HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգէն Յովսէփեան. «Մեր Յոյսը Ողջ է»

Քանի օր է արդէն, ալեկոծած է ոչ միայն Երևանը, այլ մեր հոգիներն ու ամբողջ հայկական աշխարհը: Շարժառիթը անշուշտ բողոքի նոր ալիքն է որ ծնունդ առաւ Երևանի փողոցներէն, որուն արմատները` տարիներու վրայ երկարող ու կուտակուած ցասումն է, որ ապրած է հայ ժողովուրդը ի տես անարդարութիւններու և առհասարակ թերի քաղաքական ու ընկերա-տնտեսական ուղեգծերու:

Շարունակ երբ նիւթը Հայաստանէն արտագաղթն է, կամ սփիւռքի տարածքին ազգային օրակարգին հանդէպ զարգացող անտարբերութիւնը, ամենէն մեծ դժբախտութիւնը եղած է այն որ հայ մարդոց յո՛յսն է որ ցնդած ու ճզմուած է օրէ օր: Եւ ո՞վ չէ հասկցած թէ մեզի նման փոքր ազգի և համեստ ուժի տէր երկրի համար, յոյսը շունչ է, կեանքի աղբիւր է:
Հետեւաբար, այսօր Երևանէն ծնունդ առած շարժումը վկայութիւնն է այն բանին, որ յոյսը մեռած չէ՛: Ընդհակառակն, այս առիթով մեր սրտերուն և հոգիներուն մէջ վերանորոգուող յոյսը, գուցէ ամենէն դրական զարգացումն է որուն վրայ պէտք է գուգուրալ ու թռիչք տալ անոր: Այս յոյսն է, որ պիտի առաջնորդէ լաւին ու բարենորոգուածին:

Կանգնած ըլլանք իշխանական դիրքերու, թէ այս վերջիններէն պահանջողի խրամատներուն մէջ, եթէ ազգն ու հայրենիքն են մեր առաջնահերթութիւնները, այսօր իբրեւ հայեր մեզմէ իւրաքանչիւրիս պարտքն է ու պատասխանատւութիւնը` զարկ տալ յոյսի ալիքին, իւրացնել այդ ալիքը, և զայն վերածել բարենորոգումներու, հիմնական և համակարգային փոփոխութեան առիթի, որուն այնքան կարիքը ունի Հայաստանը և մենք բոլորս:

Այլ կերպ կարելի չէ,որովհետեւ անգամ մը ևս խեղդել յոյսի ալիքը, կը նշանակէ խեղդել մեր ապագան:

Յոյսը յորդորներով կամ խարազանումով չի մշակուիր:
Ոչ ոք իրաւունքը ունի խեղթելու ժողովուրդի, և մանաւանդ երիտասարդութեան յոյսի թռիչքը, որ այսօր փողոց իջած է բարեփոխելու իր կեանքը, մե՛ր կեանքերը:

Այն ինչ ոմանց համար պիտի նկատուէր տագնապալի կացութիւն, պէտք է որ ընդունինք որպէս իւրայատուկ պատեհութիւն մը առաջնորդուելու և առաջնորդելու դէպի աւելի լաւը:

Կը մնայ ուրեմն, որ իւրաքանչիւրս իր կարողութեան սահմաններուն մէջ նպաստէ որ ծնունդ առած շարժումը իր տեղը հասնի առանց արիւնայեղութեան, և մեզ հասցնէ իրական, խորքային, և համակարգային բարեփոխութեան` յանուն ժողովրդավար և արդա՛ր կարգերով Հայաստանի, որը խարիսխն է և խթանը մեր ազգի հզօրութեան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter