HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափառաշրջիկները ցրտահարվում են

Նանե Մակուչյան

Մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք Մարիամ անունով մի թափառաշրջիկ աղջկա ճակատագրին, որին անգամ շտապօգնությունը չէր բարեհաճում հոգեբուժարան տեղափոխել (Տես՝ Երեւանի գիշերներում շրջում է Մարիամի ուրվականը): Բայց այդ պատմությունն ընդամենը մեկն էր այն դրամատիկ պատումներից, որոնք գրեթե ամեն օր տեղի են ունենում մեր աչքերի առջեւ:

Ոչ ոք ստույգ չգիտի' քանի՞ թափառաշրջիկ կա մեր երկրում: Փաստ է միայն այն, որ նրանք ամեն գարուն պակասում են ... Մինչեւ որ նորերով համալրեն իրենց շարքերը: Ու այդպես շարունակ:

Թափառաշրջիկները Հայաստանում մի ոչ լեգալ համայնք են: Թեեւ «ապրում» են տարբեր վայրերում, գրեթե միշտ տեղյակ են միմյանցից: Նրանցից շատերը յուրաքանչյուր օր գիշերում են մի վայրում, եւ միայն իրենք գիտեն այդ վայրերը:

Արամը, որ նույնպես անօթեւան է, մի տեսակ հանդես է գալիս թափառականների ու արտաքին աշխարհի միջեւ կապավորի դերում: Իմիջիայլոց, նա նույնպես Կոնսերվատորիան է ավարտել, բայց ստացած կաթվածներից հետո չի կարողանում նվագել: Ունի դուստր եւ որդի, որոնք ապրում են մայրական տատի տանը: Կինը մահացել է 10 տարի առաջ: Ինքը չի կարող ապրել այդ տանը: Զոքանչը փեսային թույլատրում է երբեմն-երբեմն օգտվել իր բնակարանի կոմունալ հարմարություններից' ասենք սափրվել, օգտվել հեռախոսից: Տասը օր առաջ նա զանգելով պատմեց, որ թափառաշրջիկներից երկուսի վիճակը շատ ծանր է, գրեթե մահամերձ: Գիշերելով դրսերում' նրանք ցրտահարվել են:

«Բոլորն ամբողջովին ոջիլի մեջ կորած են: Եւ նույնիսկ այդ հարցը չենք կարողանում լուծել»,-ասաց Արամը:

Փորձեցինք այս մարդկանց օգնելու համար դիմել Հայ օգնության Ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակ: Մեզ նախապես հայտնի էր, որ ՀՕՖ-ն անչափահասների համար ունի ոջիլազերծելու հատուկ վայր եւ հարմարություններ: Որքան էլ խնդրեցինք երկու թափառաշրջիկների համար բացառություն անել, հանդիպեցինք միայն կոշտ ու կոպիտ մերժման: Նրանք անդրդվելի էին նույնիսկ այն պարագայում, երբ ասացինք, որ ոջիլազերծելն անհրաժեշտ է երկու թափառաշրջիկներին շտապ կարգով հիվանդանոց տեղափոխելու համար: Մենք դիմեցինք նաեւ տարբեր կազմակերպությունների, սակայն ոչ ոք չուզեց օգնել թափառաշրջիկներին:

«Ամբողջ աշխարհում մեզ նման բոմժերի համար ստեղծում են կացարաններ, որտեղ մի աման տաք ճաշ են տալիս, քնելու մի անկյուն, մեր երկրում պետությունից անվճար նույնիսկ մի «Անալգին» չենք կարողանաում ստանալ»,-ասում է Արամը:

Մի քանի օր առաջ ցրտից մահացան Վովան ու Թամարան: Մահացավ նաեւ Տոման' միայնակ թողնելով իր պես անօթեւան, այժմ արդեն ծնողազուրկ միակ որդուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter