
Երևանի քաղաքապետարան. իրազեկումներ են ներկայացվել միայն ապրիլի 13-18-ի հավաքների և երթերի համար
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում այսօր ընթացող բողոքի ակցիաների մասին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դրանց համար կազմակերպիչները իրազեկում չեն ներկայացրել:
«2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):
2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել»,- գրված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Մեկնաբանել