HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գողն օր տնից կեղնի, եզն երդկեն կհանեն

Ախուրյանի տարածաշրջանի Մայիսյան գյուղում սեպտեմբեր ամսին 82 գլուխ ոչխար էր կորել: Երիտասարդ հովվին`Կարեն Առաքելյանին սկզբնական շրջանում հաջողվել էր համագյուղացիներին հաշտեցնել այդ մտքի հետ, բայց դե սա Անտառամեջը չէր, կորածն էլ 4 ոչխար չէր, հնձվորներով, անասնապահներով չէին կերել, փողը տիրոջը չէին տվել, որեւէ մեկը փորհարիք չէր ընկել:

Ամենաշատ ոչխար կորցրած մայիսյանցի անասնատերերը սկզբում հավատացել, մի շաբաթ տարբեր ուղղություններով փնտրել, հետո սկսել են կասկածել ու չհաշտվել կորուստի վարկածի հետ` հատկապես, երբ հիշել են, որ այդ ընթացքում ոչխար գնելու նպատակով գյուղ մարդիկ են այցելել ու չգիտես ինչու թակել հենց ոչխար չունեցող հովվի դուռը:     

Կորած ոչխարների խնդրով գյուղ ոստիկան չէր գործուղվել, որովհետեւ որեւէ մեկը Ռևազի կնոջ օրինակով բողոք չէր գրել: Դրա փոխարեն մայիսյանցի Շաքրոյի տղա Ստեփանն էր մի օր բռնել հովիվ Կարենի օձիքից, խցկել մեքենան ու տարել Ախուրյանի ոստիկանության բաժին, հայտարարություն տվել, թե էսպես ու էսպես. «Ես կասկածում եմ, որ իմ ունեցած 37 գլուխ ոչխարն այս ապիկարը վաճառել է, բերել եմ, որոշեք ինչպես եք վարվելու»:

2011թ.-ի դեկտեմբերին մի խումբ մայիսյանցիներ բան ու գործ թողած Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դռներն էին մաշում: 34-ամյա Կարեն Առաքելյանին քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը յուրացրել է իր վստահությանը հանձնված Շաքրո Սանոսյանին պատկանող 2 մլն 200 հազար դրամ ընդհանուր արժողության 37 գլուխ, Հրաչ Սարգսյանին պատկանող 200.000 դրամ արժողության 4 գլուխ, Սարգիս Գասպարյանին պատկանող 100.000 դրամ արժողության 2 գլուխ, Դավիթ Սերոբյանին պատկանող 30.000 դրամ արժողության 1 գլուխ, Օֆելյա Մելոյանին պատկանող 35000 դրամ արժողության 1 գլուխ եւ եւս 6 անձանց պատկանող ոչխարներն ու գառները` պատճառելով ընդհանուր առմամբ 4 մլն 070.000 դրամի վնաս:

Դատարանում Կարենը լիովին ընդունեց մեղքը` խնդրելով անցկացնել արագացված դատաքննություն: 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց վճիռը: Ձախորդ հովիվն առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար դատապարտվեց 5 տարի ազատազրկման, իսկ վնասի հատուցումը ծանրացավ ընտանիքի անդամների վրա: Կարենի արարքից ամենաշատը տուժած Շաքրո Սանոսյանը պնդում էր, որ ամեն ինչ այլ ընթացք կստանար, եթե Կարենը համաձայնվեր իր առաջարկած պայմանին. «Էլ դատ ու դատաստան չէր էղնի, աղջիկ ջան, դու օր գաս մեր գյուղ, ես ավելի մանրամասը կպատմեմ ու էլի շատ բաներ կըսեմ, օր ըստեղ չըսին»,-խնդրեց 80-ամյա Շաքրո Սանոսյանը:

Մայիսյանում ամբաստանյալի եւ տուժողի տները գտնվում են հարեւանությամբ: «Գողն օր տնից կեղնի, եզն երդկեն կհանեն, աղջիկ ջան, հայտնի խոսք է: Ըդուր համար էլ երկար վախտ չէինք հավատա, թե հարեւան մարդ ու կրնա ըդպես վատություն էնե»,-նկատում է Շաքրո պապը:

Նրա պատմելով, գարնանը Կարենն անձամբ է դիմել մի քանի համագյուղացիների` ոչխարը արոտ տանելու, հովվություն անելու համար: Քանի որ գյուղում ուրիշ մեկը ցանկություն չի հայտնել հովվություն անելու, 10-11 ընտանիք իրենց մանր եղջերավոր անասունները վստահել են Կարենին: «Չնայած ըսեմ, օր թաթալաբազ տղա էր, սաղս էլ գիտեինք, մե տարիմ ընձնից էլի 3 ոչխար էր կորցրել, 2-ի փողը 30 հազար դրամով հաշվի վերցրեցի, մեկն էլ փեշքեշ էրեցի, ըսի զավակ ես ունեցել, հաշվենք էդ էլ իմ մաղարիչը: Ինքը քիչմ անվստահելի մարդ էր, բայց դե ուրիշ տարբերակ չունեինք»,-ասում է Շաքրո պապը:

300 գլխից ձեւավորված հոտի գրեթե կեսը պատկանել է Շաքրո Սանոսյանին`126 ոչխար, ու ամենաշատ ոչխարն էլ Կարենը վաճառել է հենց հարեւանի հալալ քրտինքով պահած մեծացրած սեփականությունից: Հովիվ Կարենը, չնայած երտասարդ տարիքին, պարբերաբար բողոքել է ճնշման բարձրացումից եւ դեպքից դեպք խնդրել Շաքրո պապին փոխարինել իրեն: Սեպտեմբերյան մի օր էլ նույն հիվանդությունը պատճառ բերելով` ամբաստանյալն եկել է տուժողի տուն ու խնդրել, որպեսզի վերջինս ոչխարը արոտ տանի:

«Ստիպված համաձայնվա, որովհետեւ ոչխարի շատ մասն իմն էր, ասի` լավ կտանիմ,-պատմում է Շաքրո Սանոսյանը,-ոչխարն օր բաց թողի, տեսա օր մե բանմ նի տո է, կասկածն ընկավ սիրտս, 10-20 հատով հաշվի, տեսա օր մե 100 հատ կպակսի: Ետ դառուցի ոչխարը բերեցի, գնացի իրանց տուն, ըսի` Կարեն տղա դու կամ ծախել ես կամ կորսուցել ես, ըսա տեսնիմ` ինչ ես էրել ըդքան ոչխարը: Ինքն էլ միթոմ իրան վատ զգա~ց, սիրտը բռնե~ց, ընձի դառավ թե ձին տուր էրթամ ման գամ, հաստատ կորել են»:

Ոչխարի մի խմբաքանակ հաջորդ օրն հաջողվել է գտնել արոտավայրից, սակայն 82 ոչխարն այդպես էլ չի հայտնաբերվել: Շաքրո պապին վրդովվեցրել էր հանգամանքը, որ իր նման հարգված, ազնիվ կյանքով ապրած մարդու անունը Կարենը ցանկացել էր մրոտել:

«Եթե ես չկասկածեի, չհաշվեի ու ոչխարը տանեի արոտ, էդ պակասը բդի մնար իմ վրա, գեղացիք բդի ըսեին` դու ես կորսուցրել»,-վրդովվում է 80-ամյա Շաքրո պապը:

Գողության կամ վաճառքի փաստը անասնատերերն երկար ժամանակ որպես վարկած առաջ չեն քաշել: Նույնիսկ որոշել են ամբողջ գյուղով 5-հազարական դրամ հավաքել, դիմել նաեւ գյուղապետին աջակցության համար, գումարը տալ Կարենին, որպեսզի վերջինս կարողանա կորուստ ունեցող գյուղացիների պարտքը փակել: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ է եկել: Նախ համագյուղացիներից մեկի գոմում հայտնաբերվել է Սանոսյանների պատկանող մեկ ոչխար, եւս երկուսը Կապս գյուղից դուրս գործող անասնապահական մի ֆերմայում, կորած ոչխարների հետքերը հասցրել են մինչեւ Գյումրի: Այսպիսով բացահայտվել է ոչխարների վաճառքի փաստը:

«Էն սկզբի վախտն օր ման գուկայինք ու չէինք գտնի, ես կանչի Կարենին, իրա ծնողներին մեր տան մեջ առաջարկի պարտավորագիր ստորագրե, օր 5 տարի աշխատի իմ համար, պարտքը փակե: Հլա 10 ոչխարն էլ հեչ էրի, վերջը հարեւան մարդ ենք, ըսի` դու էն 27-ի պարտքը փակե,-պատմում է Շաքրո պապը,-սկզբում համաձայնվան, պարտավորագիրը գրինք, բայց հետո պարզվավ` անասունը չի կորել, մարդը դրել ծախել է: Ըսինք` ծախել-ծախել ես, գոնե փողը բեր տուր, ինչքան օր կա մոտդ, էն մնացածն էլ կաշխատիս կփակվիս, Կարեն ջան, մեղք ես, ընչի ընգնիս միլիցիայի դռները: Ինչ կանգնի ըսե, օր լավ էղնի…ըսավ` փող չունիմ, ծախսել եմ: Հորն ու մորը կհարցնենք, կըսեն մեզի փող չի տվել, հերն էրեխու պես գուլար, կնգան կհարցնենք, կըսե` ընձի 1000 դրամ է տվել, օր երեխեքին կանֆետ-մանֆետ առնիմ, մե անգամ էլ պռավիզ է տուն բերել: Բայց ինքը մենակ 2 մլն մեր ոչխարը ծախելուց է աշխատել: Հետո իմացանք օր անբարոյական աղջիկների վրա է ծախսել, ըսոնց համար տելևիզոր, էլ չիդեմ ինչեր է առել, ռեստորանի հաշիվ է փակել»:

Նույնիսկ այդքանից հետո մայիսյանցիները տրամադրված չեն եղել դիմել իրավապահ մարմիններին: Կարենի ծնողները տուժողներին խոստացել են փոխհատուցել գումարը` տունը եւ հողը գրավ դնելով, իսկ Շաքրո պապը կրկին առաջարկել է աշխատանքով իր պարտքը փակելու տարբերակը:

«Ամիսը 160 հազար փող բդի առներ Կարենը, թող 60 հազարը վերցներ տան համար, էն 100 հազարը թողներ պարտքի տեղ: Իմ հաշվարկով 2 տարում կփակեր, սկզբում համաձայնվան, հետո չիդեմ ինչ էղավ, օր հերն ու հորոխպերը դարձան, թե թող էրթա նստի: Մե օրմ սպասինք, մտածինք` կարողա փոշմանեն, ընդունեն մեր առաջարկը, տեսանք օր ձեն ձուկ չկա, էդ վախտը նոր դիմեցինք միլիցիա: Դեպքը սեպտեմբերին էր եղել, մենք մե ամիսմ համբերինք, հետո նոր ստիպված բողոքեցինք»:

Ըստ Շաքրո Սանոսյանի` գործը քննող քննիչը օբյեկտիվ մոտեցում չի ցուցաբերել եւ մսատու ոչխարը գնահատել է 35 հազար դրամ, այն դեպքում, երբ սեզոնին ոչխարի արժեքը 50-ից 65 հազար դրամի սահմաններում է տատանվում: Այդ խնդրին անդրադարձ չի եղել նաեւ դատարանում: Եթե հաշվարկն արվեր իրական գներով, ապա վնասը կանցներ 5 մլն դրամից:

«Աղջիկ ջան, ընձի ճիշտ հասկցի, ըստեղ ըդքան փողի հարցն էլ չէ, ինչքան մարդկության, մարդս բդի մարդ էղնի: Հարեւան մարդ էինք, էսօրվա օրը մե անպետքիմ պատճառով փաստորեն չբդի կրնանանք պարզ իրար երես նայինք, ցավս ըդիկ է: Այ ըդուր համար ըսի` արի ես սաղ  քեզի կպատմեմ, թե չէ կողքից մարդիկ մեզի էին վատը հանել»,-նեղսրտում է հարեւանասեր ու խաթրաշահ Շաքրո պապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter