
Էջմիածնի երիտասարդները ևս բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ (տեսանյութ)
Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Էջմիածին քաղաքում: Նրանք հավաքվել էին քաղաքի հրապարակում և «միացեք» կոչերով քայլում էին բանուկ ճանապարհներով:
Այսօր առավոտից Էջմիածին քաղաքի երիտասարդները սոցիալական ցանցերում քննարկում էին բողոքի ակցիա կազմակերպելու հարցը: Մի քանի անգամ լուրեր տարածվեցին, թե բողոքի ակցիա են իրականացնում, սակայն երիտասարդները խումբ-խումբ հավաքվում էին և չէին համարձակվում առաջ շարժվել զուտ այն պատճառով, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցները կարող են խոչընդոտել:
Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս ժամանակ առ ժամանակ շրջայցեր էին կատարում մարդաշատ վայրերում` համոզվելու համար, որ երիտասարդները բողոքի ակցիա չեն կազմակերպում: Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է:
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:
Մեկնաբանել