HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

«Քաղաքապետը խլեց մեր հողերը»

Գանգատվում էին խմբագրություն դիմած հաճընցիները: Թե ինչ հողերի մասին է խոսքը, պարզաբանում է Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը:

«Խոսքը 15 հա-ի մասին է: Այդ հողերը պատկանել են հարեւան Նոր Գեղիի գյուղական համայնքին: Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Գեւորգ Ասատրյանը եւ Նոր Գեղիի գյուղապետը, փոխհամաձայնության գալով, պայմանագիր են կնքել, ըստ որի խնդրահարույց այգիները վարձակալական հիմունքներով մշակելու էին հաճընցիները»:

Նախկին քաղաքապետն, ըստ հաճընցիների, հողերը բաժանել է սոցիալական արդարության սկզբունքով. յուրաքանչյուր ընտանիքին' 150 քառ. մետր: Հողագործներն այգիներն աչքի լույսի պես խնամել, ծառեր են տնկել, հողը բերրիացրել, բերք ու բարիքով ուրախացել, թեթեւացրել են իրենց սոցիալական հոգսերը:

Նոր Հաճընում մարդկանց մեծամասնությունը գործազուրկ է, ուստի այգեգործությունը նրանց համար փնտրված զբաղմունք է: Դե ֆակտո տնօրինելով այդ հողատարածքները' այգեգործները չեն մտահոգվում դրանց հետագա ճակատագրով. չեն փորձում մասնավորեցնել դրանք: Փորձելու դեպքում էլ, հավանաբար, հաջողության չէին հասնի, քանի որ դրանք գտնվում էին ուրիշ գյուղական համայնքի հաշվեկշռում:

Երբ Նոր Հաճընի քաղաքապետ է դառնում Արմեն Քեշիշյանը, վերջինիս հավաստմամբ, կրկին օրախնդիր է դառնում վիճահարույց հողերի պատկանելության հարցը: Երկու համայնքների ղեկավարների քննարկումներից հետո որոշվում է նոր Գլխավոր հատակագիծը կազմելիս այդ հողերը ներառել Նոր Հաճընի համայնքային սահմաններում: Բայց, պայմանով, որ այգեգործները պետք է վճարեն իրենց այգիների վարձավճարները' համաձայն երկու համայնքների միջեւ կնքված պայմանագրի: Սակայն ոչ ոք չի ուզում վճարել պարտք վարձավճարը' յուրաքանչյուր տարվա համար մոտավորապես 1000 դրամ: Մեկ միլիոն երեք հարյուր հազար դրամ պարտք գումարը, ի վերջո, մուծում է քաղաքապետարանը, ապա Ա. Քեշիշյանի նախաձեռնությամբ, համայնքի սեփականություն դարձած հողատարածքի շինարարական նախագիծ է պատվիրվում «Հայգյուղնախագիծ» ինստիտուտին:

Ինչ վերաբերում է այգեգործ-հաճընցիների հնչեցրած մեղադրանքին, թե քաղաքապետը խլել է այդ տարածքները եւ «ջրի գնով վաճառել» իր հարազատներին ու բարեկամներին, Ա. Քեշիշյանն ասում է, որ դա ընդամենը «կլյաուզիա» է:

Մեկ հարցում, սակայն, համընկնում են իշխանության եւ քաղաքացիների տրամադրած տեղեկությունները. կառավարության համապատասխան որոշումից հետո այդ հողերը, 1000 մետրը' մոտավորապես 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գնով, վաճառվելու են աճուրդով:

Այստեղ փոքր-ինչ ընդմիջենք այգիների պատմությունը' ներկայացնելու համար հաճընցիների մտավախությունը: Հասկանալի պատճառներով' նրանց անունները չենք տալիս, ընդամենը փորձում ենք վերապատմել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն' Նոր Հաճընում աճուրդներն անցկացվում են նախօրոք գրված սցենարով, որտեղ չի խախտվում օրենքի եւ ոչ մի տառ. աճուրդն սկսվում է ճիշտ սամանված մեկնարկային գներով, որին մասնակցում են մեկից ավելի քաղաքացիներ: Հետո աճուրդը շարունակվում է այնպես, ինչպես հարմար է կազմակերպիչներին. եթե վաճառվող օբյեկտը գնելու է յուրային, ապա այն վաճառվում է համարյա մեկնարկային գնով (մասնակիցներից եւ ոչ մեկը գին չի բարձրացնում): Եթե հիմնական գնորդը, որի մասին արդեն վաղօրոք հայտնի է կազմակերպիչներին, իրենց մարդը չէ, ապա երեւան է գալիս «գին բարձրացնող մասնակիցը»: Տարիներ առաջ կազմակերպված նման աճուրդներից մեկում, պատմում են հաճընցիները, կիսակառույց մի օբյեկտ մակերեսով իրեն բազմապատիկ գերազանցող ավարտված շինությունից մի քանի անգամ ավելի թանկ գնով է «վաճառվել», որովհետեւ «էժան» օբյեկտը գնել է քաղաքապետի օգնականի դրածոն: Ի դեպ, Նոր ՀաՃընի քաղաքապետին խնդրեցինք հիշատակված աճուրդի մասին մեզ տեղեկություններ տրամադրել, սակայն խնդրանքն առանձնապես «չոգեւորեց» նրան: Ուստի, չենք կարող համեմատել այդ օրը վաճառված օբյեկտների գները, վերլուծություն անել եւ գնահատական տալ:

Կարծում ենք' եթե քաղաքապետն ունենար մեր տեղեկությունները հերքող անառարկելի ապացույցներ, ապա ինքն ավելի շահագրգռված պետք է լիներ դրանք ներկայացնելու, եւ դա կաներ անհապաղ: Այս ամենից հետո, ելնելով Նոր Հաճընում անցկացվող աճուրդների ծանոթ սցենարից, կարող ենք այգիների սպասվող աճուրդի մասին էլ իրատեսական կանխատեսումներ անել. հողերը կգնեն ունեւոր հաճընցիները: Բայց սա' լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքու՞մ:

Այգեգործների քրտինքով մշակված 15 հա հողատարածքը կդառնա մեկ կամ մի քանի փողի տոպրակների սեփականությունը:

Միգուցե Նոր Հաճընի հետ ծագումնաբանական կապ չունեցող նորահարուստները, իրենց կապիտալը բազմապատկելու նպատակով, խոշոր ներդրումներ անեն, եւ մի օր «մահճակալի գլուխներով ցանկապատված» գյուղական կոլորիտը իսպառ վերանա, ու փոխարենը հառնի նոր «Վահագնավանը'» ժամանակակից ենթակառուցվածքներով... է~հ, դրանից գործազուրկ ու թշվառ հաճընցուն ի՞նչ: Լավագույն դեպքում նա կարող է հեռանալ ռուսաստաններ ու ամերիկաներ, իհարկե, եթե ճամփի փող ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter