
Արմեն Սարգսյանն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է հրաժարականի դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
«Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին»,- ասված է հաղորդագրության տեքստում։
Կարեն Կարապետյանը վարչապետ էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ըստ Սահմանադրության՝ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները բավական ընդլայնվել են՝ նա է գլխավորում անվտանգության խորհուրդը, Զինված ուժերը ենթարկվում են Կառավարությանը, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել