HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քավության նոխազ փնտրելիս

Մանե Զաքարյանց

2002թ. նոյեմբերի սկզբին զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են հաղորդագրություններ Արթիկում բռնկված դիզենտերիայի համաճարակի մասին: Քաղաքի Շինարարների, Սասունցի Դավթի փողոցների քառասուն բնակիչների մոտ հիվանդության հարուցիչ էր հայտնաբերվել:

Փորձաքննության է ենթարկվել նաեւ խմելու ջուրը, սակայն նրանում որեւէ վտանգավոր մանրէ չի գտնվել: Ի դեպ, փորձաքննության նմուշ-ջուրը վերցվել է համաճարակի բռնկումից հետո, երբ ահազանգերի արդյունքում, գերքլորացման միջոցով, նախկինում մատակարարված դեղին ջուրը մաքրվել էր:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Արթիկ» մասնաճյուղի պետի տեղակալ Արայիկ Սեդրակյանը, վկայակոչելով փորձաքննության արդյունքները, հրապարակավ հերքել է խմելու ջրից դիզենտերիայի համաճարակի բռնկման վարկածը: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները եւս հավաստել են, որ մատակարարված ջուրը համապատասխանում է «Խմելու ջուր: æրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» թիվ 2- III Ա 2-1 սանիտարական նորմերին եւ կանոններին:

Հերքելով հանդերձ' պատասխանատուներն ընդունել են, որ դեպքին նախորդող մի քանի օրերի ընթացքում խմելու ջրում բացակայել է քլորը: Իսկ խմելու ջրում սահմանված քանակի քլորի բացակայությունն արդեն իսկ սանիտարական նորմերի կոպիտ խախտում է, որի դեպքում, ըստ էության, անմիջապես պետք է դադարեցվեր բնակչության ջրամատակարարումը: Իսկ որ այդպես պետք է վարվեին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Արթիկ» մասնաճյուղի պատասխանատուները, պարզ է նաեւ ՀՀ կառավարության' 22.01.04թ. թիվ 130 որոշման 4-րդ հոդվածի' « Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման սահմանափակման ու դադարեցման պայմանների» 41-րդ կետից, որը սահմանում է. «Եթե ջրամատակարարման սահմանափակումը եւ /կամ/ դադարեցումը կապված են օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի ուժի /ֆորս-մաժոր/ դեպքերի, ինչպես նաեւ' ջրաղբյուրներում ու ջրամատակարման եւ ջրահեռացման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ջրամատակարումը դադարեցվում է առանց նախազգուշացման»:

Չքլորացված խմելու ջրի մատակարարումը բնակիչներին ինքնին ֆորս մաժորային կամ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծել. Արթիկում բռնկվել է դիզենտերիայի համաճարակ:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի հետ զրույցից հետո ավելի խորացան մեր կասկածները համաճարակի բռնկման պատճառների վերաբերյալ: Նրա փոխանցմամբ' եթե խմելու ջրից վերցրած նմուշից բացակայել է դիզենտերիայի հարուցիչը, դա դեռ—ս չի նշանակում, որ աղտոտված, չքլորացված ջուրը վարակի պատճառ չէ:

Հանրագիտարանում դիզենտերիայի հարուցիչի մասին ասվում է . «Հարուցիչը մարդկանց կարող է փոխանցվել ջրի, սննդի, կեղտոտ ձեռքերի միջոցով»: Այսինքն՝ առաջին եւ առավել հաճախ հանդիպող վարկածը վարակի տարածումն է ջրի միջոցով: Արթիկի պարագայում մյուս երկու վարկածները պարզապես քննադատության չեն դիմանում: Այսպես, ըստ Ռուբեն Խաչատրյանի' մի շատ պարզ պատճառով քիչ հավանական է դիզենտերիայի տարածումը սննդի միջոցով: Արթիկի Շինարարների, Սասունցի Դավթի փողոցների քառասուն բնակիչները, որոնց մոտ հայտնաբերվել է հարուցիչը, հարեւաններ են: Եթե հարուցիչը սննդի միջոցով տարածված լիներ, ապա քաղաքի տարբեր հատվածներում եւս պետք է հիվանդության դեպքեր գրանցվեին: Ավելացնենք, որ վարակված քառասուն հոգին իրար հետ այդ օրերին միասին սեղան չեն նստել, խնջույքի չեն մասնակցել:

Բացի նրանից, որ վարակը տարածվել է քաղաքի մի առանձին հատվածում, կա նաեւ մեկ այլ հանգամանք, որը կրկին փաստում է, որ հարուցիչը մարդկանց անցել է ջրի միջոցով: Ահազանգից հետո, երբ առանց ջրամատակարարումն ընդհատելու ջուրը գերքլորացվել է, այդ ամբողջ ժամանակահատվածում հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Եթե վարակի տարածման աղբյուրը, ինչպես պնդում են ջրամատակարարները, եղել է սնունդը կամ այլ բան, ապա կստեղծվեր անկանխատեսելի եւ անկառավարելի իրավիճակ. օրեցօր կավելանար հիվանդների թիվը, կփոխվեր համաճարակի տարածման աշխարհագրությունը:

