HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Քվեբեկյան ընդվզում. Կապիտալիզմը մի ճանապարհ է, որ տանում է դեպի մահ

Նեոլիբերալները միայն թալանել են աշխարհը, հիմա ժամանակն է վերաբաշխելու

Միայն պայքարով - ես ըմբոստանում եմ, ուրեմն երազում եմ

Երբ անարդարությունն օրենք է, դիմադրությունը դառնում է պարտավորություն

Արդյունաբերական արտադրությունն անձրև է բերում, հեղափոխությունը՝ արև

Դեպի ձախ

Իրավունքները բավարար չեն, մենք ազատություն ենք ուզում

Էս պատը մերն է, մենք կատաղած ենք

Այդ պատը, ֆրանսերեն մակագրություններով այդ նկարազարդված պատերը Մոնրեալում Քվեբեկի համալսարանի (UQAM) գրադարանի միջանցքներում են: Պատերը պատմում են 2012 թվականին սկիզբ առած քվեբեկյան ուսանողական դասադուլների ու գործադուլների մասին: Ապստամբությունն ավարտվել է, բայց պատերի նկարներն ու մակագրությունները չեն ջնջվել։ Ինչ-որ պահի փորձել են վերանորոգել, բայց ուսանողները թույլ չեն տվել. այդ պատերը միշտ պիտի զգոն պահեն երիտասարդներին, որ նրանք կուլ չգնան կապիտալիզմի լարած ծուղակներին։

[gallery id=609]

«Թխկու գարուն». այսպես են անվանել 2012-ի փետրվար-օգոստոսին ուսանողական ապստամբությունը: Կանադական դրոշին թխկու տերևն է: Վաղ գարնանը, երբ դեռ ձյունը նստած է, Քվեբեկում թխկու հյութը քամում ու ստանում են օշարակ («sirop d’érable»), և քաղաքներից մարդիկ գնում են քաղցր տոնին՝ շաքարե տնակ («cabane à sucre »), ուր ձյան վրա սառած օշարակն են ուտում:    

Հենց այդ ժամանակ էլ սկսվեց Կանադայի պատմության մեջ ամենամեծ բողոքի շարժումներից մեկը:

Ուսանողներն ու նրանց միացած դասախոսները բողոքում էին ընդդեմ ուսման վարձի բարձրացման։

Քվեբեկի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Մանդելը ներկայացնում է.

Թխկու գարունը ամենախոշոր ժողովրդական բողոքն էր երեսուն տարվա ընթացքում։

Ուսանողական դասադուլների քաղաքական և հասարակական նշանակությունն ըմբռնելու համար պետք է հասկանալ վերջին երեք տասնամյակում Կանադայում քաղաքական իրավիճակը (և ընդհանրապես` ամբողջ կապիտալիստական աշխարհում)։

Սկսած 1980-ականներից` բուրժուազիան, պետության հետ կոալիցիա կազմած, վերացնում է աշխատավորների հետպատերազմյան ձեռքբերումները։ Դա դասակարգային ուժերի հարաբերակցության փոփոխության հետեւանքն է` հօգուտ կապիտալի։

1960-ական թվականներին, երբ Քվեբեկում վերակազմավորվեց բարձրագույն կրթությունը, կրթության վարձը ժամանակավորապես որոշվեց 540 դոլար տարեկան։ Բայց պաշտոնապես հայտարարվել էր, որ պետության նպատակն է մտցնել անվճար կրթություն։

1976-ին Կանադան ստորագրեց Միջազգային համաձայնագիր՝ տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքերի մասին, որը սահմանում էր. «Բարձրագույն կրթությունը պետք է հավասարաչափ մատչելի լինի բոլորի համար, և հետզհետե մտցվի անվճար կրթություն»։

Եթե Կանադայի մյուս նահանգներում կառավարությունը շտապեց մոռանալ այս պարտավորությունը, Քվեբեկում պարբերական ուսանողական դասադուլները դա թույլ չտվեցին։ Այդպես էր մինչև 1990 թվականը, երբ բողոքի ցույցերն անտեսելով՝ ուսման վարձը երեք տարվա ընթացքում երեք անգամ աճեց՝ դառնալով տարեկան 1668 կանադական դոլար (1323 ամերիկյան դոլար։ Այս պահին 1 կանադական դոլարը 384 դրամ է, այսինքն` ուսման վարձը դրամով կլինի 639 հազար դրամ)։

Այսուհանդերձ, Քվեբեկում 2011-ին ուսման վարձը 45%-ով ցածր էր, քան Կանադայի մյուս նահանգներում։

Քվեբեկի կառավարությունը որոշում ընդունեց ուսման վարձը բարձրացնել 625 կանադական դոլարով (495 ամերիկյան դոլար):

Սա առաջացրեց ուսանողների այնպիսի հզոր ռեակցիա, որ բոլորին զարմացրեց։ Շատերին թվում էր, թե երիտասարդությունը, արհմիութենական շարժման պես, աջ ուժերի գրոհի առաջ կրած պարտություններից հետո հանձնվել է, այնպես, որ նրանք ներծծված են անհատապաշտական նեոլիբերալ գաղափարախոսությամբ և ընկղմվել են սպառողական մշակույթի մեջ։ Իսկ ուսման վարձի բարձրացման վերաբերյալ կառավարական արդարացումները, որ սրտխառնուքի չափ կրկնում էին ԶԼՄ-ները, ձևակերպված էր հենց այդ ոգով. կրթությունն անձնական ներդրում է ուսման ավարտից հետո լավ վարձատրվող աշխատատեղ ունենալու համար, դրա համար էլ արդար է, որ ուսանողները ստանձնեն ուսման ծախսի մեծ մասը (այդ տրամաբանությամբ դպրոցն էլ կդառնա վճարովի)։

Ուսանողությունն այս մոտեցումը անզիջում կերպով հերքում էր` բացատրելով, որ կրթված հասարակությունն ամբողջ հասարակության բարօրությանն է նպաստում։ Եվ եթե դիպլոմը հնարավորություն կտա ինչ-որ մեկին ավելի շատ փող աշխատել հետագայում, ուրեմն թող ավելի շատ հարկ վճարի` պրոգրեսիվ հարկման սկզբունքով։

Կանադայում պրոգրեսիվ եկամտահարկը աշխատավորների պայքարի պտուղն է։ Բայց արդեն քառորդ դար է` իշխանությունները չեն դադարում թեթևացնել խոշոր հաստատությունների ու բարգավաճող շերտերի հարկումը։ Ուսանողները մատնացույց էին անում նաև այն, որ 2011-ին կառավարությունը վերացրել էր երկրի ամենաեկամտաբեր հաստատությունների՝ բանկերի կապիտալի վրա դրված հարկը։ Միայն այդ գումարով, որից հրաժարվեց կառավարությունը, հնարավոր էր ֆինանսավորել անվճար կրթությունը։

Քվեբեկի բուհերում սովորում է մոտ 400 հազար ուսանող, որոնց կեսը` քոլեջներում։ Քոլեջում կրթությունն անվճար է։ Այսուհանդերձ, քոլեջների ուսանողներն էլ միացան պայքարին, քանի որ վաղը իրենք էին բուհ ընդունվելու։

2011-ի նոյեմբերին 25 հազար ուսանող մեկօրյա դասադուլ արեց` պահելու համար գործող կրթավճարը։ Նրանք լավ քարոզչական աշխատանք տարան՝ ցույց տալով, թե ինչպես է կառավարությունը հարուստ խավերի շահերը պաշտպանում, և որ ոչ միայն հնարավոր է պահպանել գոյություն ունեցող կրթության վարձի չափը, այլև նվազեցնել այն։

2012-ի փետրվարին Բուհ-երի ընդհանուր ժողովն անժամկետ դասադուլ հայտարարեց, մարտի 4-ին դասադուլի մեջ էր 120 հազար մարդ։ Սկսվեցին ամենօրյա երթեր, պիկետներ, միջոցառումներ, շենքերի, կամուրջների գրավումներ։

Մարտի 22-ը ամենաբուռն օրերից էր, այդ օրը գործադուլ էր անում 300 հազար մարդ, միայն Մոնրեալում երթին մասնակցեց 200 հազար մարդ։ Նույնիսկ թշնամաբար տրամադրված դիտորդները խոստովանեցին, որ սա ոչ թե լկստված երեխաների բողոք է ձրի ուսման համար, որ ավելի շատ փող ունենան գարեջրի համար, այլ ուրիշ բան. «Կրթության վճարը միայն պատրվակ է։ Այստեղ երևում է քաղաքական ենթատեքստ, նրանք ուզում են ընդհանրապես փոխել երկրի պետական քաղաքականությունը»։

Այդ նկատառումն արդարացված էր, պայքարի ընթացքն ընդլայնեց ուսանողների քաղաքական-հասարակական աշխարհայացքը, փոխեց նրանց պատկերացումը, թե ինչի կարելի է հասնել պայքարով։ Զգալով իրենց ուժը` նրանք սկսեցին խորհել, որ իրենց բողոքը կարող է սկիզբ դնել համընդհանուր հակահարձակման՝ ընդդեմ իշխանության հակաժողովրդական քաղաքականության։ Նրանք նոր կարգախոս առաջ քաշեցին. «Գործադուլը ուսանողական է, իսկ պայքարը` ժողովրդական»։

Դասախոսների բոլոր արհմիություններն աջակցեցին ուսանողներին, բայց արհմիութեանական շարժումը վաղուց հետ էր վարժվել հակաօրինական գործողություններից։ Իսկ քաղաքական գործադուլները Կանադայում հակաօրինական են։ Բացի այդ, գործատուները կարող են դատի տալ գործադուլի պատճառով ունեցած կորուստների համար։ Իհարկե, եթե գործադուլները մասսայական են, իշխանությունն ու գործատուները կվախենան հետապնդել աշխատավորներին։ Բայց վերջին տասնամյակների պարտությունների և «սոցիալական գործընկերության» գաղափարախոսության ազդեցության տակ արհմիութենական առաջնորդներն ի վիճակի չէին ուսանողներին համերաշխություն հայտնել, իսկ «ստորին» դասակարգերն էլ նրանց վրա որևէ ճնշում չգործադրեցին։ Այսուհանդերձ, արհմիությունները բանավոր համերաշխություն հայտնեցին ուսանողությանը և նյութական աջակցություն ցուցաբերեցին։

Դասադուլի հակառակորդ մի քանի ուսանողներ դատարաններից ստացան վճիռներ, որ իրենց թույլ տան դասի գնալ, եւ երբ փորձեցին բուհերի դռները բացել նրանց համար, ուսանողների ու ոստիկանների միջեւ բախումներ սկսվեցին։

Այդ բախումների ժամանակ դասախոսների մի մասը կազմակերպեց «պրոֆեսորներն ընդդեմ կրթավճարի թանկացման» խումբը, և այն համալսարաններում, որտեղ ոստիկանները փորձում էին ուժով դռները բացել, արևածագից առաջ շարքերով դրոշներ պարզած ու պարտիզանական երգեր երգելով` սկսեց մուտք գործել ու ոգևորել գիշերները մուտքերը հսկող ուսանողներին։

Ապրիլի 23-ին` գործադուլից 10 ամիս անց, կառավարությունն, ի վերջո, երեք ուսանողական միություններից երկուսին հրավիրեց բանակցությունների։ Ուսանողական մի կազմակերպություն իր տեղերից մեկը զիջեց չհրավիրված անարխիստական ուսանողական կազմակերպությանը։  

Ապրիլի 24-ից մինչև գործադուլների ավարտը՝ օգոստոսի կեսերը, ամեն օր երեկոյան 8-ին Մոնրեալի Քվեբեկի համալսարանի այգում հավաքվում էր մի քանի հազարից մինչև 20 հազար մարդ և քայլերթ անում Մոնրեալի փողոցներով։ Երթերը հիմնականում խաղաղ էին, բայց միշտ ամեն երթի վերջում ձերբակալություններ էին լինում։ Ընդհանուր առմամբ, գործադուլների ընթացքում 2800 հոգի բերման է ենթարկվել։

Քվեբեկում խորհրդարանական ընտրություններ պիտի լինեին, և վարչապետի նախընտրական հանդիպումները վերածվում էին ցույցերի, որոնց ժամանակ ոստիկանները սկսում էին ընկնել ցուցարարների հետևից։

Իշխող լիբերալ կուսակցությունը ցուցարարներից խուսափելու համար ստիպված իր կուսակցական համագումարն արեց Մոնրեալից 140 կմ հեռու գտնվող գավառական Վիկտորիվիլ քաղաքում։ Այսուհանդերձ, հյուրանոցի դիմաց, որտեղ պետք է լիներ լիբերալների համագումարը, մի քանի հազար ցուցարար էր հավաքվել՝ պրոֆեսորներ և ուսանողներ։ Ոստիկանությունը, գազ բաց թողնելով, փորձեց ցրել ցուցարարներին, խուճապի մեջ մեկը քար նետեց ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները կրակեցին ռեզինե փամփուշտներով, արդյունքում երկու ուսանող ծանր վիրավորվեց, որոնցից մեկը կորցրեց աչքը։ 110 հոգու բերման ենթարկեցին, բայց առավոտյան ազատեցին։

