HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունը չի մեկնաբանում 33 քաղաքացիներին Արաբկիրի բաժնում պահելու լուրը

Քիչ առաջ «Հետքն» ահազանգ է ստացել այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժնում 33 քաղաքացու թույլ չեն տալիս դուրս գալ ոստիկանության շենքի վարչական շենքից։

Բերման ենթարկվածների մեջ է նաև քաղաքացի Կարո Ղուկասյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ներսում գտնվող քաղաքացիները մեկ վայրում են պահվում, նրանք արդեն մոտ հինգ ժամ է, ինչ ոստիկանությունում են։

«Մենք պահվում ենք «գերու» կարգավիճակում»,- մեզ հետ զրույցում ասաց Ղուկասյանն ու տեղեկացրեց, որ ոչ միայն իրենց թույլ չեն տալիս դուրս գալ շենքից, այլ նաև փաստաբաններ Արա Ղարագյոզյանին ու Հայարփի Սարգսյանին, որոնք ոստիկանություն են գնացել բերման ենթարկվածներին իրավական աջակցություն ցույց տալու նպատակով։ Ղուկասյանը նշեց նաև, որ ոստիկանությունում գտնվելու ընթացքում փաստաբան Հայարփի Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, և վերջինիս համար շտապօգնություն է հրավիրվել ոստիկանություն։

Քաղաքացու փոխանցմամբ՝  իրենք ահազանգել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից աշխատակիցներ են այցելել Արաբկիրի ոստիկանություն։

«ՄԻՊ-ը, սակայն, անգործության է մատնված, ոչ մի բան չեն անում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարո Ղուկասյանը։

Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենք՝ 33 քաղաքացիները, բերման են ենթարկվել քաղաքի տարբեր հատվածներից, ինքը շուրջ հինգ ժամ առաջ Վաղարշյան–Քոչար փողոցների խաչմերուկից է տարվել ոստիկանություն։

Կապ հաստատեցինք նաև ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ ահազանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահին չեն մեկնաբանում, ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ևս խոստացան ահազանգի վերաբերյալ ավելի ուշ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այս պահին ՄԻՊ աշխատակիցները ոստիկանությունում դեռևս աշխատում են։

Թարմացում. Ինչպես հայտնում է փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ ոստիկանության բաժնում գտնվող փաստաբանները տեղեկացրել են, որ ոչ թե զրկված են ազատությունից, այլ ցանկանում են դուրս գալ միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter