HY RU EN

Արաքս Մամուլյան

Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը հասել է 80-ի

Այսօր` ժամը 14։00-ի դրությամբ, վարչական իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է բերվել 80 անձ։ Այս մասին «Հետք»-ին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից քաղաքացիները զանգվածային անհնազանդության ակցիաներ են իրականացնում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Առավոտյան քաղաքացիները փակել են Երևանի կարևոր նշանակության մի շարք փողոցներ, ապա քաղաքի տարբեր հատվածներից երթով շարժվելով՝ համախմբել են Ֆրանսիայի հրապարակում։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պարալիզացնել պետական կառավարման ողջ համակարգն ու պետական հիմնարկների աշխատանքը։

Այս պահի դրությամբ քաղաքացիները հավաքված են տարբեր պետական հիմնարկների շուրջբոլորն ու փորձում են շրջափակել դրանք՝ արգելափակելով ելումուտը։ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ խնդրեց հանգստանալու համար։