Տեր-Պետրոսյանը ՀՀՇ շարքային անդամ
Կառավարության նիստերի դահլիճում դեկտեմբերի 9-ին մեկնարկեց ՀՀՇ 14-րդ համագումարը, որին ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Համագումարի աշխատանքին չէին մասնակցում «Արմատ» հասարակական կազմակերպությանն անդամակցող հայտնի մի շարք հհշականներ՝ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:
Ընդդիմադիր կուսակցություններից հրավիրված էին «Հանրապետություն» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները: «Հանրապետությունը» ներկայցնում էր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, իսկ ՀԺԿ-ն ներկայացված էր ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի մակարդակով:
Համագումարին հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա ասաց. «Փորձ է կատարվում ներկայիս վարչախումբը նույնացնել ՀՀՇ-ի հետ: Էլ ավելի մեծ տգիտություն պատկերացնել անհնար է»: Պարոն Զուրաբյանը ծանրացավ հատկապես հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Այդ հարաբերությունները մշտապես եղել են հպատակի եւ տիրոջ հարաբերություններ»,-ասաց ՀՀՇ վարչության նախագահը: Ըստ նրա, ՀՀՇ իշխանության օրոք դրանք եղել են գործընկերային, սակայն 98-ի իշխանափոխությունը հայ-ռուսական հարաբերությունները վերադարձրեց իր նախնական վիճակին: ««Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը լրջագույն հարված էր, թե երկրի քաղաքական վարկին, թե տնտեսության անկախությանը»,-ասաց պարոն Զուրաբյանը: Եւ ասաց, որ Ռուսաստանի հետ իրականացված այդ գործարքը վտանգավոր է հենց Հայաստանի իշխանության համար: «Վարչակարգը Հայաստանի շահերը ստորադասում է Ռուսաստանի շահերին»,-ավելացրեց նա եւ հայտարարեց. «Ռուսաստանի միջին կալիբրի ցանկացած չինովնիկ Հայաստանում կարող է լուծել ցանկացած հարց»:
Ըստ Արարատ Զուրաբյանի, ՀՀՇ-ն չունի հակառուսական տրամադրություններ, սակայն կուսակցությունը գտնում է, որ «մենք անկախ պետություն ենք եւ վասալային հարաբերությունները մեզ համար լիովին անընդունելի են»:
Ինչ վերաբերվում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, Արարատ Զուրաբյանը նշեց, որ ՀՀՇ-ն հետեւողականորեն շարունակելու է իր քայլերը եւրոպական կառույցներին ինտեգրվելու եւ հետագայում Եվրամիության մաս կազմելու ուղղությամբ: ՀՀՇ-ն Հայաստանը չի պատկերացնում նաեւ ԱՊՀ ռազմական համակարգերում: «Մենք գտնում ենք, որ պետք է ընդգրկվենք ռազմական մեկ դաշինքում՝ ՆԱՏՕ-ում»,-ասաց Արարատ Զուրաբյանը:
Պարոն Զուրաբյանն անդրադաձավ նաեւ հայ-թուրքական սահմանին' նշելով, որ դրա բացումը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի զարգացման համար:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, պարոն Զուրաբյանն ասաց, որ «Իրեն վարչախմբի «արմատական» ու պաշտոնական հակառակորդ հռչակած, իրականում նրա հետ գաղափարական նույն սկզբունքները դավանող կամ դրանց գերի դարձած ձեռնասուն ընդդիմության համառ ջանքերը՝ ներկա իշխանություններին ներկայացնել որպես «նախորդների» շարունակություն, ավելի քան անհեթեթ է»: Այս առիթով համագումարին ներկա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով գործող ընդդիմությունից հատկապես ու՞մ է ձեռնասուն անվանում ՀՀՇ-ն: «Հաստատ մեր մասին չէր». ասաց նա: Իսկ միգուցե ՀԺԿ-ի՞ն էր ուղղված ակնարկը: «Գիտեք՝ ոչ, ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ ՀԺԿ-ն էլ էր հրավիրված: Ովքեր հրավիրված չէին, էդ կոնտեքստում էր ասված»,-ասաց պարոն Սարգսյանը: Իսկ համաձա՞յն է բանաձեւի այն գնահատականին, թե գործող ընդդիմությունը ձեռնասուն է: «Էդ հարցի պատասխանը թող տա ելույթ կարդացողը»,-թեման փակեց Արամ Սարգսյանը:
Այսուհանդերձ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ ՀՀՇ-ն կպայքարի եւ ապօրինի վարչակարգին թույլ չի տա իրականացնելու սահմանադրական բարեփոխումներ: Նա ասաց, որ այդ ճանապարին իրենք կհամագործակցեն գաղափարական լուրջ տարբերություն չունեցող ցանկացած քաղաքական ուժի հետ:
Համագումարում եղան նաեւ այլ ելույթներ: 70-ամյա Մարիա Այվազյանը վստահեցրեց, որ համագումարից համագումար ժողովուրդն անհամբեր սպասում է, որ «իր Լեւոնը մի բան կասի ուրախալի»: Համագումարի պատվիրակ Տոնական Կարապետյանը հայտարարեց, որ քանի որ երկրում ընդդիմություն չկա, չկա նաեւ իշխանություն: Եվ եզրակացրեց. «Հայաստանը չպետք է թողնել ապաշնորհ աղվես-նապաստակների հույսին»: ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանն ասաց, որ այս իշխանություններն այնուամենայնիվ մի լավ բան արել են. «Նրանք իրենց գործունեությամբ վերականգնեցին մեր հեղինակությունը»:
Համագումարում ընթերցվեց նաեւ կուսակցության ընդունած բանաձեւը, որն արձանագրում էր այսպես կոչված ազգային գաղափարախոսության 98-ից ի վեր տեղի ունեցող ռեստավրացիան: Բանաձեւում ամրագրված էր նաեւ, որ հայդատականությունը կրթական բոլոր մակարդակներում մտցվում է ուսումնական ծրագրեր: ««Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը վերցված է Մուսոլինիի «Մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսից»:
Լեռնային Ղարաբաղի հարցին, բանաձեւն ընթերցող Աշոտ Սարգսյանն արձանագրեց, որ «Ղարաբաղի խնդիրը դրված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա-Անվտանգության խորհուրդ-հարավսլավական տարբերակ ճանապարհին» եւ որ «Սա հղի է անհեռատես պատերազմով եւ անիմաստ կորուստներով»:
Համագումարի վերջում տեղի ունեցավ ՀՀՇ վարչության ընտրություն: Այս անգամ նույնպես, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, ընտրվեց վարչության 40 հոգանոց կազմ: Արդեն երկրորդ դեպքն է, երբ վարչության կազմից դուրս են մնում ՀՀՇ վերնախավը' Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը: Շշուկներ կային, թե կառաջադրվի եւ վերջապես վարչությունում կընդգրկվի երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն սենսացիան տեղի չունեցավ: Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ ՀՀՇ շարքային անդամ: Վարչության նախագահը, ՀՀՇ կանոնադրության համաձայն, կընտրի վարչությունը համագումարից հետո:
Լրագրողներին ամենից շատ հետաքրքրում էր Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ով ելույթ չունեցավ համագումարում եւ
անպատասխան թողեց երկու տասնյակից ավել լրագրողների բազմաթիվ հարցերը: Առաջին նախագահը լռությունը խախտեց մեկ անգամ' համագումարի մեծ ընդմիջման ժամանակ լրագրողներից մեկին ասելով. «Բա որ հանկարծ ես սկսեմ ձեզ հարցեր տալ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել