
Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը
Մի քանի ժամ տեւած քայլերթից հետո ցուցարարները հանգստացան Կիրովի մանկական այգում, ապա կրկին սկսեցին իրենց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ: Երթը սկսելուց հետո ոստիկանական ուժերը կենտրոնացան Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող արտգործնախարարության շենքի եւ գլխավոր դատախազության դիմաց: Փաշինյանը եւ հավաքի մասնակիցները ի պատասխան ոստիկանական ուժերի՝ վանկարկեցին «զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին»:
Պատգամավորը ասաց, որ իրենց կռիվը ոստիկանների հետ չէ, իրենց պայքարը Սերժ Սարգսյանի դեմ է:
Ցուցարարները հասան կառավարության շենք, որը ոստիկանական ուժերի կողմից շրջափակված է:
Ցուցարարները կառավարության շենքի դիմաց, որտեղ մեկնարկել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ առաջին նիստը, վանկարկում են՝ «քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:
Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 7-րդ օրն է: Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատանքի խափանման փորձից հետո ցուցարարները փողոցներում իրականացրին «Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» կոչով երթը, ապա հավաքվեցին կառավարության շենքի մոտ, որտեղ երեկոյան ժամը 5-ին մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության առաջին դռնփակ նիստը: Ժամը 19-ին դարձյալ հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Տեսանյութը՝ Ամալյա Մարգարյանի
Մեկնաբանել