Հզոր պայթյուն Դամասկոսում. 25 զոհ, 46 վիրավոր
Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահապարտ ակաբեկիչը պայթեցրել է իրեն՝ սպանելով առնվազն 25 և վիրավորելով 46 մարդու: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական լրատվամիջոցների տվյալները:
Միջադեպը տեղի է ունեցել Դամասկոսի ալ-Միդան թաղամասում, որտեղ եղել են շատ մարդիկ և աշխույժ երթևեկություն: Զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք են և իրավապահ մարմինների որոշ աշխատակիցներ:
Որևէ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Սակայն մի քանի օր առաջ Սիրիական ազատ բանակը, որը պայքարում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ, խոստացել էր «հսկայական գործողություններ» ձեռնարկել կառավարության թիրախների դեմ:
Սիրիայի տեղական համակարգող հանձնաժողովները, ընդդիմադիր ակտիվիստների ցանցը, որը տեղեկություններ է հավաքում ականատեսներից ու ցուցարարներից, հաղորդել է, որ Դամասկոսում շտապօգնության բազմաթիվ մեքենաներ և անվտանգության ուժեր կան, իսկ պայթյունների ձայնը լսվում է ողջ թաղամասում:
CNN-ը գրում է, որ մահապարտի այս պայթյունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սիրիա են եկել Արաբական լիգայի դիտորդները՝ որոշելու, թե արդյոք երկրի կառավարությունը կատարում է այն համաձայնագրի պահանջները, ըստ որի՝ պետք է վերջ դնի 10 ամիս շարունակ ցույցերի դեմ կիրառվող բռնություններին:
Ամիսներ շարունակ ամեն ուրբաթ հակակառավարական ակտիվիստները զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպում Սիրիայում:
Տարբեր հաշվարկներով ապստամբության սկզբից ի վեր զոհվել է 5-6 հազար մարդ:
Նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունն ասում է, որ պայքարում է զինյալ ահաբեկիչների դեմ, որոնք և մեղավոր են արյունահեղության համար:
Այս պայթյունից երկու շաբաթ առաջ Դամասկոսում տեղի ունեցավ երկու հզոր պայթյուն, որին զոհ գնաց առնվազն 44 մարդ:
Կառավարությունը պայթյունների մեջ մեղադրեց ահաբեկիչներին: Ընդդիմությունն էլ իր հերթին մեղադրեց կառավարությանը, որ այն պայթյուն է իրականացնում, որպեսզի «հիմնավորի» իր այն պնդումները, որ պայքարում է ահաբեկիչների դեմ:
Սիրիայի կառավարությունը սահմանափակել է երկրի ներսում միջազգային լրագրողների գործունեությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել