HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խտրական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ շարունակվում է

Տեղեկատվություն ստանալը լրագրողների' որպես ՀՀ քաղաքացիների, ոչ միայն սահմանադրական իրավունքն է, այլեւ մասնագիտական պարտականությունը: Լրագրողը պարտավոր է ստանալ տեղեկատվություն եւ իրազեկել հանրությանը պետական եւ մասնավոր սեկտորների գործունեության, այդ թվում' հաջողությունների եւ ձախողումների, չարաշահումների մասին: Լրագրողի այս պարտականության կատարումը, որպես կանոն, ուղեկցվում է տարաբնույթ, երբեմն նաեւ արհեստական խոչընդոտներով: Սա է վկայում մասնավորապես ՙԵրկիր՚ շաբաթաթերթի լրագրողների փորձը:
Կառավարությունը վերջին շրջանում փորձում է քայլեր ձեռնարկել հասարակայնության հետ կապերի աշխատանքը համակարգելու ուղղությամբ եւ, ներքին հրահանգի համաձայն, լրագրողներին տեղեկատվություն տրամադրվում է հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով: Սակայն այս ոլորտը, մասնակի բացառություններով, վստահվել է ոչ կոմպետենտ անձանց:

Համենայն դեպս, գործընկերներիս տեղեկացմամբ' հասարակայնության հետ կապերի բաժնից անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք է բերվում բավական մեծ նյարդերի գնով: Ոչ կոմպետենտ խոսնակներին թվարկելու փոխարեն' ավելի հեշտ է մատնանշել այն գերատեսչությունները, որոնց մամուլի քարտուղարներն ավելորդ խոչընդոտներ չեն հարուցում: Դրանք են' Սոցիալական ապահովության նախարարություն, Արդարադատության նախարարություն, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Այս հաստատությունների մամուլի քարտուղարներից «Երկիրի» լրագրողներին հաջողվում է առանց ավելորդ թղթաբանության ու ժամավաճառության ստանալ հետաքրքրող հարցի պատասխանը: Իհարկե, սա չի նշանակում, որ ներկայացված բոլոր հարցերին տրվում են լրագրողի հարցասիրությունը բավարարող լիարժեք պատասխաններ: Լինում են նաեւ ոչ լիարժեք պատասխաններ, բայց դրանք տրվում են անմիջապես, տվյալ գերատեսչության քարոզչության տեսակետից տրամաբանական պարզաբանմամբ: Ամենակարեւորը' իրենց անտեղյակությամբ եւ անգործությամբ չեն խոչընդոտում լրագրողի աշխատանքին' օպերատիվ եւ ճշտված տեղեկատվություն հաղորդելու առաքելությանը, ինչը ինքնին նախադրյալ է ստեղծում կառուցողական համագործակցության համար:
Նույնը չի կարելի ասել, օրինակ, Կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մասին, որի պատասխանատուն կարծես իր խնդիրն է համարում լրագրողների առաջ արհեստական խոչընդոտների հարուցումը եւ առճակատման հիմքերի ստեղծումը: Այս նախարարության համապատասխան բաժինը ոչ միայն չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը, այլեւ հարկ չի համարում լրագրողի կողմից համապատասխան հարցման դեպքում ժամանակին հետաքրքրվել կամ գոնե պայմանավորվել իրազեկ պաշտոնյայի հետ' լրագրողին ընդունելու եւ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու հարցի շուրջ: Կրթության ոլորտին վերաբերող տեղեկատվությունը «Երկիր» շաբաթաթերթի կրթության էջի պատասխանատուն հայթայթում է սեփական հնարամտության եւ անձնական ծանոթությունների, ասել է թե' իրազեկ պաշտոնյաների հետ ուղղակի շփումների շնորհիվ' շրջանցելով հասարակայնության հետ կապերի բաժինը: Արձանագրենք, որ այս նախարարության հետ աշխատանքն ավելի է դժվարացել անցագրի ինստիտուտի հաստատումից հետո. եթե նախկինում լրագրողը կարողանում էր անարգել մուտք գործել նախարարության շենք եւ, ի վերջո, գտնել իրեն հետաքրքրող հարցին տեղյակ պաշտոնյային, ապա ներկայումս' ոչ: Նախարարության դռները լրագրողների առաջ փակ են մինչեւ նրա հավատարմագրվելը, իսկ այդ գործընթացը, մասնավորապես կրթության նախարարությունում, բավական դանդաղ է ընթանում:

Վերջին շրջանում բավական տարօրինակ աշխատաոճ է դրսեւորում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը: Եթե նախկինում ուժային այս կառույցի լրատվական ծառայությունից հնարավոր էր ճշտել ինչ-ինչ տեղեկատություններ, պայմանավորվել հարցազրույցների համար, ապա ներկայումս նման նախաձեռնությունները դատապարտված են ձախողման: Ոստիկանության որեւէ պաշտոնյայի հետ հարցազրույց ունենալու խնդրանքին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում տալիս են հերթապահ պատասխան. ՙԱյդ հարցով հետաքրքրվել են նաեւ այլ լրագրողներ, եւ մոտ ժամանակներս կհրավիրվի ասուլիս»:
Իսկ «մոտ ժամանակներ» ասելով' հիշյալ հաստատությունը նկատի ունի 6 ամիսը: Համենայն դեպս, «Ինտերպոլի» հայկական ծառայության ղեկավարի հետ հանդիպելու «Երկիր» շաբաթաթերթի լրագրողի խնդրանքը նման պատճառաբանությամբ մերժվել է դեռեւս օգոստոս ամսին' խոստանալով ուսումնական տարվա մեկնարկին ուղեկցող ավտոտեսչության ուժեղացված տասնօրյակի ավարտից հետո կազմակերպել մամուլի ասուլիս' այդ մասին իրազեկելով նաեւ «Երկիրի» լրագրողին: Հիմա արդեն դեկտեմբեր ամիսն է, սակայն խոստացված ասուլիսին «Երկիրն» այդպես էլ չի հրավիրվել:

Ինքնաքննադատաբար ուզում եմ նշել, որ տվյալ պարագայում լրագրողն էլ անհրաժեշտ ակտիվություն եւ համառություն չի ցուցաբերել' իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու հարցում, որի տարբերակներից մեկը գրավոր հարցումն է: Տեղեկատվություն ստանալու այս տարբերակն իրեն գործնականում արդարացնում է, եւ գրավոր հարցումներին պատասխաններ, որպես կանոն, տրվում են: Սա է փաստում նաեւ ՀՀ դատախազության հետ աշխատանքը, որին ուղղված գրավոր բոլոր հարցումներին տրվել են գրավոր պատասխաններ:

Օրինակ' վերջին ամիսներին ՀՀ գլխավոր դատախազին ուղղվել էր գրավոր հարցում «ԱրմենՏել»-«Թելեպլաս» իրավահարաբերությունները քրեաիրավական հարթությունում դատախազության կատարած ուսումնասիրությունների, սուրճի շուկայում հայտնաբերված չարաշահումների եւ պատասխանատվության ենթարկված անձանց մասին տեղեկատվություն ստանալու խնդրանքով, որոնց էլ տրվել էր գրավոր լիարժեք պատասխան: Սակայն տեղեկություններ ստանալու այս ձեւը, մեղմ ասած, այնքան էլ հարմար չէ օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու համար:

Օպերատիվ տեղեկատվությունը դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից ստանալը «Երկիր» շաբաթաթերթի լրագրողի համար մնում է գերխնդիր: Դատախազության նշված ստորաբաժանումը համառորեն չի տեղեկացնում «Երկիրին» անգամ կոլեգիայի նիստերի մասին, որոնց մասին իրազեկվում են մնացած բոլոր լրատվամիջոցները' այդպիսով լրատվամիջոցների միջեւ ստեղծելով անհավասար պայմաններ: Այս վերաբերմունքը դրդում է լրագրողին դատախազության աշխատանքների լուսաբանումը եւ ընդհանրապես դատախազության հետ աշխատանքը կազմակերպել հասարակայնության հետ կապերի բաժնի շրջանցմամբ:
Լրագրողների հետ աշխատանքը կանոնակարգված չէ նաեւ Զինդատախազությունում: Եթե համայնքային դատախազություններում լրագրողներին տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով, իրականացնում են դատախազներն անձամբ, ապա նույնը չի կարելի ասել Զինդատախազության մասին: Այս հաստատության աշխատանքի լուսաբանման գործում անհամեմատ ավելի մեծ տեղ է հատկացվում անձնական շփումներին, այստեղ ամեն ինչ անձնավորված է:

Ի դեպ, այս խնդիրն առկա է նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարարությունում, որը մասնավորապես բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցելու համար հայտարարված մրցույթի անցկացման կարգն ու պայմաններն այդպես էլ չհրապարակեց եւ չտրամադրեց լրատվամիջոցներին, այդ թվում' «Երկիր» շաբաթաթերթին, թեեւ վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Ա. Մանուկյանը խոստովանել էր, որ դա գաղտնի փաստաթուղթ չէ:

Ամփոփելով' արձանագրեմ, որ հասարակայնության հետ կապերի կարեւորությունը հայրենի կառավարությունն անհրաժեշտ խորությամբ դեռ չի ընկալում եւ արժեւորում, անելիքներն իրոք դեռ շատ են: Անելիքներ ունենք նաեւ մենքª լրագրողներս, մասնավորապես տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը օրենքով նախատեսված բոլոր տարբերակներով իրացնելու ուղղությամբ: Քանզի, փորձը ցույց է տալիս, որ լրագրողի համառությունը դրդում է պաշտոնյային վերանայել իր անգործությունը, ասել է թե' մեր օրերում լրագրողները հանդես են գալիս նաեւ շարժիչ ուժի դերում:

Սոնա Տրուզյան
«Երկիր» շաբաթաթերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter