
Նիկոլ Փաշինյան. «Բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան սկսում ենք»
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում` ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր հիմնական ակցիան հանրապետության բոլոր ճանապարհների շրջափակումն է բեռնատարներով: Նա կոչ արեց բոլոր տեսակի տեխնիկայով, այդ թվում` գյուղտեխնիկայով, միանալ այս ակցիային: Ինչու բեռնատարներով, Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ բեռնատարների քարշակներ (էվակուատորներ) չկան կամ եթե կան, քիչ են ու փոքր բեռնատարների համար են նախատեսված:
Մինչ այդ, հանրապետության հրապարակում, մասնավորապես` Ամիրյան փողոցի հատվածում, ճանապարհներ փակելու փորձ անող մի քանի երիտասարդներ, որոնց թվում նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էր, բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:
Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է:
Մեկնաբանել