HY RU EN

Արաքս Մամուլյան

Անուշ Լալայանը արագաչափ սարքից վարտիք է կախել ու կարծում է, որ իրավապահներն իրեն դրա համար են անհանգստացնում

«Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը կարծում է, որ ապրիլի 7-ին ոստիկանության մի խումբ ծառայողների այցն իրենց բնակարան կապված է ապրիլի 6-ին իր կողմից իրականացված ակցիայի հետ: Լալայանը ապրիլի 6-ին Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք է կախել, որի հաջորդ օրն, առավոտյան արդեն ոստիկանության աշխատակիցներն այցելել են նրանց բնակարան:

Մեզ հետ զրույցում Անուշ Լալայանը նշեց, որ վարտիքը, որ կախել է արագաչափից, խորհրդանշական է.

«Սերժ Սարգսյանը և իր կլանն այդ ամբողջ տարիների ընթացքում կեղեքում ու թալանում են ժողովրդին, ու մարդկանց թողել են միայն մի վարտիքով: Ես էլ հանեցի վերջին վարտիքն ու տվեցի նրանց, որ ուղղակի գնան»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Լալայանը:

Վերջինս իր կողմից իրականացված ակցիայի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, և կատարել հետևյալ գրառումը.

«Չէ, չենք փակել, ոչ էլ ինչ-որ բան ենք փչել, այլ թողել ենք մի փոքրիկ խորհրդանշական նվեր #ՄերժիրՍերժին#ԻմՔայլը»:

Մեզ հետ զրույցում Լալայանը մեկնաբանեց, որ ինքն իր առջև նպատակ չի դրել խոչընդոտել արագաչափի բնականոն աշխատանքը:

Տեղի ունեցածից հետո` հաջորդ օրն, ինչպես արդեն նշեցինք, ոստիկանության մի քանի աշխատակից այցելել են Անուշ Լալայանի բնակարան, սակայն վերջինս աշխատանքի է եղել, որից հետո մորից վերցրել են նրա հեռախոսահամարն ու, զանգահարելով Անուշին, պահանջել հայտնել իր աշխատանքի վայրը: Անուշը, սակայն, հրաժարվել է որևէ տվյալ հայտնել ու պահանջել, որպեսզի օրենքի հետ խնդրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով իրեն ծանուցագիր ուղարկեն: Նշենք, որ մեզ հետ զրույցում Անուշ Լալայանը հայտնեց, որ առ այսօր ծանուցագիր չի ստացել:

Ապրիլի 7-ին Լալայանը տեղի ունեցածի մասին բարձրաձայնել էր, և մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Լալայանի աշխատանքի վայրի հարակից տարածքում՝ այսպիսով ցույց տալով, որ նրա հետ են և պատրաստ են պայքարել, որպեսզի նրա նկատմամբ ապօրինական որևէ քայլ չկատարվի:

Ոստիկանությունն այդ օրը այլևս չփորձեց կապվել Լալայանի կամ նրա ընտանիքի անդամների հետ, իսկ հաջորդ օրվանից սկսած՝ մի խումբ քաղաքացիներ սկսեցին արագաչափերի հետ կապված տարաբնույթ ակցիաներ իրականացնել՝ ի պաշտպանություն Լալայանի:

Ապրիլի 7-ին «Հետքը» կապ հաստատեց Ոստիկանության հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են իրավապահներն այցելել Լալայանի բնակարան։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ոստիկաններն այցելել են Լալայանի բնակարան վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով, սակայն հրաժարվեցին հայտնել, թե կոնկրետ ինչ իրավախախտման մասին է խոսքը:

Այսօր հերթական անգամ կապվեցինք Ոստիկանության լրատվական բաժնի հետ՝ փորձելով հստակեցնել Լալայանի կողմից կատարված ենթադրյալ իրավախախտումը և արդյոք իրավախախտումը կապ ունի Լալայանի կողմից արագաչափ սարքից վարտիք կախելու դեպքի հետ, սակայն հերթական անգամ ոստիկանությունից հրաժարվեցին կոնկրետ տեղեկություն հայտնել՝ ո՛չ հերքելով, և ո՛չ էլ հաստատելով այդ հանգամանքը:

«Իրենից հարցրեք»,- ի պատասխան «Հետք»-ի հարցին՝ ասացին Ոստիկանությունից:

Նշենք, որ մենք գրավոր հարցում ենք ուղարկել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին՝ փորձելով ստանալ մեր հարցերի պատասխանները, ինչպես նաև ճշտել, թե արդյոք արագաչափից վարտիք կախելու հանգամանքը որևէ կերպ խոչընդոտել է սարքի աշխատանքը և տեսանկարահանում իրականացնելու գործընթացը: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք:

Նշենք նաև, որ Անուշ Լալայանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, իրենց բնակարան ոստիկանության այցը, որի նպատակն, ըստ քաղաքացու, իրեն վախեցնելն է եղել, իր նպատակին չի ծառայել, քանի որ ինքը շարունակել է խաղաղ պայքարը: