HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանը ընդառաջեց լրագրողներին

Հոկտեմբերի 29-ին, ի զարմանս մեզ, Հայաստանի վճռաբեկ դատարանը բավարարեց «Հետաքննող լրագրողներ»-ի վճռաբեկ բողոքը եւ բեկանեց Վերաքննիչ դատարանի ս/թ սեպտեմբերի 16-ի վճիռը՝ այն ուղարկելով նույն դատարան նոր քննության՝ նոր կազմով:

«Հետքը» բազմիցս գրել է Երեւանի քաղաքապետարանի դեմ սկսած իր դատական գործի մասին, որի պատճառը քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից նախկին քաղաքապետերի՝ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի հանրային այգու հողատարածքների հատկացումների մասին որոշումների տրամադրման մերժումն էր: Ասում ենք «ի զարմանս», որովհետեւ մեկ տարի շարունակվող վարչական եւ դատական քաշքշուկը ցույց տվեց, որ «արդարադատության իրականացումը» կամ լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքի իրականացումը կախված է պետական մարմնի, պաշտոնյայի կամքից: Իզուր էին կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանն ու փաստաբան Արա Զոհրաբյանը միջազգային փաստաթղթերը, ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները վկայակոչում՝ իրենց պահանջի իրավացիությունը դատավորներին ցույց տալու համար: Որովհետեւ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանին ոչ մի օրենք էլ պետք չեկավ՝ լրագրողի հայցը մերժելու եւ այդ մերժումը հիմնավորելու համար: Նա բավարարվեց քաղաքապետարանի «պատճառաբանություններով»: Իսկ Վերաքննիչ դատարանի նախագահ Նոյեմ Հովսեփյանը «տակից դուրս գալու» համար ընդհանրապես փոխեց դատական քննության ուղղությունը եւ դուրս գալով հայցի շրջանակներից՝ դարձյալ անհիմն մերժեց բաց փաստաթղթերը ստանալու լրագրողի պահանջի բավարարումը:

Վճռաբեկ դատարանի կողմից «Հետաքննող լրագրողներ»-ի հայցի բավարարումը նշանակում է, որ առաջին երկու ատյանները սխալ վճիռներ են կայացրել: Դա նշանակում է, որ լրագրողները փոքրիկ, նախնական հաղթանակ են տարել: Բայց դա նաեւ նշանակում է, որ դեռ երկար ժամանակ (նոր քննությունը Վերաքննիչ դատարանում երկու ամսից շուտ չի սկսվի, իսկ սկսվելու դեպքում դարձյալ կարող է ձգձվել ամիսներ) լրագրողները չեն կարողանա ստանալ հասարակական հնչեղություն ունեցող հարցին առնչվող փաստաթղթերը: Միեւնույն ժամանակ, սակայն, դա չի երաշխավորում մեր հաղթանակը Վերաքննիչ դատարանում նոր քննության ժամանակ:

Մենք անչափ ուրախ կլինեինք, եթե Վճռաբեկ դատարանի որոշումը, իրոք, «ինքնաբուխ», անկողմնակալ, արդար քննության արդյունք լիներ: Բայց, ցավոք, մեր ունեցած տեղեկությունները հիմք են տալիս կարծելու, որ այն «պարտադրված որոշում է» կամ «վերեւից եկած հրահանգ՝ դատական ֆարսին վեջ տալու»: Երկու ամսվա ընթացքում վերաքննիչ դատարանը պետք է որոշի' քաղաքապետարանին պարտադրել տալ տեղեկությունները, կամ նորից ինչ-ինչ պատաճաներով մերժել լրագրողների հայցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter