HY RU EN

Դիանա Ղազարյան

Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին․ ոստիկանական մեքենայի տակ ցուցարար է պառկել․ տեսանյութ, լուսանկարներ

12:18

«Իմ քայլը» շարժման ցուցարարները Արշակունյաց պողոտայով, գործադուլի կոչեր հնչեցնելով, հասել են Գարեգին Նժդեհի փողոց։ Ցուցարարների առջև փակ էին նաև «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դռները։ Ողջ քայլերթի ընթացքում ցուցարարներին վարորդները ազդանշանով ողջունում են, որին ի պատասխան` հավաքի մասնակիցները նրանց կոչ են անում միանալ իրենց։

11:04

Արշակունյաց պողոտայով շարժվելով` ցուցարարները մուտք գործեցին պողոտայի առևտրի կենտրոններ։ Հավաքի մասնակիցները աշխատակիցներին ծափերով ողջունեցին։ Ցուցարարները առևտրի կենտրոնի աշխատակիցներին հորդորեցին միանալ իրենց պայքարին, «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկում էին ցուցարարները։ Նրանք աշխատակիցներին գործադուլի կոչեր արեցին։ Երբ Փաշինյանը հասավ «Փեթակ» առևտրի կենտրոն` այնտեղ իրազեկում անելու, առևտրի կենտրոնի դռները փակվեցին ցուցարարների առջև, եւ մուտքը հսկելու համար տարածքում հայտնվեցին «կարմիր բերետավորները»։

Նշենք, որ ապրիլի 13-ից սկսված «Իմ քայլը» շարժման քայլերթի օրերին սա առաջին դեպքն է, որ ցուցարարները հասել են այս տարածք։ 

Փաշինյանը հայտնեց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը մի քանի մուտք ունի, և ցուցարարներին կոչ արեց այլ մուտքերից մտնել այնտեղ։ Պատգամավորը հետաքրրքվեց, թե այս առևտրի կենտրոնից ովքե՞ր են ցանկանում առևտուր անել, որին ի պատասխան՝ ցուցարարները վանկարկեցին՝ «ես»։ Այս պահին ցուցարարները փորձում են ներս մտնել, և առևտրի կենտրոնի աշխատակիցներին կոչ է անում ոստիկաններին թիկունքից մոտենալ, որպեսզի նրանք պարտադրված լինեն մուտքը բացել։

10։33

Ցուցարարները քիչ առաջ հեռացան կառավարության 3-րդ շենքի մոտից՝ քայլերթ սկսելով Բուզանդ, ապա Խանջյան փողոցներով։ Նրանք վանկարում են «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», «Միացեք», որին մեքենաները ազդանշանով են արձագանքում։ Նրանց քայլերթի ուղղությունը հայտարաված չէ։

10:14

Ցուցարար քաղաքացիներին թեև չհաջողվեց արգելափակել նախարարության աշխատակիցների մուտքը կառավարության 3-րդ շենք, սակայն նրանք դեռ չեն լքում տարածքը։ Քաղաքացիները ոստիկաններին կոչ են անում միանալ իրենց։ «Քայլ արա, զենքդ դիր վայր, ոստիկանը մերն ա»,- վանկարկում են նրանք՝ շրջապատված զինված ոստիկաններով։ 

09։30

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նախարարության աշխատակիցներին ստորագրահավաք սկսել, անել իրենց քայլը, և «մերժել Սերժին»։ Այժմ թեև ցուցարար քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության 3-րդ շենքի մոտ, սակայն աշխատակիցները կարողանում են ոստիկանների ուղեկցությամբ հանգիստ շենք մտնել։ 

Նիկոլ Փաշինյանը նորից ոստիկաններին հորդորեց միանալ իրենց պայքարին, որն այս պահին ճակատագրական է։ Նա հիշեցրեց, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ չէ։  

«Ես միայն մի գործողություն եմ խնդրում անել, մտածեք այս իրավիճակի մասին, մտածեք, թե ինչով է հակասում մեր արածը ձեր երեխաների, ձեր ընտանիքների, մեր հայրենիքի շահերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա խնդրեց ոստիկաններին մտածել հարստացած և կոռումպացված պաշտոնյաների մասին, և ապա իրենք իրենց մասին, որ ստիպված են ապրելու համար շաբաթ-կիրակի օրերին «ցեմենտ-բետոն» անել։ 

09։13

Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին կառավարության 3-րդ շենքի մոտից։ Ցուցարարների մի մասը շրջափակել է ոստիկանական մեքենան։ Մի ցուցարար պառկել է մեքենայի տակ։ Ցուցարարները համոզում են ոստիկաններին չքշել քաղաքացու վրայով։  

Շենքը մի քանի մուտք ունի։ Վարդանանց փողոցի կողմից մուտքը, որը շրջափակողների մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը, ևս բռնի ուժով ազատվեց կարմիր բերետավորների կողմից։ Մի քանի հոգի բերման ենթարկվեց այս մուտքի մոտից։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Շենքը շրջափակված է մեծ թվով ոստիկանների կողմից։

Կառավարության շենքի աշխատակիցների մի մասը խնդրում էր բերման չենթարկել քաղաքացիներին՝ նշելով, որ իրենց աշխատանքը դրանով չի սահմանափակվում։ Չնայած դրան՝ ոստիկանները բռնի ուժով ոստիկանական մեքենա մտցրին տասնյակ քաղաքացիների և բերման ենթարկեցին։ 

Ոստիկանական մեքենան, որի տակ քաղաքացի էր պառկել, ևս տեղից շարժվեց, երբ ցուցարարներին ոստիկանները հանեցին մեքենայի տակից։

Ակտիվիստ քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության 3-րդ շենքի մոտ։

Կառավարության 3-րդ շենքի մոտից ուղիղ միացումը կարող եք դիտել այստեղ։