HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանի ձերբակալման դեմ տարված բողոքը մերժվել է

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանի ձերբակալման դեմ տարված բողոքը մերժվել է: Այս մասին «Հետք»-ին ասաց Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Այսօր ավելի վաղ գրել էինք այն մասին, որ Տիգրան Մազմանյանը երեկ առավոտից ձերբակալված է: Վերջինս Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251 հոդվածով նախատեսված արարքների կատարման մեջ, այսինքն` համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ 225-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելուն։ Փաստաբանը պնդում է, որ Մազմանյանին երկու արարքների կատարման մեջ կասկածի նվազագույն շեմն անգամ հաղթահարված չէ:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում և մի շարք մարզերում ցույցեր են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 14-ին ցույցերն ու բողոքի երթերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը և մի խումբ քաղաքացիներ մուտք գործեցին Հանրային ռադիոյի շենք։ Ռադիոյի ղեկավարությանը նրանք առաջարկում էին ուղիղ եթեր տրամադրել իրենց, սակայն ղեկավարությունը հայտնում էր, որ տվյալ պահին նման հնարավորություն չկա և առաջարկում էր ավելի ուշ տրամադրել եթերը։ Տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրվել է Հանրային ռադիոյի մուտքի դուռը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում նշել էր` իրենք չեն հերքում, որ Տիգրան Մազմանյանը եղել է Հանրային ռադիոյի շենքում, սակայն վերջինս, ըստ փաստաբանի, որևէ հակաօրինական արարք չի կատարել։ Տեղի ունեցածն, ըստ Ռևազյանի, առհասարակ զանգվածային անկարգություն որակվել չի կարող, բայց եթե անգամ այն որակվել է անկարգություն, ապա նման իրավիճակում օրենքը սահմանում է կոնկրետ գործողություններ, որոնք կատարելու դեպքում անձին կարող է վերագրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը։ 

Մասնավորապես` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդը մասը սահմանվում է հետևյալ կերպ․ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։ Այսինքն՝ նախաքննություն իրականացնող մարմինը պետք է ներկայացնի ապացույցներ այն մասին, որ Մազմանյանը կատարել է վերը նշված արարքները կամ դրանցից որևէ մեկը։

Ռևազյանի խոսքով, սակայն, քննություն իրականացնող մարմինը Մազմանյանի ձերբակալման արձանագրության մեջ նշել է, որ մի խումբ անձինք մտել են Հանրային ռադիոյի տարածք ու շարադրել այնտեղ տեղի ունեցած գործողությունները, իսկ թե Տիգրան Մազմանյանը կոնկրետ ինչ է արել, առհասարակ չկա արձանագրությունում:

Մազմանյանն, ըստ փաստաբանի, նաև օրենքի խախտմամբ հավաքի կազմակերպիչ չէ:

Լուսանկարում` ձախից Տիգրան Մազմանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter