկանների ուղեկցությամբ քանդեն տարածքը: Այսինքն՝ ապամոնտաժեն: Այդպես էլ արեցին, ոստիկանների ներկայությամբ: Ոստիկաններն ինձ «բացատրեցին», որ պաշտպանում են Արտուշ Օհանյանի անվտանգությունը: Երեւի ինձնից»,- պատմեց Խաժակ Թանանյանը:

Նա ոստիկանությանը տված բացատրության մեջ հայտարարություն է արել ընդդեմ Իջեւանի քաղաքապետարանի, նշելով քրեական հանցագործություն կատարելու մասին որոշ տեղեկություններ: «Գործն ընդունեցին, որպեսզի փոխանցեն դատախազություն, սակայն ասացին, որ միայն ապամոնտաժելուց հետո են զբաղվելու քրեական գործ կազմելու նյութերով: Ես խնդրեցի, որ հետաձգեն ապամոնտաժելու գործողությունը, քանի որ համոզված եմ՝ այն, ինչ ժամանակին արվել է քաղաքապետարանի կողմից, Արտուշ Օհանյանին այդ կանաչ տարածքում շինություն կառուցելու թույլտվությունն անօրինական է: Խնդրանքս անօգուտ էր: Քանդեցին այն պահին, երբ ես դեռ ոստիկանությունում իրենց հետ քննարկում էի այս հարցը: Սա հին ոստիկանական հնարք է. կանչում են, սուտ զրուցում, զբաղեցնում եւ իրենց սեւ գործն անում»,- ասաց Խաժակ Թանանյանը:

Նշենք, որ 90 քմ-ի շուրջ տեղի ունեցած դատական պրոցեսներին որպես երրորդ անձ ներգրավվել է Իջեւանի քաղաքապետարանը: Համայնքի գործող իշխանությունները դատարանում պնդել են, որ մրցույթի կազմակերպիչ, նախկին քաղաքապետ Ներսիսյանը թույլ է տվել օրենքի խախտում:

Այս թեմայով կարդացեք նաեւ՝ Շատ կարեւոր 90 քառակուսի մետր. կանաչ տարածքը դրվել է կառուցապատման