HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Հարությունյան. «Այդ հանրահավաքը որոշ դեպքերում անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը»

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ «Իմ քայլը» շարժման ակցիաները խաղաղ չեն: Այս մասին նա հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին»,- նշում է նախարարի պաշտոնակատարը:

Հարությունյանը իրավաչափ որակեց ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ:

«Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»,- ասաց նա:

Հարությունյանն ասաց, որ որքան էլ ցույցի մասնակիցները պնդեն, թե իրենց ակցիաները խաղաղ են, միևնույն է, դա այդպես չէ, քանի որ ցուցարարները շրջափակում են կառավարական շենքերը՝ խոչընդոտելով աշխատակիցների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հարությունյանը հիշեցրեց, որ բռնություն գործադրելը միայն ֆիզիկական բռնություն կատարելով չի դրսևորվում:

«Ես կարծում եմ՝ այդ հանրահավաքը որոշ դեպքերում անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ցուցարարների՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, Դավիթ Հարությունյանն ասաց.

«Մեր հանրության մի հատվածի կարծիքը ներկայացվում է որպես ողջ հանրության կարծիք, ինչը, կարծում եմ, որ լավագույն եղանակը չէ: Արդյոք կային անձինք, ովքեր դեմ էին, որ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ, իհարկե, որևէ կասկած չկա դրանում և, ի դեպ, ցանկացած ընտրություններ ցույց են տալիս, որ երկրում չկա համասեռություն, Հայաստանում, գոնե ինձ ծանոթ չեն ընտրություններ, երբ մեկը ստանա 70 կամ 80 տոկոս ձայն»:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:

Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 7-րդ օրն է: Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատանքի խափանման փորձից հետո ցուցարարները փողոցներում իրականացրին «Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» կոչով երթը, ապա հավաքվեցին կառավարության շենքի մոտ, որտեղ երեկոյան 17:00-ին մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության առաջին դռնփակ նիստը:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Իր մշակած օրենքներով, մտքերով բացասական էներգիա տարածող , պետության մութ անկյուններ ստեղծող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter