
Հանրահավաքը մեկնարկեց Ֆրանսիայի հրապարակում. Փաշինյանը համահայկական դասադուլի եւ գործադուլի կոչ արեց (թարմացվող)
20:57
Հանրահավաքին այդպես էլ ոչինչ չհնչեց «Ելք» դաշինքի անդամ մյուս կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ շարժմանը միանալու կամ չմիանալու մասին: Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը կարծես թե հեռացել են Ֆրանսիայի հրապարակի տարածքից:
20:31
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ որպես այսօրվա բախման ականատես, անդրադարձավ դեպքին: Նա ասաց, որ ոստիկանները շատ չէին հարվածում, հիմնականում քաշքշում էին ցուցարարներին, և երբ արդեն հանդարտվել էր քաշքշուկը, հայտնվեց փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն ու ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ նետվեցին:
«Փոփոխություններից հետո Բաղրամյանում միացված այդ փշալարը մասնատելու ենք որպես հուշանվեր բաժանենք իրար,- ասաց նա եւ հավելեց,- դուք կարողացաք ցույց տալ, որ կարող եք լինել անհնազանդ, բոլորին կոչ եմ անում տեր լինել իր իրավունքին ու Սահմանադրությանը»:
Ապա խոսեց Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ վաղը 8:15-ից պետք է շրջափակել խորհրդարան տանող բոլոր փողոցները: Փաշինյանի խոսքով՝ լուրեր կան, որ պատգամավորները գիշերը մնալու են խորհրդարանում: «Մեր պատգամավորները կգնան կստուգեն, ձեզ կասենք»,- ասաց նա:
19:41
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքաղաքական կյանքում բեկում եղավ: «Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է: Այս շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն ունի, որովհետև սա ազնիվ շարժում է»,- հայտարարեց նա:
Մեկնաբանել