HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական զուգահեռականներ կամ Հայաստանի ոսկիները

Մարինե Պետրոսյան

(Ճամփորդական պատմվածք) 

վերջաբան 

սկիզբը՝ Թուրքական զուգահեռականներ-1, Թուրքական զուգահեռականներ-2, Թուրքական զուգահեռականներ-3 

Լիճը երեւաց դեռ ինքնաթիռից, ահագին ժամանակ թռչում էինք ջրի վրայով ու իջանք հենց ափին. լիճը մեծ էր ու նման էր ծովի։ Նոր քաղաքը լճից ահագին հեռու են սարքել, նոր քաղաքում լիճը չես տեսնում, փոխարենը հանկարծ կողքիդ են հայտնվում եւ ուշադիր քեզ են նայում սարերը, ուզում ես անընդհատ կողքիդ մնան ու քեզ նայեն, բայց շենքերը խանգարում են։ 

Քրդերը քաղցրախոս են։ Նույնիսկ երբ որ անգլերեն են խոսում, բառերը թաթախում են շարբաթի մեջ։ Շարբաթն էնքան շատ ա, կաթում ա վրադ ու զգուշացնում, որ թատրոն ա, ուղղակի չհասկանաս։ «Որտեղի՞ց եք»՝ հարցնում ա։ «Հայաստանից»։ «Բարո՜՜՜վ, բարո՜՜՜վ էկաք, էս ձեր տունն ա, ձեր տունն եք էկել, ձեզ ամենալավ սենյակս տամ՝ թագավորական համար ա»։ Թագավորական համարը սովետական հանրակացարանների սենյակներն ա հիշացնում, մենակ ավելի փոքր ա։ «Էս լավը չի, ավելի լավը չունե՞ք»։ «Ունեմ՝ մենակ հատուկ հյուրերի համար եմ պահում, հայերիդ որ չտամ՝ ո՞ւմ պետք ա տամ»։ Հատուկ հյուրերի համար պահված սենյակը ճիշտ նախորդ սենյակից ա, բայց կեղտոտ... 

Վանում խելքը գլխին հյուրանոց գտնելը դժվար գործ էր, մինչեւ գտանք՝ օրը կիսվեց, բերդ գնալիս՝ արդեն իրիկուն էր դառնում, բերդ որ բարձրացանք՝ մայր մտնող արեւի տակ առարկաները անբացատրելի գույն ունեին, «Քանի մութը չի ընկել, արի գնանք հին քաղաքի ավերակները տեսնենք»՝ ասեցի Վիգենին, ինքը նախորդ տարի Վանում արդեն եղել էր, ասեց՝ «Ո՞ւր գնանք, ցած նայի՝ տես»։ 

Ես ցած նայել էի, բայց չէի հասկացել որ տեսնում եմ, որովհետեւ ցածում էնքան էլ ավերակներ չէին. աջում կապույտ լիճն էր, ձախում, բերդի ուղիղ ոտքերի տակ, քաղաքի բացակայությունն էր՝ կանա՜՜՜՜՜չ խոտհարք։ 

«Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան, կարծում էի՝ դե մեր մոտի հայերն են»՝ հիշեցի Լաթիֆեի խոսքերն ու հանկարծ պատկերացրի Հայաստանի բացակայությունը՝ Վանից մինչեւ Սեւան՝ կանա՜՜՜՜չ խոտհարք.... Բայց Հայաստանը կար, եթե լավ հեռադիտակ ունենայի Երեւանը Վանի բերդից երեւալու էր, հիմա ես Երեւանի իմ բնակարանից եմ նայում Վանի կողմը ու չեմ ասում՝ եթե լավ հեռադիտակ ունենայի, որովհետեւ հասկացել եմ, որ ոչ մի հեռադիտակ չի օգնի ինձ Վանը տեսնել՝ Արարատը խանգարում ա։ 

Լեռները զարմանալի գոյություններ են՝ հարյուր մետրի վրա գտնվող մարդու դեմքը չես տեսնի, բայց հարյուր կիլոմետր էն կողմ գտնվող սարը տեսնում ես։ Պատճառը շատ պարզ ա՝ որովհետեւ մարդը փոքր ա, իսկ սարը՝ մեծ, բայց սարը մենակ մեծ չի, սարը նաեւ անշարժ ա, ու եթե տարիներով նայես սարին, քեզ կարող ա թվալ թե ժամանակն էլ ա սար ու չի շարժվում։ Բայց ժամանակը, հայտնի բան ա, ոչ թե սար ա այլ գետ։ 

Մեթինի հետ մեքենայով գնում էինք Դիարբեքիր, ճանապարհին ամեն քայլափոխի երեւում էր նույն հապավումը՝ GAP՝ «Հարավարեւելյան Անատոլիայի (զարգացման) ծրագիր», Մեթինին հարցրի՝ էս տարածքներում ի՞նչ տնտեսություն ա, ասեց՝ ֆեոդալիզմ, հնարավոր ա էլի չափազանցում էր, բայց որ տեսածս որոշ գյուղեր հիշում եմ՝ կարող ա եւ ճիշտ էր ասում։ Մի երկու րոպե լուռ էինք, մեկ էլ Մեթինն ասեց՝ «Ես կուզեի մեր կողմերում նորից հայեր ապրեին, կարծում եմ՝ զարգացումն էդ դեպքում շատ արագ կլիներ»։ Ես բան չասեցի։ 

Մի երկու րոպե նորից լռություն էր, հետո Մեթինն սկսեց պատմել վերջերս նկարված թուրքական մի ֆիլմի մասին, որ կարգին աղմուկ էր առաջացրել երկրում։ Կոչվում էր կարծեմ «Սալքիմ հանըմի ադամանդները» եւ պատմում էր 40-ական թվականների դեպքերի մասին, երբ որ կառավարությունը անտանելի մեծ հարկ էր դրել «շահագործող տարրերի»՝ հայ, հրեա եւ հույն ձեռներեցների վրա, էնքան մեծ որ անհնար էր վճարել, իսկ չվճարողներից բռնագրավում էին ունեցվածքն ու իրանց էլ աքսորում աշխատանքային ճամբարներ՝ տաժանակրության։ Մեթինը պատմում էր, իսկ ես հիշում էի գորբաչովյան գլասնոստի առաջին տարիները, երբ որ սովետական լրատվամիջոցների համատարած բետոնը ճաքեր էր տվել ու էդ ճաքերից մեր վրա էր հորդում հիշողությունը մեր ոչ վաղ անցյալի մասին։ 

Չեմ հիշում էն որ խելոքն ա ասել, որ իրականում ներկա չկա, ամեն ինչ կամ անցյալ ա կամ ապագա։ Բայց որ ուշադիր նայում ես՝ անցյալն էլ ոնց որ թե չկա, ավելի ճիշտ՝ էդ անցյալ կոչվածը մի տեքստ ա, որի բնագիրը էն գլխից կորած ա, մենք անբնագիր տեքստի հիման վրա անընդհատ փոխադրություններ ենք գրում, ոնց որ հիմա ես։ Թուրքիա կատարած իմ ճամփորդությունը՝ Երեւան-Ստամբուլ-Սամսուն-Թոքատ-Ամասիա-Սվազ-Անկարա-Վան-Դատվան-Մարդին- Ուրֆա-Դիարբեքիր-Ստամբուլ-Երեւան խելքից դուրս երթուղով՝ չորս ամիս առաջ էր, ես չորս ամիս ա փորձում եմ ներսիս անբառ տարածությունից դեպի դուրս՝ կազմակերպված բառային տարածություն տեղափոխել էդ ճամփորդության տպավորությունն ու գրածս անտանելի երկարում ա, որովհետեւ չեմ կարողանում հասնել ամենակարեւորին։ Բայց ոնց որ թե հասա։ 

Թուրքիայում շրջում ա համառ մի ուրվական՝ հայոց ոսկիների առասպե՞լն ասեմ թե պատմությունը։ Շրջում ա էն բոլոր տեղերում ուր որ մի ժամանակ հայ ա ապրել, այսինք թե՝ Թուրքիայի ողջ հսկա տարածքով մեկ։ Հենց հայ են տեսնում, մտածում են էկել ա հողի մեջ թաղված գանձերը հանելու։ Հայերի մասին խոսակցությունը որ ծայրից էլ սկսվի, գալիս հասնում ա ոսկիներին։ Ու ես էդ ոսկիների մասին լսելիս ահավոր նյարդային էի դառնում։ Սկզբում գլխի չէի ընկնում թե կոնկրետ ինչն ա ինձ ջղայնացնում, մինչեւ որ մի առավոտ հասկացա։ Դիարբեքիրում էինք, տաքսու մեջ, Վիգենի թուրքերեն զրույցը վարորդի հետ ահագին երկարել էր, հարցրի՝ դեռ ոսկիներին չհասա՞ք, Վիգենն ասեց՝ Հայաստանից ենք խոսում, էսքան ժամանակ բացատրում եմ որ Հայաստանը աղքատ երկիր ա, մեկ ա չի հավատում։ 

Դիարբեքիրն ինքը մեծ ու աղքատ քաղաք ա։ Մարդիկ՝ հուսահատ ու ագրեսիվ։ Օդի մեջ ծայրահեղ լարվածություն կա։ Ոնց որ Երեւանում։ Բնակիչները հիմնականում քրդեր են։ Շատ են, համարյա էնքան, ինչքան որ մարդ ա մնացել Հայաստանի Հանրապետությունում։ 

Դիարբեքիրից որ նայում ես Հայաստանի կողմը, պարզ տեսնում ես՝ ինչքան որ հայ ա մնացել Հայաստանում, էդքանն ա Հայաստանը։ Ու որովհետեւ քիչ են մնացել՝ ամեն մարդ հաշիվ ա, ամեն մարդ՝ հազար ոսկի։ Ու որովհետեւ ամեն մարդ հազար ոսկի ա՝ դրանց բոլորի գումարն ա Հայաստանի Հանրապետությունը ու չի կարող աղքատ լինել։ Բայց աղքատ ա։ Որովհետեւ տրամաբանությունն ուրիշ բան ա, իրականությունն ուրիշ։ Որովհետեւ մարդը Հայաստանում հաշիվ չի, ու Հայաստանի Հանրապետությունն իրականում ոչ մի հանրապետություն էլ չի։ 

Ես գնացել էի, որ Թուրքիան տեսնեմ, Թուրքիան կար ու ես Թուրքիան տեսա։ Ես գնացել էի, որ տեսնեմ հայոց առաջին մայրաքաղաքը, բայց հայոց առաջին մայրաքաղաքը չկար, ու ես տեսա դրա Բացակայությունը։ Ու երբ որ հայկական Վանի բացակայության եւ քրդերի ներկայության միջով նայում էի Երեւանին, տեսա որ Հայաստանը կար, բայց օր առ օր ու ժամ առ ժամ փոքրանում էր։ 

Լուս.`  Սիլվա Դաքեսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter