15։48
Ցուցարարները այժմ Անգլիական այգում են (Կոմայգի)։
14:24
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջը՝ Գոհար Աբաջյանին և նրա գործընկերներին։
Գոհար Աբաջյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տարածել է բերման ենթարկվելու ընթացքում կատարած տեսանկարահանումը:
13:03
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող քաղաքացիների քայլերթն այս պահին շարունակվում է։ Երթի մասնակիցները հասել են Իսակովի պողոտա և արգելափակել մեքենաների երթևեկությունը։ Առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հոծ բազմությանը հիշեցրեց, որ այսօր ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում կայանալու է հանրահավաք։ «Սա արդեն ժողովրդական տոնախմբություն է, ոչ թե հեղափոխություն»,- հայտարարեց Փաշինյանը։ Վարորդները ազդանշաններով ողջունում են ցուցարարներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ցուցարարները փորձում էին շրջափակել կառավարության 3-րդ շենքը` արգելափակել այնտեղ աշխատողների մուտքը՝ գործադուլի կոչ անելով։ Ոստիկանները, ուժ կիրառելով, հեռացրին ցուցարարներին շենքի բոլոր մուտքերի մոտից՝ տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելով։ Մանրամասն կարող եք դիտել և կարդալ այս և այս հղումներով։
Ոստիկանությունը հայտարարել է, որ բերման ենթարկված քաղաքացիները կարող են սահմանված ժամկետից ավելի պահվել բաժիններում։ Փաշինյանը քիչ առաջ կոչ արեց ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։
Մեկնաբանել