HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Արտագաղթողի հետքերով

Շվեյցարական CIMERA կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա մարտ-մայիս ամիսներին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը եղել է Շվեյցարիայում եւ ՌԴ Կրասնոդարի երկրամասում (այստեղ հայկական արտագաղթի ամենամեծ խտացումներն են) եւ լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով փորձել է ցույց տալ, թե ինչ է արտագաղթը: 

«Ես, որպես ֆոտոլրագրող, համաձայնեցի CIMERA կազմակերպության ներկայացրած նախագծին, որը կոչվում է «Արտագաղթ եւ վերադարձ» եւ հարցազրույցներ արեցի բազմաթիվ մարդկանց հետ: Ոչ մի քաղաքական եւ այլ ուղղվածություն ծրագիրը չի ունեցել: Ինձ հետաքրքրում էր մի հարց՝ ինչու՞ են մարդիկ արտագաղթում եւ ինչու՞ են վերադառնում»,-ասում է Զավեն Խաչիկյանը

Իսկ ինչու՞ են արտագաղթում: 

Մարդը լքում է երկիրը, բայց ոչ՝ հայրենիքը: Հիմնականում ասում են՝ կվերադառնամ մի օր, երբ երկիրը երկրի տեսք կունենա: Արտագաղթը սկսվում է ներսից, երբ մարդ որոշում է հոգեւոր մի տարածքը լքել, փոխարինել մեկ այլ տարածքով: Սովորաբար արտագաղթողը լքում է հարկային, ոստիկանական, կրթական համակարգերը, առհասարակ արժեքային այն համակարգը, որը գործում է Հայաստանում: Ժամանակին արտագաղթի խնդիրը հուզել է Հովհաննես Թումանյանին, Կոստան Զարյանին, այլոց: Սակայն, ըստ իս, մենք մեր պատմությունը կցկտուր ենք գրել, հիմա էլ փախչում ենք մեզնից, վախենում ենք մեզ նայել: 

Այս ցուցահանդեսում ինձ երկու բան է հետաքրքրում՝ առանձին անհատների կենսագրությունը եւ արտագաղթի խնդիրը զուտ որպես տեսական հարց: Ովքե՞ր են արտագաղթողները՝ այլ մշակույթի կրողնե՞ր, թե՞ գլոբալիզացիայի զոհեր: Չգիտեմ: Արտագաղթը շատ բազմակողմ երեւույթ է: 

Հավանաբար վերջին տարիների արտագաղթն իր մեջ խտացնում է այն բոլոր տեղաշարժերը, որ կատարվեցին անկախացման տարիներին: 

Ամերիկյան լուսանկարչությունը թափ առավ 20-րդ դարի 30-ական թվականներին, դեպրեսիայի ժամանակաշրջանում: Այդ անկումային տարիներին էլ լուսանկարիչների մի խումբ դեպարտամենտ ստեղծեց՝ երկրով մեկ կատարվող տեղաշարժերի տարեգիրը դառնալու նպատակով: Պատկերային առումով այսօր նրանք ցույց տալու շատ բան ունեն: Երեւի նրանք համոզված էին, որ այդ դեպրեսիայից հաղթող են դուրս գալու եւ վավերացրին այդ տարիների պատմությունը: 

Իմ համոզմամբ, անկախության տարիների իրադարձություններն ամբողջացնող լուսանկարչական տարեգրությունը մենք չունենք: Ոմանց կարծիքով անկախությունը հեղափոխություն-հաղթանակ էր, իսկ իմ խորին համոզմամբ՝ գլոբալիզացիայի նախերգանք կամ ընթացք:

 Մեզ անհայտ մնաց, թե որտեղ բազմակետվեց մեր պատերազմը, թե 88-ից հետո ատոմակայանն ու «Նաիրիտ»-ը ում կամքով փակվեցին: Իսկ արտագաղթի հիմնական պատճառն ապագան գուշակել չկարողանալն է: Ես նրանցից չեմ, որ արտագաղթողին դավաճան համարեմ, վերադարձողին՝ հերոս, կամ այս երեւույթի համար միանշանակ մեղադրեմ պետական այրերին: Միգուցե կա ավելի՞ մեծ ճշմարտություն, որին այսօր մեր կրթվածությամբ հասու չենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter