HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանություն տարված 82 քաղաքացիներից 76-ն ազատ է արձակվել, իսկ մյուս 6-ին ոստիկանությունում պահելու առավելագույն ժամկետը չի լրացել

Այսօր առավոտից բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունն այս պահի դրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։ Վերջինս հայտնեց, որ այս պահի դրությամբ, ոստիկանությունում միայն 6 քաղաքացի է գտնվում։ Տեղեկացանք նաև, որ վերջիններիս, վարչական իրավախախտման դեպքում, ոստիկանությունում պահելու օրենքով սահմանված առավելագույն ժամկետը դեռևս չի լրացել։

Մինչև քաղաքացիների ազատ արձակումը մենք կապ էինք հաստատել Աշոտ Ահարոնյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար ոստիկանություն տարված քաղաքացիներին սահմանված ժամկետից ավելի ոստիկանական բաժանմունքներում պահելու առնչությամբ։ Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանն՝ ամբողջությամբ։

- Պարոն Ահարոնյան, արդեն տևական ժամանակ է` մենք ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ տարված քաղաքացիները երեք ժամից ավելի պահվում են ոստիկանությունում։ Կպարզաբանե՞ք, թե ինչն է քաղաքացիներին ոստիկանական բաժանմունքներում պահելու պատճառը, արդյոք քաղաքացիները միայն իրավախախտում կատարելու համար են տարվել ոստիկանություն։

- Ես կարող եմ ասել, որ ժամը 16։30-ի դրությամբ՝  ոստիկանություն բերված քաղաքացիների թիվը 82 է, որոնք հիմնականում վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով են ոստիկանության բաժանմունքներում։ Վարչական իրավախախտումների զգալի մասը վերաբերում է Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածին՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

- Դուք ասում եք, որ ոստիկանություն տարված քաղաքացիների մեծամասնությունն այնտեղ է վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով։ Այդ դեպքում օրենքով սահմանված կարգով քաղաքացիներն առավելագույնը երեք ժամ կարող էին պահվել ոստիկանությունում։ Մինչդեռ Արաբկիրի ոստիկանության բաժնի 33 և Նոր Նորքի ոստիկանության բաժնի 14 քաղաքացի, այսինքն՝ շուրջ հիսուն անձ, երեք ժամից ավելի են պահվել ոստիկանությունում, որի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ ահազանգեր։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների մեծամասնությունը վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով է ոստիկանությունում։

- Ես նորից եմ ասում, որ յուրաքանչյուրի դեպքում կոնկրետ տեղեկատվություն չունեմ։ Ավելի ուշ կունենանք նաև ձեր հարցերի պատասխանները։

- Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ցանկացած վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացիները ոստիկանությունում կարող են պահվել առավելագույնը 3 ժամ։

- Ես ընդունում եմ, սակայն այս դեպքում, կրկնում եմ, այս պահին հստակ չգիտեմ, թե յուրաքանչյուր քաղաքացու դեպքում ինչ իրավիճակ է, ով երբ է ոստիկանություն բերվել։

- Այսօր մի շարք հայտարարություններ են եղել այն առնչությամբ, որ քաղաքացիների նկատմամբ բերման ենթարկելիս բռնություն է կիրառվել։ Բռնությունների վերաբերյալ հայտարարություններն ուսումնասիրվե՞լ են։

- Ցանկացած տեղեկատվություն ճշգրտվում է, ցանկացած հաղորդման ընթացք է տրվելու և դառնալու է մանրամասն քննության առարկա։ Հաճախ, երբ քաղաքացիներին բերում են, երբ ոստիկանը նրանց ձեռքից բռնում է, համարում են, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել։ Նման ձևակերպումներ անում են նաև լրագրողները, մինչդեռ իրականում ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված ուժ է կիրառած լինում։ Կրկնում եմ․ ցանկացած հրապարակում, հաղորդում քննարկման առարկա է դառնալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter