
ԵՊՀ-ում խոչընդոտել են «Իմ քայլ»-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիայի իրականացմանը
ԵՊՀ մի խումբ ուսանողներ (20-25 մարդ) այսօր փորձել են ապրիլի 13-ին «Իմ քայլը» շարժման հրավիրած հանրահավաքի եւ այդ օրը ուսանողների կողմից նախատեսվելիք դասադուլի մասին իրազեկման ակցիա իրականացնել Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ), սակայն հանդիպել են խոչընդոտների:
Ակցիայի մասնակիցներից Աստղիկ Քեշիշյանի տեղեկացմամբ` երբ իրենք մուտք են գործել ԵՊՀ գլխավոր մասնաշենք, անվտանգության աշխատակիցները հարձակվել են իրենց վրա, քաշքշել, փորձել դուրս հանել:
Ժամանել է ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, որը, ըստ ուսանողի, հրահանգել է «դուրս շպրտել բոլոր նրանց, ովքեր ուսանողական տոմս չունեն»: Ուսանողների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ բախումը հարթվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանի միջամտությունից հետո: Վերջինից «Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն պրն Էմին-Տերյանը խնդրեց հարցերն ուղարկել գրավոր` խոստանալով մեկ ժամից պատասխանել (այն կհրապարակենք ավելի ուշ):
Ուսանողները դուրս են եկել ԵՊՀ-ից եւ շարժվել դեպի Տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), որտեղ փորձել են գետնին փակցնել դասադուլի մասին ցուցանակը: Այստեղ անհայտ անձինք, ըստ Աստղիկ Քեշիշյանի, հարձակվել են այն փակցնող ուսանողի վրա, հարվածել մեջքից եւ կոտրել ցուցանակը:
Միջադեպից ժամեր անց ԵՊՀ-ն տարածեց հետեւյալ հաղորդագրությունը.
«Հաշվի առնելով ԵՊՀ մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք.
- ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը:
- Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը:
Մենք համոզված ենք, որ.
- Քաղաքացին պետք է ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսևորումներով,
- Օրենսդրությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր,
- Չպետք է լինի խտրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա,
- Երկրի բարձրագույն արժեքը քաղաքացին է:
Միաժամանակ վստահ ենք, որ նշված գաղափարներն իրագործելի են իրավական հարթության մեջ, քանզի մեր երկրում գործում է Սահմանադրությունը և առկա է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող իրավական բազան:
Գիտակցելով այդ ամենը և առաջնորդվելով գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ` կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն»:
Մեկնաբանել