Կրթության նախարարը որպես կոնֆլիկտի լուծում նորից առաջարկեց բարձրացնել կրթավճարը 625 դոլարով, միայն թե հինգ տարվա ընթացքում։ Ուսանողները հասկացան, որ կառավարությունը բարի կամքի դրսևորում չի ցուցաբերում։

Բախումներն ուղիղ եթերով հեռարձակվում էին, և հասարակությանը ցնցել էին ոստիկանության բռնությունները։

Կրկին վերսկսվեցին բանակցությունները ուսանողության հետ: 28 ժամ տևած անդադար բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ ուսման վարձի թանկացումը մեկ տարով սառեցվում է։ Այս որոշումը, միևնույն է, կմերժվեր ուսանողական ընդհանուր խորհրդի կողմից, բայց վարչապետի հայտարարությունը, թե կառավարությունը ոչինչ չի զիջել, արագացրեց այդ մերժումը։

Մայիսի 18-ին խորհրդարանի կառավարական մեծամասնությունն օրենք ընդունեց, որը դադարեցնում էր ուսման կիսամյակը մինչև օգոստոսի կեսեր և մեծ տուգանքներ սահմանում այն դասախոսների նկատմամբ, որոնք խոչընդոտում են դասերին, արգելվում էին միտինգները բուհ-երից մինչև 50 մետր հեռավորության վրա։ Նաև հանրահավաքների իրավունքը սահմանափակվեց՝ դրանց օրը, երթի ուղղությունը ու տևողությունը պետք է հաղորդվեր ոստիկանությանը 8 ժամ առաջ։

Նույն երեկո Քվեբեկի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին բազմամարդ ցույցեր ընդդեմ օրենքի։ Մոնրեալում էլ շարունակվում էին երեկոյան երթերը՝ խախտելով օրենքը։ Հաճախ լինում էին բախումներ ոստիկանության հետ։

Մայիսի 22-ին Մոնրեալի փողոցներ դուրս եկան մոտ 250 հազար ցուցարարներ, հիմնական կարգախոսն էր՝ «Գործադուլի 100 օր, արհամարհանքի 100 օր, դիմադրության 100 օր»։ Ավելի ուշ երթն ավարտվեց ոստիկանների նետած խլացնող ռումբերով, ուսանողների ծեծով։ Ոստիկանները բերման ենթարկեցին 113 հոգու։

Հարցումները ցույց էին տալիս, որ բնակչության կեսն աջակցում է կառավարությանը, իսկ մյուս կեսը` ուսանողներին, որոնց մեջ շատերը շատ դժգոհ էին իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությունից, բայց նրանք վաղուց հանձնվել էին դիմադրության ձախողումների հետևանքով։  

Արդեն բազմաթիվ մարդիկ միանում էին ուսանողական ցույցերին, բայց նոր օրենքը էլեկտրական շոկի պես անցավ, և հաջորդ օրը մարդիկ դուրս եկան պատշգամբներ ու արգենտինական ասերոլազոսի օրինակով 15 րոպե գդալներով հարվածում էին կաթսաներին: Եվ այդպես` ամեն օր։

Մարդիկ, ովքեր քաղաքականությունից իրենց հեռու էին, ոգևորվել էին, հարևանների հետ զրուցում էին քաղաքականությունից։ Մարդկանց մեջ օտարացման պատը, որ բնորոշ է կապիտալիստական հասարակությանը, փլվում էր։ 

Օգոստոսի 1-ին վարչապետը հայտարարեց խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։

Սպասվող ընտրություններին ընդառաջ ուսանողները որոշեցին դադարեցնել դասադուլ-գործադուլները։

Այնտեղ, որտեղ առաջադրված էր վարչապետի թեկնածությունը, ուսանողներն այնքան ջանք թափեցին, որ նա չընտրվեց և այդպիսով հեռացավ քաղաքականությունից։

Նորընտիր վարչապետը ընտրությունների հաջորդ օրը զանգահարեց ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին և ասաց, որ ուսման վարձի բարձրացման և №78 օրենքները չեղարկվելու են։

