
Գյուղացիները կարող են չվճարել ոռոգման ջրի համար, եթե մատյանում չեն ստորագրել
Ավարտին են մոտենում գարնան նախապատրաստական աշխատանքները։ Ջրամբարների լցվածությունը կազմում է 52%: Համեմատության համար նշենք, որ 2016թ. այս ժամանակահատվածում ջրամբարների լցվածությունը եղել է 65%:
Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասաց, որ ներկա պահին Հայաստանի ջրամբարներում կա շուրջ 460 մլն խմ ջուր, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարբերությունը կազմում է մոտ 27 մլն խմ: Շեղումը բացասական է:
Անդրադառնալով սպասարկման որակին` Արսեն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ջուրը սահմանափակ է, և պետք է ճիշտ բաժանեն: Հարցին, թե արդյոք գյուղացուն հետաքրքրում է, թե ծառայություն մատուցողն ինչպես կիրականացնի ջրի բաշխումը, երբ իր տարվա բերքն է փչանում ջուր չլինելու պատճառով, Արսեն Հարությունյանն ասաց, որ դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Մասնավորապես՝ նախորդ տարի մոտ 4 ամիս անձրևներ չեն եղել, ջրամբարներն էլ եղել են թերլցված:
«Անցյալ տարի Արարատյան դաշտում արևի տակ 50 աստիճան տաքություն էր, ֆորս-մաժոր էր: Դրանից խուսափելու համար այս տարի խորքային հորեր ենք հորատում, շարժական պոմպակայաններ ենք աշխատացնելու, դա է լուծումը: Իսկ թե ինչու նախորդ տարի դրան չէինք պատրաստվել, եթե ջրամբարները թերլցված են եղել, ասեմ, որ սարերում ձյուն կար, հույս ունեինք, որ ձյունը անձրևներով կուղեկցվի, կլցվի ջրամբար և մենք խնդիր չենք ունենա: Բայց միանգամից արևը գոլորշացրեց: Այս տարի սարերում ձյուն չկա, մենք դրան պատրաստվում ենք»,- ասաց ջրային պետական կոմիտեի նախագահը: Նրա փոխանցմամբ՝ խորքային հորերով չեն կարողանա ամբողջությամբ կարիքները բավարարել, բայց հիմնական հարցը փորձելու են լուծել:
Այս տարի Արմավիրի մարզում նախատեսվում է հորատել 24 խորքային հոր, կվերականգնվեն 13-ը: Ձեռք կբերվեն նաև 20 շարժական պոմպեր՝ մոտակա գետերից և լճակներից ջուր վերցնելու համար։
Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքներում իրականացվելու է փակ ցանցով ջրամատակարարման ծրագիր, քանի որ այնտեղ հիմնականում գերնորմատիվային հողեր են և նորմայից շատ ջուր է պահանջվում: Ծրագրի արժեքը 2 մլն դոլար է, որը վարկային միջոց է: Այդ տարածքում 560 հա հողերից օգտագործվում է միայն 45 հա:
Դրվելու է արևային պանել՝ ավտոմատ հաշվիչով և օնլայն հետևելու են, թե քանի անգամ, որքան ջուր է օգտագործել հողօգտագործողը: Եթե վերջինս չվճարի վարձավճարը, համակարգը հնարավորություն կտա ավտոմատ անջատել ջրամատակարարումը:
«Այդ տարածքներում ջուրը միանգամից իջնում է ներքև: Պետք է բազմամյա տնկիներ դրվեն, քանի որ ջուրը ներքևում է մնում, այնտեղ խոնավ է: Բայց գյուղացիներն ասում են, որ մենք դարերով պոմիդոր, լոլիկ, կաղամբ ենք ցանել, մենք դա ենք տեսել, ինչ ծառի մասին է խոսքը: Կամաց-կամաց պետք է այդ մշակույթը փոխվի, որ հասկանան, թե որ տարածքում ինչ պետք է ցանեն»,- ասում է Արսեն Հարությունյանը և հավելում, որ այդ տարածքում մշակաբույս ցանելու դեպքում տարբերակներից մեկը կաթիլային ոռոգման համակարգին անցնելն է:
Ջրային պետական կոմիտեի նախագահի խոսքերով՝ համայնքներ կան, որտեղ 45 անգամ ոռոգում են իրականացնում, ինչը չափից շատ է: 2017թ. գերնորմատիվային ջրերից հանվել է 800 մլն դրամի հասույթը, որպեսզի նման հողեր ունեցող գյուղացիների արտադրած գյուղմթերքը ջրի շատ օգտագործման պատճառով ավելացած վարձավճարը չազդի արտադրանքի վերջնական գնի վրա: Արսեն Հարությունյանը հույս հայտնեց, որ այս տարի այդ ծրագիրը ևս կշարունակվի:
Ա. Հարությունյանը նշեց, որ իր չսիրած թեման Սևանա լճից ջուր բաց թողելն է, քանի որ ամենաշատն ինքն է քարկոծվում: Սակայն, եթե անհրաժեշտությունը լինի ստիպված պետք է լրացուցիչ ջուր վերցնեն լճից: Նրա խոսքով՝ 2019թ. տարեվերջին նախատեսվում է ավարտել Արփա-Սևան թունելի շինարարությունը և դրա հաշվին ամեն տարի Սևանա լճի մակարդակը բարձրացնեն 10սմ-ով:
«Այնպես չէ, որ մենք կարողանալու ենք Սևանը հավերժ բարձրացնել: Այսօր Սևանի մակարդակը 1900 մ 55 սմ է, միջինում գոլորշացումը օրական կազմում է 1 մլն խմ: Արփա-Սևան թունելի «շրթունքը» 1902 մ 60 սմ է: Եթե գա այդ շեմին, մենք պետք է այդ շեմը պահենք և ջուրը բաց թողնենք, որովհետև բարձրի դեպքում լցվելու է թունել և քայքայելու է: Իսկ այդ թունելը մեր Սևանա լճի աորտաներից մեկն է»,- հավելեց Ա. Հարությունյանը:
Այս տարի կոմիտեն պաշտպանության նախարարությունից խնդրելու է «դրոններ», որպեսզի գույքագրեն հողատարածքները՝ թաքնված ջրօգտագործման դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ այս պահին հանրապետությունում 26 հազար 100 հա հողատարածք հնարավոր է դարձնել ոռոգելի, որի համար անհրաժեշտ է 29,5 մլրդ դրամ: Միջինը 1 հա ոռոգում ապահովելու համար անհրաժեշտ է լինելու 1,1 մլն դրամ: Ամենամատչելին Շիրակի մարզում է՝ 1 հա 495-500 հազար դրամ: Ծրագիրը սկսելու են հենց մատչելի համայնքներից: Դրան զուգահեռ Արարատյան դաշտավայրում շուրջ 24 հազար հա հողատարածք հնարավոր է ոռոգել, ջուրը կա, սակայն հողերը չեն ոռոգվում: Այլ կերպ ասած` այդ հողերը չեն մշակվում:
Անդրադառնալով ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրմանը` Արսեն Հարությունյանն ասաց, որ 2017թ. ռեկորդային թվեր են ունեցել, հասույթի առումով 28% աճ, իսկ վարձավճարների հավաքագրումը կոմիտեի պատմության մեջ եղել է աննախադեպ բարձր: Մասնավորապես Արմավիրի տարածաշրջանում բավականին ցածր է եղել գումարների հավաքագրումը:
Նախորդ տարի ունեցել են նաև ջրի կորուստների նվազեցում: Արսեն Հարությունյանը նշեց, որ տեղադրվել են հաշվիչներ: Ամբողջ երկրի տարածքը չափիչ սարքերով ապահովելու համար անհրաժեշտ է 2100 ջրաչափ, որպեսզի մինչև համայնք մտնող ջրի նկատմամբ հսկողություն սահմանեն: Այժմ տեղադրված է 80 հաշվիչ խոշոր օգտագործողների տարածքում, ինչի հաշվին էլ կորուստները նվազել են: Նշեց նաև, որ վերանորոգել են 52 կմ մայր և երկրորդային կարգի ջրանցքներ, ինչը ևս նպաստել է կորուստների նվազեցմանը:
Արսեն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ջուր չմատակարարելու պատճառով պատճառված վնասները հատուցելու պահանջով որևէ գյուղացի ընդդեմ ջրպետկոմի, դիմե՞լ է դատարան: Պատասխանը բացասական էր. «Իրենք էլ են ըմբռնումով մոտեցել, մենք ինչ կարող էինք անել»:
Արսեն Հարությունյանն ասաց, որ ջրային պետական կոմիտեն դիմում է դատարան միայն այն բաժանորդների դեմ ովքեր ջուրը փաստացի ստացել են և չեն վճարել դրա դիմաց: Իսկ այն բաժանորդը, ում բերքը ծառի վրա չորացել է ու բերք չի ստացել, այդ մարդուն չեն կարող «դատի տալ»:
«Եթե մարդն ասում է՝ մատյանում չի ստորագրել, որ ջուր է ստացել, մենք չենք կարող նրա նկատմամբ միջոցառում ձեռնարկել: Դատի տվեցինք, գալու է դատարան, ինչի՞ շուրջ ենք խոսելու: Մենք պարտքը հաշվարկում ենք մատյանում կատարած ստորագրությունների հիման վրա: Ես բազմիցս ասել և նորից եմ ասում, եթե ունենք բաժանորդներ, որոնք կարող են հիմնավորել, որ մատյանում ընդհանրապես չեն ստորագրել, կամ ստորագրությունն իրենցը չէ և ՋՕԸ-ն կամ ջրբաշխն իրենցից գումար է պահանջում, անձամբ ես պատրաստ եմ նայել այդ բաժանորդի գործը և հարցին լուծում տալ»,- ավելացրեց կոմիտեի նախագահը:
Մեկնաբանել