Այդպես չի եղել, ուստի չեն հիմնավորվում դիզենտերիայի համաճարակի բռնկման մյուս վարկածները, որոնք կբացառեին ջրից վարակի տարածման կանխավարկածը:

Մեկ այլ հանգամանք եւս. մեզ հետ զրույցում մարզպետարանի առողջապահության պատասխանատուն ասաց, որ Արթիկի խմելու ջրի խողովակաշարը անմխիթար վիճակում է, եւ եթե այդ թաղամասերում չապահովվի 24-ժամյա ջրամատակարարում, ապա հնարավոր է համաճարակի նոր, առավել սաստիկ բռնկում: Հետաքննության ընթացքում տեղեկացանք, որ նոյեմբերի 10-ից հետո Արթիկի Ստեկլոմատ թաղամասի ջրամատակարարումը դարձել է շուրջօրյա, ինչը կրկին փաստում է, որ դիզենտերիայի համաճարակի աղբյուրը եղել է աղտոտված ջուրը: Հակառակ դեպքում «Հայջրմուղկոյուղին» հաշվված օրերի ընթացքում չէր կարգավորի տարիներ շարունակ անլուծելի համարվող խնդիրը:

Համաճարակի բռնկման առիթով ջրամատակարարման համակարգերի կարգավորում իրականացնող մարմինն իր պարտքն է համարել ««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ուշադրությունը հրավիրել խմելու ջրի մատակարարման համակարգերում «Խմելու ջուր: æրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» թիվ 2- 3-րդ- Ա 2-1 սանիտարական նորմերի եւ կանոնների դրույթներն անվերապահորեն պահպանելու անհրաժեշտության վրա»: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին հասցեագրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նամակն ավարտվում է հետեւյալ պարբերությամբ.

«Համոզված ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն կգործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի այսուհետեւ ջրամատակարարման համակարգերում խմելու ջրի անորակությունը, մասնավորապես քլորացման անբավարար մակարդակը, բնակչության շրջանում թունավորման դեպքերի պատճառ չդառնա»:

Ներկայումս կարգավորող մարմինը համակարգի պատասխանատուների նկատմամբ, բացի նախազգուշական նամակներ հղելուց, ցավոք, այլ լծակներ չի կարող կիրառել: «Մեղավորը» æրային օրենսգիրքն է, որը, ըստ հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի, պետք է ոչ թե մասնակիորեն փոխել, այլ ընդունել բոլորովին նոր օրենսգիրք: Այնուամենայնիվ, կարգավորողը ջրի հետ կապված ցանկացած բողոք պահում է ուշադրության կենտրոնում, ահազանգերի հանգամանալից ուսումնասիրությամբ զբաղվում է հանձնաժողովի մոնիթորինգի վարչությունը:

Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն ամեն սկանդալային դեպքի շարունակում է արձագանքել ջրամատակարարման ստորգետնյա խողովակների, կոյուղագծերի ցանցի հին եւ մաշված լինելու մասին ծանոթ երգով:

Ըստ պաշտոնական տեղեկության' «Հայջրմուղկոյուղին» սպասարկում է հանրապետության մոտ 37 քաղաք եւ 268 գյուղական բնակավայր: Կասկած չկա, որ համակարգն ուշքի բերելու համար անհրաժեշտ է մոտավորապես 260-300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որից 100 մլն-ը' անհապաղ:

Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի Կոլումբիա նահանգում Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ մեր հանրապետության համայնքային ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգն առողջացնելու նպատակով ստորագրվել է 25.56 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր: Այս ծրագրին մեր կառավարությունը մասնակցում է 2.56 մլն դոլարի համաֆինանսավորմամբ: Զարգացման վարկային ծրագիրը կավարտվի 2008-ին:

Հիշեցնենք, որ ջրային տնտեսությունում իրականացվող ծրագրերի համար ՀՀ -ն արդեն ստացել է 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ թե ինչպե՞ս են ծախսվել նախկինում ստացված վարկային միջոցները, հանրությունն արդեն տեղեկացել է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի սկանդալային զեկույցից:

æրային տնտեսության «ֆինանսական առողջացումը» այսքանով չի սահմանափակվում. 2005թ.-ի պետբյուջեի նախագծի համաձայն՝ համակարգի երեք ընկերությունների տրվելու են լրավճարներ' «Երեւանի ջրմուղ-կոյուղուն» 1202. 315 մլն (2004թ.-ին 756 մլն), «Հայջրմուղկոյուղուն» 1366. 490 մլն (2004թ.-ին՝ 592.0 մլն), «Ոռոգում» ընկերությանը' 3758.0 մլն (3303.0 մլն 2004-ին) դրամի չափով: Դրանից բացի, առանձին ընկերությունների հետ իրականացվելու են տարբեր վարկային ծրագրեր, որոնցում շահագրգիռ պաշտոնյաների պակաս չկա: Այլ խնդիր է, որ հերթական վարկային ծրագրի ոչ արդյունավետ իրականացումից հետո պատասխանատուները կամ «գոլորշիանում են», կամ էլ փնտրում են համապատասխան քավության նոխազներ:

Իսկ ամեն անգամ հանապազօրյա ջրի խնդիր լուծելիս ժողովրդին կրկին հրամցվում է մաշված ու փտած խողովակների մասին բազմիցս պատմված հեքիաթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter