HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

Փոթորիկ մի բաժակ ջրու՞մ

Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Գայի փողոցի թիվ 5 շենքի բնակիչների գրավոր վկայությամբ' այս տարվա գարնանից իրենց նկատմամբ տեռոր է սկսվել: Շենքում ապրում են 40 ընտանիքներ: Նոր Հաճընի քաղաքային առեւտրի վարչության նախկին տնօրեն Գարմեն Մխիթարյանն, իր բարեկամների անվան տակ, տարիների ընթացքում սեփականաշնորհել է քաղաքի առեւտրի բոլոր նախկին օբյեկտները, ապա, վերակառուցելով իբրեւ բնակելիներ, վերավաճառում է' ստանալով հսկայական շահույթ: Գարմեն Մխիթարյան ԱԺ «Օրինաց Երկիր» պատգամավորական խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանի հայրն է:

Սակայն հաճընցիների դժգոհության եւ զայրույթի առարկան ոչ թե Գարմեն Մխիթարյանի բիզնեսն է, այլ իրենց կյանքի անվտանգության հիմնահարցը:

Նոր Հաճընի Գայի փողոցի թիվ 5 շենքի առաջին հարկը, որը խորհրդային տարիներին եղել է առեւտրի օբյեկտ, Գ. Մխիթարյանի սեփականությունն է: Այստեղ, պատվիրատուների պահանջով, նա գարնանը սկսել է հիմնավերանորոգում' քանդելով շենքի կրող կոնստրուկցիաները պահող բոլոր հիմնական պատերը:

Բնակիչները, մտահոգված իրենց կյանքի անվտանգության խնդրով, բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին' մինչեւ իսկ հանրապետության Նախագահին: Եվ ամեն անգամ նույն տեղապտույտը. ամենաբարձր ատյանին ուղղված բողոքը վերադառնում է Նոր Հաճընի քաղաքապետարան: Քաղաքապետ Արմեն Քեշիշյանը 2004թ. օգոստոսի 8-ին բնակիչներին տված պատասխանում վստահեցնում է. «...առաջին հարկում կատարվող վերակառուցման աշխատանքները դադարեցվել են մինչեւ համապատասխան նախագծային փաստաթղթերի ներկայացումը եւ վերակառուցման թույլտվություն տալը»:

Այսինքն' պատասխանն ընդամենը փաստում է, որ շինարարությունը դադարեցված է: Իսկ շինարարության արդյունքում մի քանի բնակարանների պատերին օրեցօր խորացող ճաքեր են:

«Աշխատանքները դադարեցվել են»,-վստահեցվում է Նոր Հաճընի քաղաքապետարանի 2-րդ պատասխանում (8 սեպտեմբերի ) , որը կրում է «Հ. Բալասյան» ստորագրությունը: Պատասխանի «ամենաարժեքավոր» մասը վերջին պարբերությունն է. «Իրականում աշխատանքները կատարվում են առանց համապատասխան փաստաթղթերի, որի համար էլ դադարեցվել է շինարարությունը մինչեւ փաստաթղթերի լրիվ ձեռքբերումը»: Այս գրավոր պ ատասխանը կրկին արձանագրում է, որ քաղաքապետարանը հարյուրից ավելի բնակիչների շահերը ստորադասում է մեկ քաղաքացու բացահայտ ապօրինությանը:

Կատարվող անօրինականության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զ. Թադեւոսյանը Կոտայքի մարզի դատախազ Գ. Միքայելյանին պաշտոնապես հայտնել է. «Ձեր քննարկմանն է ուղարկվում քաղ. Մ. Տոնոյանի եւ մյուսների դիմումը' Գայի փողոցի թիվ 5 շենքի առաջին հարկում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ...»:

Գայի փողոցի թիվ 5 շենքի բնակիչները դիմել են նաեւ Արտակարգ իրավիճակների վարչության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն: Շենքերի խոցելիության գնահատման բաժնի վարիչ Գուրգեն Նամալյանը բողոքի առիթով ասաց. «Ցանկացած շենքում վերակառուցողական աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված կարգով, հաստատված նախագծի հիման վրա: Այն, ինչ կատարվում է Նոր Հաճընում, ցավոք, մենք վերահսկելու իրավունք չունենք: Այդ լիազորությունները տրված են քաղաքաշինության նախարարության վերահսկողական կառույցին»:

Պարզվեց, որ Կոտայքի մարզի բնակիչները վերահսկողության լիազորություն ունեցող այս մարմին էլ են դիմել: ՀՀ քաղաքաշինության նախարարին հասցեագրված դիմում-բողոքը նախարարությունում կորել է:

Հաճընցիները պատմում են, որ քաղաքապետարանի կողմից «աշխատանքները դադարեցնելուց հետո» Գ. Մխիթարյանը սկսել է կառուցել գիշերով: Նրանք անհանգստացած են, որ մի գեղեցիկ օր ապօրինի կառույցը ավարտին կհասցվի, եւ որպես ինքնակամ շինություն' կօրինականացվի: Չի բացառվում նաեւ, որ շինարարությունը չընդհատելով' Գ. Մխիթարյանն իր հզոր «տանիքով» բոլոր թղթերն արդեն դասավորած լինի եւ բնակիչներին ներկայացնի «համապատասխան նախագծային փաստաթղթերը»:

Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում զայրացած ասաց, թե ինքը գիտե' ով է «բողոքների իսկական հեղինակը» եւ ավելացրեց. «Մնացական Տոնոյանը: Շենքի բնակիչները, բացի իրենից, այլեւս չեն բողոքում»:

Ըստ քաղաքապետի' վերոնշյալ հասցեում սեփականատեր Գարմեն Մխիթարյանը ոչ մի հիմնական պատ չի քանդում, ընդամենը եվրավերանորոգում է կատարում' վերացնելով միջնորմները, փոխելով պատուհանները, իսկ դրա համար անհրաժեշտ չեն նախագծային փաստաթղթեր: Քաղաքապետը մոռացել է, որ իր ստորագրությամբ փաստաթղթի մեջ արձանագրված է «վերակառուցում» բառը: Ա. Քեշիշյանը տեղեկացրեց նաեւ, որ «արդիականացման» ընթացքում Գ.Մ.-ն հիմնավերանորոգել է բազմաբնակարան բնակելիի կոյուղու, ջեռուցման համակարգերը: Իհարկե, սեփականատերը այդ ծախսատար նորոգումը առաջին հերթին իր համար է կատարել, նոր միայն' բնակիչների: Եթե անգամ ընդունենք, որ Գայի փողոցի թիվ 5 շենքի առաջին հարկում այժմ «կոսմետիկ» վերանորոգում է կատարվում, միեւնույն է չգիտենք, թե ի՞նչ է եղել կոնստրուկցիաները կրող հիմնական պատերը քանդելուց հետո. արդյո՞ք դրանք նախկին տեսքի են բերվել կամ ամրացվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter