
Սոցփաթեթի շահառուների համար նույնականացման քարտի պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը կկիրառվի 2018թ. սեպտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
2018թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման էր հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը: Այն շահառուները, ովքեր սահմանված ժամկետում չէին ստացել նույնականացման քարտ, չէին կարողանում օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, ինչպես նաև սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու հնարավորությունից:
Այդ իսկ պատճառով սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման հանդիսացող նույնականացման քարտի առկայությունը սոցիալական փաթեթի շահառուների համար երկարաձգվել է մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Առողջապահության նախարարությունն էլ հաղորդում է, որ սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետև առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում։ Արդյունքում, նախկին 150-ի փոխարեն սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ կտրամադրեն Հայաստանի և Արցախի 171 բժշկական կազմակերպություն։ Դրանցից 75-ը գործում է Երևանում, 84-ը` ՀՀ մարզերում, իսկ 12-ը` Արցախի Հանրապետությունում։
Մեկնաբանել