2012-ի փետրվարին վարչապետն ասաց, որ ուսման վարձը կբարձրանա միայն կանադական դոլարի արժեզրկման համեմատ, և այդպիսով բարձրացրին 3 տոկոսով, թեև 2012-ին արժեզրկումը եղել էր 2,46 տոկոս։

Պրոֆեսոր Դավիթ Մանդելի պատմածից հետո UQAM-ի գրադարանի միջանցքի պատերի  մակագրություններն ավելի հասկանալի են դառնում, որոնցից մեկն էլ դառնում է այս գրության վերնագիրը.

Ահա ճանապարհը, ուր տանում է կապիտալիզմը` դեպի մահ

Ոստիկանապետությո՛ւն, դիմակդ պատռվե՛լ է

Մեր աստվածային գավաթից արյուն լցնենք նրանց դեմքերին

Կորչի՛  բռնության մշակույթը

Ինչի՞ն ենք սպասում. կործանե՛նք այն, ինչ մեզ կործանում է

UQAMը (Մոնրեալում Քվեբեկի համալսարանը) կառուցվել է ուսանողական դասադուլների շնորհիվ

Ուղեղները վաճառվո՞ւմ են

Կրթությունն իրավունք է, ոչ թե ապրանք

Գրողի ծոցը մեդիաները

Ես մնում եմ ըմբոստ ու ֆեմինիստ

Զայրացած փերիներ

Անժամկետ ֆեմինիստական դասադուլ

Չկան մեղմացուցիչ հանգամանքներ: Երբեք

Պայքարո՛ւմ ենք: Հանուն ինքնակառավարման, համերաշխության, մարտունակության, ուղիղ ժողովրդավարության՝ ընդդեմ ենթարկվածության, անկայունության, գերծանրաբեռնվածության, մեկուսացման ու չարաշահման

Մոնրեալցի հայ բարեկամս ասաց, որ հայ ուսանողական կազմակերպությունները չեն միացել դասադուլներին, և որ հայկական համայնքի հաստատությունները նրանց ասել են, որ չմիանան։

Մոնրեալի երեք համալսարաններում՝ Քոնքորդիայում, Մաք Գիլում և Մոնրեալի համալսարանում կան հայ ուսանողական միություններ։

Մոնրեալի համալսարանի միջանցքներից մեկում ուսանողական տարբեր կազմակերպություններ տաղավարներ էին բացել, օրինակ` մի տաղավար ներկայացնում էր մարքսիստական գրականություն, մեկ ուրիշը ճապոնական էր, ներկայացնում էր ճապոնական մշակույթի մասին պատմող բուկլետներ և գրքույկներ։ Մեկ էլ տեսա հայկական տաղավար, ուրախ մոտեցա, խոսեցինք, պարզվեց Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների միությունը հիսուն անդամ ունի։ Տաղավարում միայն մի բան էր ներկայացված՝ լահմաջո, Մոնրեալի ամենահայտնի կամ գուցե միակ հայկական բրենդը՝ Արուճի լահմաջոն։

609

Մեկնաբանություններ (2)

Անուշ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի Տիկին Գալստյան, այսօր ամբողջ հայ մշակույթն է իջել լահմաջոյի մակարդակին, ապացույց հայկական ախտավարակ սերիալները, հատուկենտ ստեղծագործողներ են մնացելմ որ դեռևս չեն տխմարացել, իրենց հոգին չեն ծախել սատանային և վսեմաշուք հետույքներ չեն լիզում... Շնորհավորում եմ Վահան Իշխանյանին՝ ինչպես միշտ հրաշալի հոդվածի համար, միայն թե հարգելի հեղինակ, ՔՈՆՔՈՐԴԻԱ մի գրեք, Մոնրեալում, Քվեբեկում խոսում են ֆրանսերեն, իսկ այդ բառը ֆրանսերեն արտասանվում է ԿՈՆԿՈՐԴԻԱ, մինչդեռ դուք անգլեչեն եք տառադարձել, քվեբեկցիք որ իմանան, շատ կնեղանան, նրանք շա՜տ զգայուն են անգլերենի ազդեցության հարցերում:
Անուշ Գալստյան
Ինչ տխուր է, որ հայ ուսանողները լահմաջոից այն կողմ ոչինչ չեն անում.,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter