HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

«Յուրայինների մեջ` օտար»

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի՝ Հայաստանում կա 311 հազար փախստական: Հարյուր հազարավոր փախստականներից ներկայացնում ենք նախադեպը չունեցող երկու պատմություն` Մարտիրոսյանների եւ Բաբաջանովաների մասին: 

 Բաքվի սպանդից հրաշքով փրկված վերոնշյալ հայ ընտանիքները 1989-90 թվականներին հանգրվանել են մայրաքաղաքի նույն՝ Մոսկովյան փողոցի 8 բնակելի շենքում: Այս շենքը Կենտրոնի բնակիչներին, «Պապլավոկի» եւ հարակից սրճարանների հաճախորդներին հայտնի է Սպիտակ շենք անունով: 

Մարտիրոսյան ընտանիքի ողբերգությունը 

 Մուշեղ Մարտիրոսյանը (Հայրենական մեծ պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ), կինը՝ Արաքսյա Կարապետյանը (2-րդ խմբի հաշմանդամ), եւ նրանց որդին՝ Սուրեն Մարտիրոսյանը, 1990-ին բռնագաղթում են Հայաստան, ապաստանում Երեւանում, Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 20 բնակարանում, որը նրանց ազգական Շուշանիկ Միքայելյանի բնակարան էր: 

Շուշանիկ Միքայելյանի մահից հետո Երեւանի Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության արտադրական վարչությունը փախստական ընտանիքին վերոնշյալ բնակարանից վտարելու հայցով դիմում է դատարան: Մյասնիկյանի ժողդատարանը 04.10.96թ. կայացնում է հետեւյալ վճիռը՝ ժողդատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ. «Երեւան քաղաքի նախկին Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության արտադրական վարչության հայցը մերժել, պատասխանողներ Մուշեղ Մարտիրոսյանին, Արաքսյա Կարապետյանին եւ Սուրեն Մարտիրոսյանին թողնել բնակվելու Երեւանի Մոսկովյան փողոցի 8 շենքի թիվ 20 բնակարանում»: 

Հաշվի առնելով ժողդատարանի վճիռը՝ 97-ի հոկտեմբերի 20-ին նախկին քաղաքապետ Վ. Սիրադեղյանը թիվ 1201 որոշմամբ ամբողջացնում եւ եզրափակում է Մարտիրոսյան ընտանիքի բնակարանային խնդիրը՝ չմոռանալով հանձնարարել. 

 1. Բավարարել դիմողի խնդրանքը՝ Մ. Մարտիրոսյանին ընտանիքի երեք անձով (ինքը, կինը եւ տղան) ճանաչել Մոսկովյան փողոցի 8 շենքի թիվ 20 մեկ սենյականոց բնակարանի վարձակալ:

 2. Հանձնարարել Կենտրոն թաղապետարանին (Ա. Զուրաբյան) Մ. Մարտիրոսյանի անվամբ, ընտանիքի 3 անձով բացել համապատասխան վարձակալական քարտ:

 3. Համաձայն սույն որոշման, Մ. Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին տալ գրանցման (ըստ բնակության վայրի հաշվառման) իրավունք:

 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի հողի, ունեցվածքի եւ կադաստրի վարչության (Վ. Հարությունյան) եւ Կենտրոն թաղապետարանի (Ա. Զուրաբյան) վրա: 

Վերոհիշյալ իրավական փաստաթղթերի օգնությամբ փախստական ընտանիքը Մոսկովյան փ. 8 շենքի թիվ 20 հասցեում ձեռք է բերում օրինական բնակության իրավունք, ճանաչվում վարձակալ: Սակայն չար բախտից հալածված գերդաստանը, այս անգամ Արաքսյա Կարապետյանի մահից հետո, առավել դաժան փորձության է ենթարկվում: Մեջբերում ենք Մուշեղ Մարտիրոսյանի՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին ուղղված հայցադիմումից, որը տրամադրել է Ա. Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի. «Կնոջս՝ Արաքսյա Կարապետյանի մահից մի քանի օր անց՝ 2000-ի հունիսի 1-ին, Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցները, առանց որեւէ պատճառի, որդուս՝ Սուրեն Մարտիրոսյանին (գնումներ կատարելիս) ուժով տանում են ՆԳ բաժին, որտեղ արդեն սպասում էր շտապօգնության մեքենան: Սուրենին տեղափոխում են Ավան-Առինջում գտնվող հոգեբուժական դիսպանսեր, այնուհետեւ` (27.06.2000թ.) Վարդենիսի հոգեբուժարան: 2000-ի հոկտեմբերի 10-ին որդուս այս անգամ էլ Սեւանի հոգեբուժական հիվանդանոց են տանում եւ շուտով դուրս գրում՝ բժշկական եզրակացության մեջ նշելով՝ «հիվանդի վիճակը լավ է, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա»: Նույն ժամանակամիջոցում, օգտվելով իմ կույր լինելու հանգամանքից, թիվ 19 բնակարանի հարեւանուհիս՝ æեմմա Գերասիմյանը, խաբեությամբ ինձ տարավ ծերանոց: Որոշ ժամանակ անց, բարի մարդկանց օգնությամբ ես դուրս եկա ծերանոցից: Անվճար վիրահատությունից հետո տեսողությունս վերականգնվեց, ապա փնտրեցի եւ գտա որդուս՝ Սուրենին»: Հայր եւ որդի Մարտիրոսյանները, իրար գտնելուց հետո, որոշում են վերադառնալ տուն` Մոսկովյան փ. 8 շենքի թիվ 20 բնակարան: Վերադարձի փորձը բախվում է դռան փոխարեն շարված պատին եւ ջարդուփշուր լինում: Տարիներ շարունակ թիվ 20 բնակարանին աչք դրած æեմմա Գերասիմյանը ամուսնու՝ Լեւոն Պեշտմալջյանի, դստեր եւ փեսայի հետ թիվ 19 բնակարանի ներսից քանդում է միջնորմ-պատը եւ տիրանում թիվ 20 բնակարանին` փակելով վերջինիս արտաքին դուռը: 

«Մոսկովյան 8» համատիրության նախկին նախագահ Լեւոն Շալջյանի՝ Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանին ուղղված միջնորդագրում նշված է. «Մոսկովյան 8» համատիրության վարչությունը, տեղյակ լինելով ազատված բնակարանից, (ուշադրություն դարձրեք «ազատված» որակմանը-խմբ.), միջնորդում է «Կենտրոն» թաղապետարանին իր տնօրինության տակ գտնվող Մոսկովյան փող. 8 շենքի թիվ 20 (20,7 քառ.մ բնակմակերեսով) բնակարանը՝ կոմունալ հարմարություններով, հատկացնել քաղ. æեմմա Գերասիմյանին»: Չմոռանանք նշել, որ բռնագաղթած փախստականների միակ օթեւանը զավթած æ. Գ.-ն ինքն էլ բռնադատվածի ժառանգ է, նույն աստիճանահարթակում ունի մեկ սենյականոց բնակարան (թիվ 19), որտեղ ապրում է աղջկա ընտանիքը, եւ ունի 2 սենյականոց առանձին բնակարան՝ թիվ 21-ը, որտեղ ինքն է ապրում ամուսնու հետ: 

Փախստականներն այդպես էլ չեն կարողանում մուտք գործել իրենց տուն, որտեղ հաշվառված էին (անձնագրերում եւս կան հաշվառման, իմա՝ գրանցման, կնիքները): 

 Մուշեղ Մարտիրոսյանը, չդիմանալով վշտին, շուտով վախճանվում է Նորքի ծերանոցում, իսկ որդին՝ Սուրեն Մարտիրոսյանը, տեղափոխվում է բացօթյա կացարան՝ բակի տաղավարը: Ականատեսները պատմում են, որ Սուրիկն անընդհատ կրկնում էր. «Ես այստեղ եմ ապրում, ոչ մի տեղ չեմ գնա»: Իսկ նրան քշողները շատ էին՝ համատիրության նախագահը, բնակարանի «նոր տերերը»: Շատ էին նաեւ կարեկցողները, ովքեր կերակուր եւ փող էին տալիս ռազմական սուզանավի նախկին սպային: Վերջինս էլ բակի երեխաների մաթեմատիկական խնդիրներն էր լուծում: æեմմա Գերասիմյանի եւ նրա ամուսնու մտերիմ Լեւոն Շալջյանին վերջապես հաջողվում է սպառնալիքների օգնությամբ բակից քշել Սուրենին: Այս անգամ վտարանդի անօթեւանն ապաստանում է «Առագաստ» բարձրաշխարհիկ սրճարանի այգում, որտեղ էլ մի օր նրան գտնում են մեռած: 

 Պատմություն երկրորդ` կամ նույն ձեռքով 

Կրկին Բաքվից եւ կրկին նույն բակում, այս անգամ 1989-ին, կիսանկուղային հարկում ապաստանում են մայր եւ աղջիկ Բաբաջանովաները: Ծախում են, ինչ հնարավոր էր ծախել, եւ կարճ ժամանակ անց խորդանոցը դարձնում բնակարան: 

 Առեւտրով մի կերպ գոյությունը քարշ տվող ընտանիքը 1995-ին ավազակային հարձակման է ենթարկվում, եւ ոստիկանի համազգեստով Բաբաջանովաների տանը հայտնված Արթուր Մարդոյանը շուտով դառնում է ընտանիքի մտերիմը: Ներկայանալով ամուրի, շահելով Լիլյա Բաբաջանովայի համակրանքը՝ իբր թե նրա անվտանգության համար սկսում է վերցնել փախստականի թանկարժեք զարդերն ու չի վերադարձնում: Վերցնում է նաեւ փախստականի գրքույկը, կոմունալ ծառայությունների, էլեկտրականության վճարումների անդորրագրերը, իբր թե մորն ու աղջկան Մոսկովյան փ. 8 շենքի 48 բնակարանում գրանցելու համար, սակայն... 

Ավազակային հարձակման ժամանակ կողոպտված զարդեղենի արժեքը տերերին փոխհատուցելու համար մայր եւ աղջիկ մեկնում են Հյուսիսային Կովկաս: Չերկեսկում գերեվարվում են չեչեն գրոհայինների կողմից: Գերությունից ազատվում են Ռուսաստանի դաշնային զորքերի օգնությամբ: Երեւան են վերադառնում 4 ամիս հետո, ու երբ փորձում են համատիրությանը կոմունալ վճարումներ կատարել, նախագահ Լեւոն Շալջյանը հայտարարում է. «Բնակարանն արդեն տեր ունի՝ Արթուր Մարդոյանն է, նա էլ կկատարի վճարումները»: 

Բաբաջանովաները սկզբում լուրջ չեն ընդունում ասվածը, ապա քիչ-քիչ ուշքի են գալիս եւ փախստականների միակ օթեւանին խաբեությամբ տիրացած Արթուր Մարդոյանի՝ տնից վտարելու հոխորտանքին փորձում են դիմակայել՝ արդարության փշոտ ճանապարհով տեղ հասնել:

 «Երբ մեր վարձած փաստաբանը սկսեց Արթուր Մարդոյանի ներկայացրած փաստաթղթերի կրկնօրինակները պահանջել, պարզվեց, որ համատիրության նախագահ Լեւոն Շալջյանը Ա. Մ.-ին տեղեկանք է տվել այն մասին, որ նա 1989-ից բնակվում է այստեղ: Բացահայտ կեղծիք, որը վավերացրել է խարդախության մեծ փորձ ունեցող նախագահը: Ա. Մարդոյանը նշված ժամանակահատվածում, այսօր էլ հաշվառված է Նալբանդյան փողոցի 51 շենքի թիվ 22 բնակարանում (4 սենյականոց): Բացի այդ, փաստաբանի պատրաստած դիմումի տակ, որ ես եւ մայրս 1989-ից ապրել ենք Մոսկովյան 8/48 հասցեում, կատարել ենք տարածքի հիմնավերանորոգում, ստորագրել են 17 հարեւաններ: Հարեւանները պատրաստակամ են դատարանի դահլիճում եւս վկայել, որ, բացի մեզանից, ուրիշ ոչ ոք չի ապրել վերոնշյալ հասցեում, եւ իրենք ոչ մի Արթուր Մարդոյանի չեն ճանաչում»,- ասում է Լ. Բաբաջանովան: 

«Որ 1989-ից ես եւ մայրս ապրում ենք Մոսկովյան 8, բն. 48 հասցեում, համատիրության նախագահ Լեւոն Շալջյանը մի տեղեկանք էլ մեզ է տվել: Տեղեկանք է տվել նաեւ այն մասին, «որ Արթուր Մարդոյանին տրված տեղեկանքը համարել անվավեր: 

Համատիրության նախագահը, պարզվում է, մի անհաջող փորձ էլ է արել. մեր միակ օթեւանը առաջարկել է մեր հարեւանին, իբրեւ վաճառքի ենթակա ազատ տարածք՝ պահանջելով 35 հազար ԱՄՆ դոլար, չիմանալով կամ միտումնավոր «մոռանալով» ՀՀ կառավարության 1992-ի ապրիլի 29-ի թիվ 255 որոշման («ՀՀ-ում փախստականների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման միջոցառումների մասին») 10-րդ կետի մասին. «Պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, ՀՀ ՆԳՆ-ին, բոլոր նախարարություններին, գերատեսչություններին, ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավարներին, ՀՀ դատախազությանը՝ ժամանակավորապես դադարեցնել հյուրանոցներից, պանսիոնատներից, առողջարաններից, հանգստյան տներից, հանրակացարաններից եւ ժամանակավոր այլ կացարաններից փախստականների վտարումը, եթե դա չի կատարվում դատական վճռով կամ եթե իրավասու պետական մարմնի կողմից սահմանված կարգով չի տրված համապատասխան փաստաթուղթ՝ փախստականին այլ բնակավայր մշտական բնակության տեղափոխելու մասին»»,-ասում է դուստր Բաբաջանովան: 

Մի քանի տարի է, ինչ մայր եւ աղջիկ Բաբաջանովաները արդարադատության մարմիններից արդարություն են հայցում: Շուրջ 15 տարի իրենց կողմից փաստացի օգտագործվող տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը այդպես էլ չի ճանաչվում դատարանների կողմից, երբ ամբողջ այդ ժամանակահատվածում նկուղային հարկի բնակիչները կատարել են բոլոր կոմունալ վճարումները, երբ հարեւանները վկայում են, որ բացի Բաբաջանովաներից ուրիշ մեկը (Արթուր Մարդոյանը-խմբ) չի ապրել այդ հասցեում: 

 Վկայում են, փաստում, սակայն տարբեր ատյանի դատարանները կայացնում են միեւնույն վճիռը, որով փախստական ընտանիքին պարտադրվում է ազատել «ուրիշի սեփականություն» հանդիսացող բնակարանը: Փախստական ընտանիքը դատական կատարածուների այցելություններից միայն վերջերս է մի փոքր խաղաղվել: Այն բանից հետո, երբ նրանց գործով սկսել է զբաղվել մարդու իրավունքների ՀՀ Պաշտպանը: Ըստ մեր ունեցած վերջին տեղեկության` մարդու իրավունքների Պաշտպանը Բաբաջանովաների գործն ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժին, որտեղ հանգամանալից ուսումնասիրում են ոչ միայն այս ընտանիքի «Չարչարանաց պատմությունը», այլեւ Մարտիրոսյանների ծրագրված սպանությունը, հատկապես, երբ փախստականների հետ հաշվեհարդարի երկու սցենարն էլ գրվել են նույն ձեռագրով, իրականացվել նույն հասցեում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter