
Վարորդը բերման ենթարկվեց «Մերժիր Սերժին, սիգնալ տուր» պաստառի համար
Ոստիկանության ծառայողները Մոսկովյան-Աբովյան խաչմերուկում բերման ենթարկեցին երիտասարդ վարորդներից մեկին, ում ավտոմեքենայի վրա փակցված էին «Մերժիր Սերժին, սիգնալ տուր», «Օղորմի» եւ այլ գրություններով պաստառներ։
Մինչ այդ ցուցարարների մի խումբ փակել էր խաչմերուկը։ Մոտ 45 րոպե անց խաչմերուկը լցվեց ոստիկանության խմբերով։ Նրանք ճանապարհից հեռացրին քարերն ու աղբամանները, ինչով փակված էր խաչմերուկը, այնուհետեւ վարորդներին հրահանգեցին շարժվել` բացելով երթեւեկությունը։ Եվ միայն բերման ենթարկեցին այն վարորդին, ում ավտոմեքենան «զարդարված» էր Սերժ Սարգսյանին «մերժող» պաստառներով։
Տարածքում հավաքված քաղաքացիները ոստիկաններին հորդորեցին երիտասարդ վարորդին թողնել տարածքից հեռանալ` հարցնելով, թե ինչ հանցանք է նա գործել։ Ոստիկանները պատասխանեցին, որ ազդանշան է տվել, խախտելով մարդկանց անդորրը։ Վարորդի հետ բերման ենթարկվեց նաեւ մի երիտասարդ, ում անունը Սերոբ Վերդյան է։
Ոստիկանները նրանց տեղափոխեցին Կենտրոնի բաժին։
Մեկնաբանել