
«Գտիր Սերժին». Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (թարմացվող)
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Հանրային ռադիոյի շենք իրենց մուտք գործելուն: Նա խոսեց այն մասին, որ շենք մուտք գործելիս նրանց դիմավորել է կալաշնիկով զենքով զինված ոստիկանը, որը, ցուցարարներին տեսնելիս լիցքավորել է զենքը, ինչին ի պատասխան` ցուցարարները բարձրացրել են ձեռքերը:
Փաշինյանն ասաց՝ ինքն անկոտրում է՝ անկախ նրանից՝ ինչպես կդիմավորեն իրեն ու ցուցարարներին, ինքը շարունակելու է պայքարը: «Կրակում եք՝ կրակեք, ես անցնելու եմ, ես չեմ կանգնելու ձեր ապօրինությունների առաջ, ես գնալու եմ և եթե իմ հետևից գնացող ժողովուրդ կա, ուրեմն համեցեք, և ուրեմն՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ իրենց նպատակն է վարչապետի ընտրության օրը շրջափակել խորհրդարանի շենքը, որպեսզի պատգամավորները չկարողանան մուտք գործել խորհրդարան և քվեարկել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական փոփոխությունների հետևանքով վարչապետին ընտրում է խորհրդարանը: Փաշինյանն ասաց, որ հաշվել են, թե քանի մարդ է գիշերել Ֆրանսիայի հրապարակում՝ 190 քաղաքացի:
«Դա վտանգի է ենթարկում շարժումը, շուրջօրյա բազմամարդ պետք է լինի հրապարակը»,-ասաց նա: Ապա դիմելով ընդդիմադիր ուժերին՝ նա ասաց, որ իրավունք չունեն մարդկանց հիասթափեցնել: «Որովհետև հիասթափության դեպքում մենք ավելի ատելի կլինենք մարդկանց համար, քան Սերժ Սարգսյանը»,- ասաց Փաշինյանը:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն իր ելույթում կոչ արեց քաղաքական ընդդիմադիր ուժերին միանալ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարին: Բարսեղյանը կոչով դիմեց «Ելք» դաշինքի անդամ կուսակցություններին՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին՝ կոչ անելով միանալ իրենց, քանի որ հրապարակում հավաքված մարդկանցից շատերն, ըստ նրա, ընտրել են «Ելք»ին:
Բարսեղյանը դիմեց «Ծառուկյան» խմբակցությանը՝ ասելով, որ հավաքվածներից շատերը ընտրել են նաև իրենց, ուստի նրանք էլ պետք է իրենց ընտրողների պահանջը կատարեն: Բարսեղյանի մյուս կոչը հղված էր Հայ ազգային կոնգրեսին: Նա անգամ խնդրեց միանալ իրենց, իսկ եթե իրենց միանալ չեն ուզում, թող իրենց բողոքը կազմակերպեն:
Բարսեղյանը կոչ արեց ցուցարարներին զգոն լինել.«Այս իշխանությունը կարող է ցուցարար գնդակահարել, կասկածող կա՞, իրենք ընդունակ են ամեն ինչի, սա բոլորդ պետք է իմանաք, պատրաստ եղեք, զգոն եղեք: Յուրաքանչյուրը պետք է մտածի, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է, միայն այդ դեպքում կարող ենք ունենալ մեր երազանքների Հայաստանը»,- ասաց նա:
«Մերժիրսերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ իր ելույթում ողջունեց իր խոսքով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին: Սանասարյանի խոսքով՝ Շանթ Հարությանյանը միացել է իրենց պայքարին ու հացադուլ է սկսել: Դավիթ Սանասարյանն ասաց, որ այսօր Գյումրիում մի շարք քաղաքացիներ ակցիա են իրականացրել՝ միանալով իրենց պայքարին: Սանասարյանն ասաց, որ իրեն շատ են հարցնում, թե ինչ են անելու աշխատանքային օրերին, նա կոչ արեց գործադուլ սկսել և միանալ իրենց:
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման հանրահավաքը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քայլերթի կարգախոսը փոխվել է՝ այլևս ոչ թե մերժիր Սերժին, այլ՝ գտիր Սերժին: ՀՀԿ խորհրդի նիստը այսօր կայացել է ոչ թե ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, այլ Ծաղկաձորում: Փաշինյանի համոզմամբ՝ խորհրդի նիստի վայրի տեղափոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք հայտարարել էին՝ շրջափակելու են ՀՀԿ շենքը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» շարժումը սկսել է մարտի 31-ին Գյումրիի «Վարդանանց» հրապարակից, Փաշինյանը և իր համակիրները քայլել են ավելի քան 200 կմ, իսկ ապրիլի 13-ի առավոտյան նրանք արդեն Երևանում էին:
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո Փաշինյանն ու համակիրները շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը՝ գիշերելով այնտեղ: Այսօր ցերեկը քայլերթի ժամանակ նրանք ներս խուժեցին Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր: Փաշինյանը դժգոհում էր, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը թեև հարկատուների հաշվին վարձատրվող ընկերություն է, սակայն չի անդրադարձել իր քայլերթին, ուստի նա պահանջում էր ուղիղ եթեր, որպեսզի իր ասելիքը հղի հանրությանը:
Փաշինյանին, սակայն, ուղիղ եթեր չտրամադրվեց, քանի որ Հանրային ռադիոյի շենքի հոսանքն անջատվեց: Նիկոլ Փաշինյանն իր ուղերձը հանրությանը հղեց էլեկտրոնային լրատվամիջոցների ուղիղ եթերով՝ մարդկանց կոչ անելով դուրս գալ փողոց և պայքարել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ:
Նիկոլ Փաշինյանի պայքարին միացել են նաև «մերժիրսերժին» նախաձեռնությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, այսօր հրապարակ էր եկել «Ժառանգություն» կուսակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ «Ազատ դեմոկրատներ», «ԱԻՄ» կուսակցություններից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել