
«Արմենիա վայն»-ը կգնի կառավարության ավտոտնտեսության տարածքը
Կառավարության աշխատակազմին ամրացված Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող, 9562 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և հողամասն օտարվեցին «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանին:
Փետրվարի 27-ի դրությամբ գույքը գնահատվել է 958 մլն դրամ, իսկ գործարանը այն ձեռք կբերի 600 մլն դրամով:
Ընկերությունը խոստացել է 3 տարվա ընթացքում 1 մլրդ դրամի ներդրում կատարել՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ:
Գույքի վաճառքի գումարի 70%-ն ուղղվելու է պետբյուջե, իսկ 30%-ը՝ համայնքային բյուջե:
Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ պետգույքի վարչություն է դիմել «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ն՝ տեղեկացնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «Դիջիթեյն» ընկերության համար կառուցում է 11000 քառ.մետր մակերեսով գրասենյակային տարածք: Ընկերությունում աշխատելու է մոտ 1200 մարդ՝ համակարգչային ծրագրավորողներ, դիզայներներ, շուկայագետներ, հաճախորդների զանգերի սպասարկման մասնագետներ և այլն: Ընկերությունը հայտնել է, որ այդ աշխատակիցների համար կայանատեղի կառուցելու անհրաժեշտություն կա, որի համար լավագույն լուծումը կառավարության ավտոտնտեսության տարածքն է:
«Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերել այդ տարածքը, քանի որ կայանատեղի կառուցելուց բացի՝ նպատակադրված է իր համար լոգիստիկ կենտրոն կառուցել:
Մեկնաբանել