HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսպես լինում է նաև Գերմանիայում. նախագահն ու խմբագիրը՝ սկանդալի կենտրոնում

ԳՖՀ նախագահ Քրիստիան Վուլֆը գերմանական Bild տաբլոիդի գլխավոր խմբագիր Կայ Դիկմանից սպառնալից պահանջել է չհրապարակել հոդված այն մասին, որ նախագահը խոշոր վարկ է ստացել իր գործարար ընկերներից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Suddeutsche Zeitung թերթի տվյալները:

Թերթը հղում է արել այն ձայնային հաղորդագրությանը, որը Վուլֆն ուղարկել է Դիկմանի ինքնապատասխանիչին դեկտեմբերի 12-ին՝ հոդվածի հրապարակվելուց 1 օր առաջ: Ըստ թերթի՝ Դիկմանն այդ ժամանակ Նյու Յորքում է եղել, այդ պատճառով էլ Վուլֆը նրան թողել է հաղորդագրություն, որով սպառնացել է խզել բոլոր հարաբերությունները Axel Springer հրատարակչատան հետ, որին պատկանում է Bild-ը: Վուլֆը նաև հայտարարել է, որ հրատարակելով այդ հոդվածը՝ Դիկմանը «կանցնի Ռուբիկոնը» և պատերազմ կհայտարարի իրեն:

Suddeutsche Zeitung-ը հավելել է, որ հաղոդրագրությունն ուղարկելուց հետո Վուլֆը զանգահարել է Axel Springer հրատարակչատան նախագահ Մաթիաս Դոպֆներին և պահանջել ազդել Դիկմանի վրա: Դոպֆներն ի պատասխան հայտարարել է, որ Bild թերթի խմբագիրներն անկախ են իրենց որոշումները կայացնելիս:

Ավելի ուշ Bild-ի կայքում հայտնվել է այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը: Թերթի խմբագրակազմը հայտարարել է, որ Վուլֆն իսկապես նման հաղորդագրություն է թողել Դիկմանին, սակայն երեք օր անց նորից է զանգահարել և ներողություն խնդրել սեփական խոսքերի «տոնի ու բովանդակության» համար: Այդ ժամանակ Bild-ը որոշել է չհայտնել միջադեպի մասին:

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Քրիստիան Վուլֆը չի մեկնաբանելու իր հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ գերատեսչությունը նշել է, որ նախագահի համար մամուլի ազատությունը է «կարևոր արժեք է»:

Լրագրողների գերմանական միությունը (DJV) դատապարտել է մամուլի վրա ճնշում գործադրելու Վուլֆի փորձը: «Հայտնի անձինք պետք է մամուլում եղած քննադատությունն ընկալեն որպես խոսքի ազատության մաս»,- հայտարարել է DJV-ի ղեկավար Միխայել Կոնկենը: Financial Times Deutschland և Suddeutsche Zeitung թերթերը Վուլֆին կոչ են արել հրաժարական տալ՝ հայտարարելով, որ նախագահի պաշտոնը, ինչպես երևում է, շատ բարձր է նրա համար:

Հոդվածում, որը Bild-ը հրապարակել է դեկտեմբերի կեսին, նշվում էր, որ 2008թ. Վուլֆը, լինելով Ներքին Սաքսոնիայի վարչապետ, իր միլիոնատեր ընկեր Էգոն Գերկենսի կնոջից ստացել է 500 հազար եվրոյի արտոնյալ վարկ: Դրանով իսկ Վուլֆը խախտել է Ներքին Սաքսոնիայի օրենքը, որն այդ երկրամասի կառավարության անդամներին արգելում է վերցնել արտոնյալ վարկեր: Ծագած սկանդալից հետո Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչ Վուլֆին կոչ է արել հրաժարական տալ: Սակայն Վուլֆը չի համաձայնել՝ հղում անելով նրան, որ արդեն բացահայտել է իր վարկերի և ֆինանսական դրության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter