HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այդ ժամանակներն անցան». Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատարանների նախագահների հետ

Տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի առաջին հանդիպումը դատարանների նախագահների հետ: Դատական դեպարտամենտը հայտնում է, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված և պլանավորվող միջոցառումները՝ խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո:

Միաժամանակ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու վերաբերյալ:

Հարությունյանը կարևորել է դատարանների՝ արդարադատության իրականացման հիմնական առաքելությունը՝ շեշտադրելով այն հայեցակարգը, որ դատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի:

«Ելնելով Սահմանադրության և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից՝ մենք մեր որոշմամբ արձանագրում ենք և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում հանրային իշխանության որևէ ներկայացուցչի կողմից գործը քննող դատավորի և դատարանի նախագահի հետ որևէ կոմունիկացիա՝ տվյալ գործի շրջանակներում: Սա անթույլատրելի է և ուղղակի միջամտություն դատավորի անկախությանը: Մենք չենք ընդունելու, որ իշխանության որևէ մարմին դատական իշխանությանը դիտի որպես պետաիշխանական հարաբերությունների օբյեկտ: Այդ ժամանակներն անցան: Իշխանության ցանկացած մարմին, առնչվելով դատական իշխանության հետ, պետք է նկատի ունենա, որ դատական իշխանությունը պետաիշխանական հարաբերությունների հավասարազոր սուբյեկտ է և իշխանությունների բաժանման համակարգում ունի իր առանձնահատուկ տեղը, դերը և առաքելությունը: Մենք երբեք չենք փորձի գնացքի հետևից վազողի դերակատարություն ստանձնել, և դատական իշխանությանն առնչվող ընդունման ենթակա ցանկացած իրավական ակտ պետք է անպայման նախապես դատական իշխանության ինստիտուտների կողմից արժանանա  համապատասխան արձագանքի և մասնագիտական կարծիքի»,- ասել է Գագիկ Հարությունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ խորհուրդն աշխատանքային խումբ է ձևավորելու, որպեսզի գոյություն ունեցող օրենսդրական ակտերի փորձագիտական վերլուծություն կատարվի: «Եթե տեսնենք՝ որևէ ակտում առկա է որևէ նորմ, որը հակասում է դատական իշխանության գործառույթներին կամ նրա արդյունավետ կազմակերպման որևէ ասպեկտի, ապա, կա՛մ առաջարկություն է արվելու կատարել փոփոխություն, կա՛մ վիճարկվելու է դրա սահմանադրականությունը: Այդ հնարավորությունները մենք ունենք փոփոխված Սահմանադրությամբ և կփորձենք մեր լիազորությունները լիարժեք օգտագործել».- ասել է նա:

Գագիկ Հարությունյանը կարևորել է նաև դատավորի նկատմամբ հանրային հարգանքի ձևավորումը և նախանշել արդյունավետ քայլերի հաջորդականությունը, «որպեսզի հասարակությունը սկսի աստիճանաբար ընկալել դատավորին՝ որպես իր իրավունքների և ազատությունների երաշխավորի, այլ ոչ թե որպես հերթական անգամ պատվերով կամ այլ ձևով իրավունքները ոտնահարող սուբյեկտի»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանների նախագահներին տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է դատական իշխանության պաշտոնական էլեկտրոնային նոր հարթակը, որտեղ հավուր պատշաճի ներկայացված են լինելու բարձրագույն դատական խորհուրդը, դատական դեպարտամենտը, Հայաստանի դատարանները՝ յուրաքանչյուրն իր գործունեության ողջ ծավալով:  Էլեկտրոնային կայքում առկա է լինելու մշտադիտարկման համակարգ, և որ դատավորների նշանակման գործում հանրային կարծիքը դառնալու է ներազդուն գործոն:

«Մենք այս մշտադիտարկման օգնությամբ տալու ենք գնահատականներ. իրականացվելու է ռեյտինգավորում՝ դատավորի, դատարանի և ցանկացած մեր օղակի: Եվ այն ներգործելու է գնահատման, առաջխաղացման, նշանակումների ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում» - ընդգծել է բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Գագիկ Հարությունյանը շեշտել է, որ բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու արդարադատություն իրականացնելու ֆունկցիոնալ պրոցեսում միջամտել դատավորի գործունեությանը:

«Դատավորը, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է: Նա պետք է լինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորը: Բայց դատավորի այդ անկախությունը, նաև, ենթադում է իր հաշվետվողականությունն օրենքի առջև: Անկախ, բայց ոչ թե անկախ օրենքից: Օրենքի պահանջները, որոնք առնչվում են նրա վարքագծին, նրա գործունեությանը և բոլոր այն հարցերին, որոնք մեր՝ նաև սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում են, գտնվելու են անընդհատ օբյեկտիվի մեջ, և նման մշտադիտարկումը ենթադրելու է, որ ամեն օր, մենք իրազեկ ենք լինելու, թե որ դատարանում ինչ գործի առնչությամբ ինչ է տեղի ունենում և պրոցեսն ինչպես է իրականացվում: Դիմումի մուտքը, ընթացքը, վերադարձը քննության ընդունումը, գործընթացը, հնարավոր սանկցիաների կիրառումը, ելքը դատարանից, բողոքարկումը, բողոքարկման ընթացքը, մյուս ատյանում քննությունը՝ մինչև հարկադիր կատարում»:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել և որոշակի վերլուծություններ է ներկայացրել ինչպես կոռուպցիոն, այնպես էլ դատական իշխանությունն արատավորող այլ երևույթների, դրանք ծնող գործոնների վերաբերյալ՝ շեշտելով, որ Խորհուրդը հաստատակամորեն գնում է դրանք դատական իշխանությունում իսպառ բացառելու ճանապարհով: Գագիկ Հարությունյանը համակողմանի ներկայացրել է Խորհրդի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև խնդիրների լուծման մեթոդներն ու գործիքակազմը՝ մասնավորապես նշելով. -«Հիմա ընթանում է բարեփոխման գործընթաց, և այս գործընթացում մեր համակարգը պետք է ավելի շուտ արձագանքի: Մենք պետք է կարողանանք բեռնաթափվել այն բոլոր արատներից, որոնք համակարգին խորթ են»»,- գրված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Գագիկ Հարությունյանը նաև խոսել է դատարանների շենքային պայմաններից. «Այսօր 40-ից ավել դատարանների շենքեր գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռին և այդ դատարաններում տեղակայված են տարբեր ինստիտուտներ, չկան աշխատանքի համար նվազագույն պայմաններ, որպեսզի այդ շենքերում դատարաններն իրենց լիազորությունը պատշաճ իրականացնեն»:

Նա նաև անդրադարձել է դատարանների ծանրաբեռնվածությանը և գործերի քննության ողջամիտ ժամկետների սահմանման վերաբերյալ չափորոշիչներին՝ նշելով, որ այդ խնդիրներն ընդգրկված են ճգնաժամային խնդիրների ցանկում և ուսումնասիրվում են բոլոր հիմնախնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter