Օրհնված ջրի կռիվ. թե ինչպես է տոնվում Սուրբ ծնունդը հայոց եկեղեցիներում
Սուրբ ծննդյան տոնն է, հունվարի վեցը: Հայ եկեղեցիներից մեկում Սուրբ պատարագ է: Մարդկանց բազմություն, եկեղեցին լեփ-լեցուն է: Մարդկանց ելումուտը չի դադարում: Ամբոխի միջով խցկվելով` անընդհատ ներսուդուրս է անում ժողովրդի մի մասը: Այս մարդիկ երևի չգիտեն, որ պատարագի ժամանակ ուղղակի պետք է կանգնել և լսել, իսկ պատարագի խոսքերին ծանոթ լինելու դեպքում նաև երգչախմբի և հոգևորականների հետ միասին երգել և արտասանել Աստծո գովաբանությունը:
Մեղքերի թողության ժամանակն է, մի մասը ծնկի է գալիս, իսկ մյուս մասը կամ չի կարողանում ծնկի գալ նեղվածքի պատճառով, կամ չգիտի, որ Աստծուց թողություն խնդրելու ժամանակ պետք է ծնկի գալ: Կան նաև շատերը, ում հավատքը դեռ չի հաղթահարել մարդկային հպարտությունը, որ թույլ տա ծնկի գալ:
Հաղորդություն ընդունելու պահն է, արդեն եկեղեցու խորանի մոտ իրարանցում է սկսվել, երկու տղամարդ սկսում են բարձրաձայն վիճել, քիչ է մնում կռվեն: Հաղորդության ժամանակ բրդբրդոցը ավելի է թեժանում, դեպի խորան հնարավոր չէ առաջանալ, բոլոր կողմերից հրում են, բոլոր կողմերից առաջ են շարժվում:
Հավատացյալներից մեկը մոտենում է այդ պահին ժողովրդի մեջ հայտնված քահանաներից մեկին: Նա հարցնում է` չի կարելի արդյոք այս գործողությունը այնպես կազմակերպել, որ նման իրավիճակ չստեղծվի: Քահանան հանգիստ պատասխանում է` միշտ էլ այդպես է լինում, արդեն հազար յոթհարյուր տարի է, ժողովուրդն անկարգ է… Կարծես նա այս ժողովրդի ներկայացուցիչը չէ: Եվ ինչպե՞ս է այս «անկարգ» ժողովրդի համար հոգևոր սպասավորություն անում, եկեղեցականներն առանձին դա՞ս են, ժողովուրդը չէ՞ արդյոք եկեղեցին, կամ ժողովրդի համար չ՞է, որ ստեղծվել է եկեղեցին:
Ժողովրդին կրթելը և կարգապահություն կազմակերպելն այդ պահին շատ հեշտ է. պետք է, որ սպասավորների մի մասը ընդամենը իջնի խորանից, իջնեն իրենք իրենց վայել համարվող ավելի բարձր դիրքից, մտնեն ժողովրդի մեջ, խոսեն, բացատրեն, քարոզեն` մի՞թե սա չէ հոգևոր սպասավորի առաքելությունը, մի՞թե այսպես չէ, որ նա պետք է ճշմարիտ լույսի հավատքի բերի իր ժողովրդին:
Այս նույն քահանան մի տեսակ քմծիծաղով զգուշացնում է` դեռ ջուր չե՞ն սկսել բաժանել, այդ ժամանակ կտեսնեʹք… Եվ ահա, իր ասածի համաձայն, եկավ «աղոթած ջուր» բաժանելու պահը: Հաղորդության իրարանցումն այս գզվռտոցի համեմատ ոչինչ էր: Շշերը ձեռքին մարդիկ գրոհում են դեպի խորան, ճչում, բրդում, մի մասը չդիմանալով ճնշմանը` վատանում է: Մինչ այդ քահանաներից մեկը, խորանի վրայից խոսելով, զգուշացրել էր, որ մարդիկ իրենց քրիստոնեավայել պահեն և քահանաների համար տարածություն ազատեն թափորով անցնելու համար: Նա իրեն համարեց իր պարտքը կատարած` դե մենք ասում ենք, ժողովուրդը չի լսում, իսկ մեր մատը մատին խփելու կարիք իհարկե չկա: Այսպիսով, մի քանի քահանա բառացիորեն «ազատում է իր գլուխը» խորանի մոտից, ուր չտեսնված և չափազանց տհաճ իրարանցում է:
Քիչ առաջ ժողովրդի մեջ հայտնված քահանան պատահմամբ հայտնվում է նույն հավատացյալի տեսադաշտում: Վերջինս վրդովված մոտենում է նրան և ասում, որ հոգևորականներն իրենց պարտականությունը լավ չեն կատարում և դրա պատճառով է, որ մարդիկ աղանդների են դիմում:
Քահանան կամ բան չունի պատասխանելու կամ էլ իրեն վայել չի համարում, իսկ իր կողքին գտնվողներից մի քանիսը միջամտում են` չի կարելի այսպես խոսել նրա հետ, ոստիկանի հետ այդպես վրդովված կխոսե՞իք, ասում են նաև, որ նրանք, ովքեր իրենց սրտում ունեն Աստծո օրհնություն, չեն գնա աղանդներին: Վրդովված խոսելը հանդիմանելուց բացի այլ արդարացում չկա՞ արդյոք քահանայի համար, խորանի առաջ գզվռտվող մարդի՞կ են, որ իրենց սրտերում ունեն օրհնություն…
Գոռոզ է մեր հոգևոր դասի մեծ մասը, վեր է պահում իրեն ժողովրդից, իր սպասավորությունը անում եկեղեցում, և դա բավարար համարում: Իսկ ո՞վ պետք է կրթի, հավատքի և լույսի բերի մարդկանց, որոնցից շատ շատերը նույնիսկ ճիշտ խաչակնքվել չգիտեն, էլ չասենք` թե որքանը կարող է «Հայր մեր» աղոթքն ասել: Արդյո՞ք հոգևորական դառնալուց մարդը չի որոշում ծառայել եկեղեցուն և ժողովրդին: Թե՞ միայն եկեղեցական ծեսերի ճիշտ կատարելը բավարար է. եկեղեցին ժողովրդից առանձին մարմին է:
Բայց այս ամենը զարմանալի չէ. շա՞տ կան մարդիկ, որ մեր երկրում լավ են կատարում իրենց պարտականությունները, շա՞տ կան մարդիկ, որոնք թերևս գիտեն, թե որոʹնք են իրենց պարտականությունները, շա՞տ կան մարդիկ, որ երկիրը կառավարող դիրքեր են գրավում իրենց գիտելիքների և անհրաժեշտ ունակությունների շնորհիվ…
Արմեն Հովհաննիսյան
6 հունվարի 2012 թվական
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել