HY RU EN

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնումը դանդաղում է «Շնող» հէկ-ի կառուցման պատճառով

ՎանաձորԱլավերդի ճանապարհի վերականգնման աշխատանքերը դանդաղում  են «Շնող»  հէկ-ի պատճառով:

Այս մասին երեկ «Հետք»-ին հայտնեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։

«Այդ աշխատանքները դանդաղեցվեց, որպեսզի հէկ-ի կառուցումը հետագայում չխանգարի ճանապարհի վերականգնման աշխատանքերին»,- բացատրեց մամուլի քարտուղարը։  

Մ6 –Վանաձոր-Ալավերդի –Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն ընդգրկում է շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Ծրագրով  34 ամսվա ընթացքում Վանաձոր քաղաքի տարածքում հիմնանորոգվելու է 6.7 կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3 կմ ճանապարհ: Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 39 կմ հատվածի վերականգնման աշխատանքերը սկսվել են 2016թ.-ի օգոստոսի 30-ին և պետք է ավարտվեր 2018թ.-ի փետրվարի 28-ին: Ծրագրի մեկնարկից անցել է 16 ամիս, սակայն միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքերը, կարելի է ասել, դոփում են տեղում:

Հիշեցնենք, որ ճանապարհի ԹումանյանԱլավերդի քաղաքների հատվածում դեռևս վերականգնման  որևէ աշխատանք չի կատարվել:

Ապրիլի 10-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է միջպետական ճանապարհի 39 կմ հատվածում  կատարված շինաշխատանքերին:

«Կապավոր» ՍՊԸ-ի տեղամասի պետ Բաղդասար Զարգարյանը հայտնեց, որ ճանապարհի մինչև Ձորագէս  600 մետր հատվածում աշխատանքները առ այսօր դադարեցված են՝ հէկ-ի տեղանքի  «նկահանումների և չափումների» պատճառով: Ճանապարհի վերականգնվող հատվածը բաժանված է երեք տեղամասերի: «Կապավոր» ՍՊԸ-ի տեղամասի տարածքը ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Քոբեր կայարան: Նշանները դրված է: «Մենք այստեղ 8 կմ ճանապարհահատված ենք վերանորոգում»,- ասաց Բ. Զարգարյանը:  

Բաղդասար Զարգարյան

Թումանյան կայարանից մինչև Սատանի կամուրջ՝ 12,5 կմ ճանապարհահատվածը վերանորոգում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Սատանի կամրջից մինչև Վանաձոր վերականգնումը կատարում է «Արարատշին» ՍՊԸ-ն«Կապավոր» ՍՊԸ-ի տեղամասիկմ երկարությամբ  ճանապարհահատվածի մեջ մտնում են երկու թունել, երկու կամուրջ և հողային աշխատանքերը:

«Կապավորը» այստեղ շինաշխատանքերը սկսել է 2016թ.-ի սեպտեմբերից: Տեղամասի պետի ասելով` վերականգնման աշխատանքերը ընթացել են նորմալ:  Ծանր և անբարեկարգ ճանապարհի դժվարությունները հաղթահարված են, ավարտված է հողային աշխատանքերի մոտ 90-95 տոկոսը: Ասֆալտապատվել է մոտ 6 կմ ճանապարհ: Մեր այցելության պահին «Կապավորի» շինարարները աշխատում էին տեղամասի երկու թունելի երկարացման վրա: Բ. Զարգարյանը բացատրեց, որ թունելների երկարացումը սկզբում նախագծով նախատեսված չի եղել: Քարաթափումից խուսափելու և անվտանգության նկատառումներով կառուցվել են 24 մ երկարությամբ և 22 մ լայնությամբ գալերեաներ: Ճանապարհահատվածի նախագծում ավելացվել են նաև բետոնային պատերի աշխատանքներ:

«Ճիշտ է, նախագիծը նորմայի մեջ արվել է, բայց կան աշխատանքներ, որոնք առաջացել են նախագծի իրականացման ընթացքում: Կան տեղեր, որտեղ անհրաժեշտ է լինում կատարել նախատեսված աշխատանքների փոփոխություններ: Դրանց համար նախագծային աշխատանքներ կատարելու պատճառով նույնպես ձգձգվել է ճանապարհի ժամանակին շահագործումը»,-բացատրեց տեղամասի պետը:

Բ. Զարգարյանի խոսքով մնացած  2 կմ ճանապարհը կասֆալտապատվի երկու թունելի գալերեաների աշխատանքներն ավարտելուց հետո:  «Կապավոր» ՍՊԸ-ն իր տեղամասի 8 կմ ճանապարհահատվածի վերականգնումը կավարտի 2018թ.-ի հոկտեմբերի վերջին: Վերականգնվող ճանապարհով երթևեկող վարորդները դժգոհում են  ճանապարհի առանձին հատվածների ասֆալտապատված մասի նեղ լինելուց: «Մենք ունենք 7,5 մետր լայնությամբ ճանապարհ: Ասֆալտը արվել է այնքան, որքան նախատեսվում է ճանապարհի համար: Սա նաև մեր պետության սուր ֆինանսական խնդիրների հետ է կապված»,- ասաց Բ․ Զարգարյանը: Շինարարի բացատրությամբ ճանապարհի մի կողմը սարեր են, մի կողմը` գետ: Պետք է սարերը քանդվի, գետի հունն էլ չփոխվի: Դրա համար Բ. Զարգարյանը ճանապարհի ասֆալտի լայնությունը նորմալ համարեց: Նշեց, որ ճանապարհի 50 տոկոսը մինչև 8-9 մետր լայնացում ունի: Գետի կողմից ճանապարհն ունի  600-700 մետր հենապատեր: Կան նոր կառուցված և նորոգված հենապատեր:  

ԲԶարգարյանը հայտնեց, որ  ԹումանյանԱլավերդի ճանապարհի վերականգնման աշխատանքները պետք է սկսվեին ապրիլի 1-ից, բայց կսկսվեն մայիսի 1-ից: «Այդ հատվածի վերականգնման աշխատանքերի սկսելը մեր աշխատանքներին չի խանգարում»,- ասաց նա:  «Ճանապարհ» ՍՊԸ-ի տեղամասի պետ Դանիել Աբովյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց 176+25-ից 301-25 տեղամասի կողմից վերականգնվում է 12,5 կմ ճանապարհ:

Դանիել Աբովյան

«Մեր աշխատանքները դանդաղ է գնում, որովհետև մեր կողմից վերականգնվող ճանապարհը ավելի երկար է: Բետոնային և հողային աշխատանքներն էլ շատ են: Մեր ուժի պատածն ենք արել»,- ասաց նա: Դանիել Աբովյանին հիշեցրի, որ ծրագրով այս տարվա փետրվարի 28-ին ճանապարհի իր տեղամասում վերականգնման աշխատանքերը պետք է ավարտվեին:  «Դա անհնարին էր»,- պատասխանեց նա: Ասաց այս տարվա սեպտեմբերի 15-ին կվերջացնեն  12,5 կմ ճանապարհի ասֆալտապատումը, բայց ճանապարհի կահավորումը և մնացած գործերը կավարտեն մինչև նոյեմբերի 15-ը:  Նշեց, որ «Ճանապարհ» ՍՊԸ-ն նախագծով ֆինանսավորման խնդիր չունի: Տեղամասի վերականգվող 3-րդ թունելի վրա աշխատողներից մեկը դժգոհեց, թե  ճանապարհի վերականգնումը շուտ կավարտեն, եթե թունելի պատերի սվաղի նյութերը շուտ ուղարկեն, պարապ սպասում են: «Չէ, աշխատանքերի դանդաղում չենք ունենում, լրիվ նորմալ է»,- վստահեցրեց Դանիելը: Վերջինիս խոսքով` հենապատերի բետոնային աշխատանքերը համարյա լրիվ կատարվել են, մնում է ճանապարհի եզրապատերը:

«Պլանավորածը ժամանակին պետք է ավարտենք: Մեր աշախատանքներին խանգարող որևէ բան այս պահին չկա»,- ասաց. Դ. Աբովյանը: