HY RU EN

Սեդա Ղուկասյան

Վանաձորում ծառեր են հատվել՝ գործարանի նոր արտադրամասի ելումուտը ապահովելու համար

Վանաձորի բնակիչ Կորյուն Շեկոյանն ահազանգում է ապօրինի ծառահատման մասին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ հայտնելով, որ Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի կեսդարյա ծառերը հատվել են։

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ծառերը փոխարինվելու են նոր ծառերով և ավելի մեծ քանակությամբ, իսկ այդ հին ծառերի դիրքը, պարզվում է, խանգարել է գործարարին՝ ընդլայնելու իր գործարանը։

««Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն իր գործարանն ընդլայնում է, մոտ 1000 աշխատատեղ պետք է ստեղծի, իսկ արտադրական նոր տարածքները մուտք չունեն, ապրանքը տանող-բերող բեռնատարները մուտք չունեին արտադրամաս։ Այդ յոթ-ութ ծառի համար թույլտվություն է տրվել, որպեսզի հատվի, բայց դրա փոխարեն հարյուրից ավելի նոր ծառ է տնկվելու։ Այսօր արդեն նոր ծառերի սխեման ներկայացրել ենք, ու այդ ամենն օրինական է», - ասաց Ասլանյանը։

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ Վանաձորում հին ծառերը շատ են, որոնք «ենթակա են սահուն փոփոխման»:

«Նույնիսկ մարդկանց համար են վտանգ ներկայացնում, երեկ էլ երաժշտական ուսումնարանի մոտ էր նման մի դեպք եղել, ծառը այնպես էր թեքվել, որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում։ Դրանք այնպիսի պրոցեսներ են, որ անընդհատ տեղի են ունենալու, իսկ տվյալ դեպքի հետ կապված՝ գործարարը ներկայացրել է բարեկարգման սխեմա, մենք հաստատել ենք այն, և դրա փոխարեն մոտ ութսուն մշտադալար ծառեր են տկվելու և մոտ 1000 քառակուսի մետր կանաչապատ գոտի է ստեղծվելու այդ արտադրական տարածքների դիմաց»,- ասաց նա։

Մեր հարցին՝ որքանո՞վ է արդարացված գործարանի նոր արտադրամասի ելումուտն ապահովելու համար ծառեր հատելը, Ասլանյանը պատասխանեց․

«Այնքանով է արդարացվում, որ այդ ծառերի փոխարեն, մեկի փոխարեն տասը ծառ է տնկվելու»։

Հիշեցրինք, որ հատվող ծառերն առողջ են եղել, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց՝ ամեն ինչ եղել է օրինական․

«Մենք ունեինք բնապահանության համապատասխան մասնագետների թույլտվությունը և եզրակացությունը, մինչև չունենայինք ինքնուրույն նման եզրակացության չէինք գա, իսկ ծառերի վիճակի և նրանց էկոլոգիական բնութագրիչների մասին տեղեկություններ չեմ կարող տալ», - ասաց նա։

Լուսանկարը՝ Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջից