Հարցուփորձ
(Հարցերը - ենթավերնագրերի տեսքով - Տիգրան Պասկեւիչյանի, փորձը` Ավագ Եփրեմյանի)
Էս աշխարհի ու նրա ապագայի մասին
Մտածե՞լ, թե՞ չմտածել էս աշխարհի ու նրա ապագայի մասին։ Մտածե՞լ, թե՞ չմտածել առհասարակ։ Մտածել եւ բանական լինել. նու՞յն բանն են։ Օրինակ, ես մտածում եմ (միտք եմ ածում, միտք եմ թափում-թափթփում, մտքաթափ եմ լինում)՝ մարդուն, առհասարակ մարդուն, կարելի՞ է համարել բանական արարած։ Բացատրությունը (ի դեպ, ոչ միայն այս հարցի) կարելի է գտնել մեր լեզվի՝ Հայոց Լեզվի մեջ։ Բան-ական։ Միայն մեր լեզվում է պարզ, որ Բանը Լոգոսն է։ Բանականը հատկապես Լոգոս-ականն է։ Եւ ոչ, ասենք, կուսակց-ականը... Առավել եւս՝ ականը (արկը)՝ առանձին կամ՝ ականական-արկականը։
Բայց մտածելն էլ քիչ չի։ Մարդը, երեւի, մտածելով է տարբերվում ... մյուս մարդուց, իսկ տարբերվել պետք է, որովհետեւ եթե տարբեր չես, էլ ինչու՞ ես։
ՄՏԱԾԵԼՈՒ ԲԱՆ Է։
Ուրեմն՝ էս աշխարհի ու նրա ապագայի մասին ահա թե ինչ եմ մտածում. երբեք էսքան մեռած մարդ չի եղել աշխարհիս երեսին (Երեսը ուզում եմ շեշտել, այսինքն՝ հասկանալի անել, որ Տա՛կը նկատի չունեմ, Տակի հետ գործ չունեմ առայժմ)։ Իսկ նրա - էս աշխարհի - ապագայում մեռածներն ավելի շատ են։ Էդ եռանդախեղ վազքին մի նայիր, կամ հենց էդ խեղաեռանդ վազքից գլխի ընկիր, որ մեռած են, էդ վազքը փուչ է, էդ եռանդի մեջը՝ ամայք, էդ ամայքից են ուզում փախչել՝ փուչ վազքով։ Բայց դրանից վազելով չես փախչի, էդպիսի Կարգ չկա ... Մնա, որ լցնես էդ ամայքը։ Փախչելը կենդանության նշան չի։ Կամ՝ ընդամենը նշան է (կենդանակա՞ն)։
Հայի ու թուրքի մասին
Կախվածությունների տիեզերքն է մեր ունեցածը, ուրիշը չունենք։ Կախված ենք (լսվում է «մեզ կախել են»-ը, չէ՞, ոնց որ ... դե, ձայնը կա ուրեմն, որ լսվում է. մեզ կախ-կախ են արել). երկրագունդը կախված է օդից, մարդը կախված է մազից եւ էսպես շարունակ։ Մարդը իր չիմացության, իր հպարտության, իր շատ ու շատ «ությունների» մազից է կախված. էդ «ությունները» հենց մազ են, որ կան։ Հազիվ էլ մազ լինեն։
Իսկ հայն ու թուրքը իրար համար են։ «Ի՞նչն է առավել իրական՝ Տաճկաստանի հայկական հողե՞րը, թե՞ Հայաստանի տաճկական վարքուբարքը»։ Ես չգիտեմ, թե Լեռան մյուս կողմում ի՞նչ են մտածում սրա մասին, բայց հայն ու թուրքը իրենց նմանություններից պիտի մեծահոգաբար հրաժարվեն, պիտի հստակեցնեն իրենց տարբերությունները, որ կռիվ չունենան միմյանց հետ, բաժանելու բան չունենան։ Տարբերությունները հստակեցվում են միմիայն ԿԵՆՍԱԿԵՐՊՈՎ, ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Էս միտքը չեմ բացում, որովհետեւ կռվի բուն է։
Ի՞նչ կլինի, եթե հանկարծ որոշեն («տերերից» ո՞վ գլուխ կհանի) ու ինչ-որ ճանապարհահատվածի, ինչ-որ տարածքի դիմաց Մասիսը տան էս կողմին։ Ի՞նչ պիտի. տղերքը, իրար հերթ չտալով, կսկսեն «օբյեկտներ», խաղատներ ու հյուրանոցներ կառուցել ստորոտին, լանջերին, գագաթին ... «Խաղողի որթ», «Քամ եւ եղբայրներ», «Սեմ հոլդինգ»... Բիբլիական խորովածի ծուխը կբռնի երկինքը ... Կկրակեն ու կտաքանան ... եւ այլն. էդ չի ցավս, այլ էն, թե ոնց են մեր «ազատները» այդ առթիվ դասեր տալու «ավանդապահներին»։ Երեւի էսպես. իսկ ո՞վ ա ասում, թե խորովածը սուրբ չի, հին մարդիկ եք, ժամանակը կգա ու ամեն ինչ տեղը կդնի, կվարժվեք եւ այլն։
Ժամանակի մասին տես հաջորդ ենթավերնագրի տակ։ Մնացին հինն ու վարժվելը։
(Ազատության ու ավանդապահության մասին՝ մեկ ուրիշ անգամ, առանձին։ Դրան արժանի են։)
«Մտածող մարդու» համար «հինը» հունականն ու հռոմեականը չե՞ն։ Թե՞ շումերականը։ Չինականն ու հնդկականն էլ չեմ ասում։ Էս պարզ թվարկումը չի՞ հուշում, որ ՄԱՐԴԸ վաղուց երեխա չի, ՎԱՐԺ Է։ Էլ ու՞ր վարժվի։ Ինչի՞ն. նենգությա՞նը, դավի՞ն, չարությա՞նը։ Սրանց էն գլխից վարժ է։ Անսեր (անսեռ) սե՞քսը ... Ի սեր Աստծո, անհիշելի՜ ժամանակներից, մշակութայի՜ն մակարդակով։ Վարժված ունի. անգլերենի կառույցն է, հա՞, սկսել է ավելի պի՞նդ թվալ։ Չէ, հեչ էլ անգլերեն չի, մեր հայտնի ուշունցներից մեկը հենց էդ ձեւով չի՞ կառուցված ... «Բոլորի Հոլիվուդը» «իր ապրելակերպով» ինչքա՜ն հաց ու պանիր պիտի ուտի, որ հասնի Ողիմպոսի վարքուբարքին։ Առաջինը երկրորդի ճկույթն էլ չարժի։ Դուք չեք սխալվում, ես նկատի ունեմ Զեւսի, Հերայի, Ափրոդիտեի, Ապոլոնի ու մյուսների Ողիմպոսը։ Ուրե՞մն։ Ուրեմն՝ վարժվելու մասին չխոսենք։ Եթե խնդիր կա՝ ետ (կամ՝ հետ) վարժվելն է խնդիրը (ի՞նչ կասես «ապավարժվելու» վերաբերյալ)։
Հեռացա՞նք, թե՞ մոտեցանք։
Ի՜նչ իմանամ, ես, իհարկե, հայի ու թուրքի մասին եմ խոսում։
Նաեւ՝ Լեռանն արժանանալու։
Առաջվա ու հիմիկվա մասին
Այսինքն՝ ժամանակի։ Նա է միայն, որ առաջ ու հիմիկ ունի, կամ մենք ենք կարծում, թե ունի։ Զգացողության հարց է։ Էս դեպքում, կարծում եմ, ֆիզիկական մակարդակի զգացողության։ Մենք զգում ենք նյութական, «սառած» ժամանակը (երեւույթը, ոչ ամբողջականորեն, կարելի է ներկայացնել մոտավորապես տիեզերանավի օրինակով. անցնում է սրընթաց ու շեկ՝ թողնելով վառված ու սառած «թափոններ»՝ առաջին, երկրորդ եւ այլ աստիճանների տանող հրթիռներ, որոնք իր՝ բուն տիեզերանավի տեսակետից այլեւս անպետք են), որը տարածությունն է (չարյաց փորագույնը կլիներ «մաքուր տարածությունը», սակայն, ցավոք, նման բան չկա. տարածությունը առկա է որպես «տարածքներ», որոնք բաժանված-սեփականված են)։ Հրեշտակները ժամանակը չեն «զգում», չէ՞, կամ զգում են ամբողջ ժամանակը միանգամից, ավելի ստույգ՝ չեն զգում ժամանակի՝ մեր ասած «հոսքը»։ Այ, էդ հոսքը չզգալով՝ կարելի կլիներ չզգալ նաեւ ցավը, տառապանքը, նվաստացումը եւ այլն։ Մենք մարդ ենք։ Դա լավ է (ճարներս ինչ), իհարկե, բայց որպես մարդ էլ, կարծում եմ, ճիշտ չենք պատկերացնում ժամանակը։ Մենք մեզ փորձում ենք համոզել, թե ինչ-որ ժամանակներ են գալիս, կամ՝ գալու են։ Մինչդեռ ժամանակը մի բան կարող է անել - անցնել։ Դա ժամանակի իրական գործողությունը ցույց տվող միակ բայն է լեզվում։ Իսկ լեզուն լավ գիտի, որ Ժամանակը Որոշակի բան է, առավել որոշակի քանակությամբ. մի Տեղից սկիզբ է առել, մի Տեղ էլ պիտի վերջանա, անցնի-գնա։ Էնպես որ, ոչ մի ժամանակ էլ չի գալիս, ժամանակն անցնում է, ընդ որում՝ բավական արագ։ Իմիջիայլոց, սա նաեւ մեր միակ մխիթարությունն է, որովհետեւ ժամանակն անցնում է, ինչպես ցավը, չարչարանքը, ատելությունը եւ այլն, այսինքն՝ ինչպես կյանքը։
Ձմեռվա ու ամառվա մասին
«Երջանիկը» բանաստեղծության մեջ Միլոշը մասնավորապես նկատում է, որ իր հերոսի ապրած տարիներին հստակացել էին նույնիսկ սահմանները տարվա եղանակների միջեւ։ Մեր ապրած տարիների ամառն ու ձմեռը տես քննություն կբռնե՞ն։ Հստակ պիտի լինեն, հստակ։ Բայց մեզ լսողն ո՞վ է։
Ես-ի ու եսիմ-ի մասին
Աստված արարեց իմ ԵՍ-ին, իմ ԵՍ-ն արարեց իմ ԵՍԻՄ-ին՝ ԵՍ-ից ու ԻՄ-ից, հասուն տարիքում։
Կամ՝ թե ինչպես ես իմ մեծամտության շնորհիվ համեստաբար ջարդուփշուր արեցի նույն իմ մեծամտության քիթը։ Որոշակի մի տարիքում ինձ սկսեց թվալ, թե իմ «առաքելությունն» էս երկրի վրա «ճշմարտությունն իմանալն» է։ Ընդ որում՝ ես դա որքան հնարավոր է շուտ պիտի իմանայի, որպեսզի հասցնեմ, չուշանամ, պատրաստ լինեմ, որովհետեւ զուգահեռաբար ինձ թվում էր նաեւ, որ մի օր, սխալներից հոգնած, մարդիկ գալու են, որ հարցնեն ... Ո՞նց չիմանայի, ամոթ էր։ Եւ «սկսեցի իմանալ»։ Շատ իմացա, թե քիչ, շատն ու քիչը Աստված գիտի ... Ուշացումով, բայց հասկացա կարեւոր բաներից մեկը. հարցնող չի լինելու, որովհետեւ չի լինում, որովհետեւ եթե մի տեղ իմացություն կա, ապա մարդկանց հեռուներում փնտրիր, իսկ եթե մարդը կա՝ ավելորդը իմացությունն է։
Բայց իմացություն իսկապես գոյություն ունի։ Ժողովրդավար Պլատոնի՝ ժողովրդավար Սոկրատեսին վերագրած չարաճճի կատակը, անվերջ մեջբերողների որոշակի նենգության շնորհիվ, իսկապես կարո՛ղ է աշխատել (աշխատում էլ է) հօգուտ ժողովրդավարության վերջնական հաղթանակի, որ է՝ ճշմարտության վերջնական պարտակումը։ Այդու, ինձ ավելի հարազատ է Բրոդսկու միտքը։ Իր ուսանողներին ասում էր. «Ես էլ ոչինչ գիտեմ, դուք էլ ոչինչ գիտեք, բայց իմ ոչինչը ձերինից շատ է»։
Ինչեւէ՝ եսս փոխարինել եմ եսիմով։ Լավ է, մերձ է խաղաղությանը։ Իսկ իմացությունը խաղաղության մեջ է գոյական։ Էլի իմ էշն եմ քշում ... Նույն մեծամիտն եմ, հա՞, երեւվի։ Բա մարդուց ուրիշ ի՞նչ էիր սպասում։
Արջի ու նրա իմացած յոթ երգի մասին
Ինձ դուր է գալիս նաեւ ուղտի մասին ասվածը. «Ընչի՞ է շլինքդ ծուռ - Իբր ի՞նչս է դուզ»։ Խո՛զն է հետաքրքրական. աստվածաշնչյան մարգարիտներն առաջն ածած եւ իր մյուս պատկերին զուգահեռ. «մարդուն որ շատ խոզ-խոզ անես, ի վերջո խոզ կդառնա»... Տեսնես ո՞վ է էդքան մարդուն «խոզ-խոզ արել»։ Բայց էս պահին մտքիս մեջ է ձի-կյանքը՝ Բրոդսկու ներկայացմամբ։ Ասում է՝ դու կյանքի - ոնց որ նվեր ստացած ձիու - երախը չես ուզում զննել, իսկ ինքը, արի ու տես, ամեն հանդիպելիս սեպերն (այսինքն՝ ակռաներն) է բացում։
Չարենցի ու Թաթա Սիմոնյանի, կամ ոչ Չարենցի, ոչ էլ Թաթա Սիմոնյանի ու նման տարատեսակ բաների մասին
Թաթա Սիմոնյանին չեմ ճանաչում։ Բայց Թաթա Սիմոնյանի երգերը անգիր գիտեմ։ Որովհետեւ Կապանից Երեւան եմ գալիս (Երեւան գալը ցանկալի՞ է, թե՞ պարտադիր) բացառապես «Միցուբիշի»-ով, որովհետեւ դա համեմատաբար էժան փոխադրամիջոցն է։ Տեղավորվելուց մի տասը-տասնհինգ րոպե հետո Թաթան սկսում է։ Սկզբում՝ ցածրաձայն։ Սկիզբն էլ որ ասում եմ՝ մի քանի վայրկյան է տեւում։ Հետեւի նստարանից մեկը (գուցե դա միշտ նույն մարդն է, չգիտեմ) անմիջապես հրահանգում է. «Ախպեր, թո պեցուր նի» (թո=թող, պեցուր=բարձր, ընդ որում՝ ու-ն պիտի արտասանել Umlaut-ով, ձայնադարձով՝ այսինքն, իսկ նի=լինի)։ Ու գնա՜ց. հինգ եւ ավելի ժամ տեւող ճամփորդություն է։ Չուզես լսել՝ Երեւան չես գնա։ Իսկը՝ սոցիալական քարտ։
Ի դեպ՝ տեսնում ես, չէ՞, թե ինչեր են անում։ Իսկ էնտեղ, որտեղից օգնություն ես սպասում, հոգեւոր խնդիր չեն տեսնում... Ուրեմն՝ աշխարհում, հոգեւորից բացի, ուրիշ խնդիրներ էլ են գոյություն ունեցել, չենք իմացել ... Կամ քարտ ստացիր, կամ շան պես սոված սատկիր, բայց մտքովդ անգամ չանցնի, թե մարդը հոգեւոր արարած է։ Մյուս կողմից էլ ճիշտ են, ախր. մենք ենք, չէ՞, որոշում։ Ու միշտ էլ՝ մի քանի դրամի համար... Ու միշտ՝ մենակ թողնելով նրանց, ովքեր գիտեն...
«Ինչու՞ ընկրկեցիր, անհավա՛տ»։
Ողորմիր, Տեր։
Թաթա Սիմոնյանը բոլոր հնարավորություններն ունի թքելու դրանց քարտերի քթին։
Չարենցի մասին։ Խելքս չի հերիքում։
Ասա, այ տղա, վերեւում ժամանակից ու տարածությունից էիր բլբլացնում ... Էն անեկդոտի նկարիչին հիշու՞մ ես։ Ասում է՝ երկու նկար եմ արել, հորս նկարը չի ստացվել, նման չի, իսկ Քրիստո՜սս ... իսկը Ինքն է։ Չարենցի մասին պիտի Հրանտ Մաթեւոսյանի պես խոսես։ Ինչպես եւ խոսել է. Աստծունը՝ Աստծուն, Գրինը՝ Գրին։ Ես ինչ, մտքիս մեջ Չարենց արտասանելով՝ քայլում եմ քաղաքիս դատարկ փողոցներով, եւ, գիտե՞ս, բռնում է. ձայնը՝ կա, բարբառելը՝ կա, անապատը՝ կա ու կա։
Տարատեսակ բաների մասի՞ն։ Ավելի տարատեսակ բան, քան իմ ոտանավորներն են, ես չեմ պատկերացնում։ Դրանցից մեկով, որ վերջերս եմ «մոգոնել», ավարտեմ էս՝ հավանաբար անհաջող, խաղ-խոսքը։
Առավել է,
մարդն առավել է, քան մարդը,
սերն՝ առավել, քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են - հեռավո՜ր, անհասնելի՛ -
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է Հայաստանը...
նա ինքն է իր չափը, «որով չափվելու է»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել