HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ն. Փաշինյան. «Բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանների շուրջ»

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն այսօր դարձյալ ավարտվեց հանրահավաքով Հանրապետության հրապարակում: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց վաղ առավոտից սկսված տարբեր գործողությունների եւ քայլերթի մասին տեղեկությունների տրամադրմամբ եւ իրավիճակի վերլուծությամբ: Նա ասաց, որ այսօր առավոտյան քայլերթը սկսելիս ոստիկանությունը որոշում էր կայացրել հեռացնել իրեն, դա նշանակում էր` բերման ենթարկել: Երբ ինքն այդ մասին հայտարարեց ուղիղ եթերում, իր խոսքով` տեղի ունեցավ աներեւակայելի բան. 20 րոպեում փակվեցին բազմաթիվ ճանապարհներ` այդ թվում Բագրատաշենի եւ Զվարթնոց օդանավակայանի: Այդ ժամանակ էր, որ ոստիկանությունը մի քանի` Փաշինյանի բնութագրմամբ սպառնալի հայտարարություններ տարածեց, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարություն տարածեց, որով երկխոսության կոչ արեց:

Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց լրագրողներին եւ ասաց. «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ գնահատել ստեղծված վիճակը, որ այն փոխվել է, իր իմացած Հայաստանը, Երեւանը այլեւս գոյություն չունի: Ես լրագրողների միջոցով եղբայրաբար դիմեցի ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ ասացի` գնացեք Ս. Սարգսյանին բացատրեք, որ երկրում իշխանությունը փոխվել է արդեն, որ ժողովուրդն իր ձեռքն է վերցրել իշխանությունը եւ իմ ձերբակալությամբ ոչ մի հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու, եւ այն երաշխիքները, որ իմ այստեղ լինելով գոյություն ունեն, իմ բացակայությամբ չեն լինի: Պարոնայք, Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է»:

Այս երեկո նա կրկին դիմեց հիշատակված պաշտոնյաներին` հավաստիացնելով, որ իր խոսքում հեգնական երանգ չկա. «Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը պրոբլեմներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, եւ Կուտոյանի պարտքն է դա բացատրել նրան: Դա դավաճանություն չէ, բացատրեք, որ նա պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա ուղղակի»:

Ապա Փաշինյանը հավաքվածների համար վերլուծեց իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները: «Սկզբում մեր շարժումն արհամարհում էին, որ մարի, հետո փշալարեր բերեցին, որ մարի, հետո մտածեցին` բերման ենթարկեն` կմարի, ավտո ջարդեն` կմարի, հիմա էլ մտածել են ինձ ձերբակալեն` կմարի: Եթե նույնիսկ ինձ այսօր ձերբակալեք, միեւնույն է, պիտի ԱԺ բերեք ինձ, հատուկ նիստ անեք, ես այնտեղ եմ լինելու, եւ երբ ես այնտեղից ելույթ ունենամ, այդ օրը լինելու է ձեր վերջին օրը: Երբ այսօր փորձում էիք ինձ բերման ենթարկել, Զվարթնոցի, Բագրատաշենի ճանապարհները փակվեցին: Սթափվեք»,- իշխանություններին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով երեկ երեկոյան եւ գիշերը շարժման կողմնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, երբ «դաժան ձեւով բերման էին ենթարկում, բանդաները ջարդում էին որոշ ավտոմեքենաներ, որոնց տերերը միացել են երթերին եւ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիային, Փաշինյանը բացատրեց, թե ինչու են այդ ամենը անում. «Այդ ամենն արվում է, որ մեզ պայքարի գծից շեղեն: Դա արվում է այն բանի համար, որ մեր հավասարակշռությունը կորցնենք եւ նույն բանն անենք: Եվ երբ սկսվեն ինչ-որ մարդկանց եւ մեր համախոհների միջեւ բախումներ, պարետային ժամ, արտակարգ դրություն հայտարարեն: Մի´ դիմադրեք, մենք չպետք է հավասարակշռությունից դուրս գանք: Պաշտոնապես ասում եմ, եւ դուք էլ հաստատեք ձեր արձագանքով: Ով բռնություն անի, խանութ թալանի, մեքենա ջարդի` մեր շարժման հետ որեւէ կապ չունի: Սերժ Սարգսյանը փրկության մեկ ձեւ ունի` եթե մեզ հաջողվի ներքաշել բռնության մեջ եւ տանկեր մտցնելու առիթ ունենա»: Բազմությունը գոչյուններով համերաշխություն հայտնեց նրան:

Փաշինյանը խնդրեց յուրաքանչյուրին առաջիկա օրերին առաջնորդվել քրիստոնեական սկզբունքով. «Եթե ձեր աջ այտին ապտակեն, ձախը դեմ տվեք, բայց Սերժը պետք է հեռանա»:

Հանրահավաքի մասնակիցներին նա մանրամասն ներկայացրեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Հանրապետության հրապարակում ունեցած առանձնազրույցի մանրամասները. «Առավոտյան Սերժ Սարգսյանը դիմեց ինձ, որ պետք է անհապաղ նստել երկխոսության: Ես լրագրողների հետ զրույցում ասացի, որ նախ` միանձնյա չեմ կարող որոշել, իսկ երեկոյան ժողովուրդն ասել է` ուշ է: Այսօր արդեն շատ ուշ է: Հասանք այստեղ, տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը: Դա 18:30 էր, ես էլ ասացի` ժամը 19-ին իրեն սպասում եմ հրապարակում: Եվ նա եկավ: Ասաց, որ մտահոգված է իրավիճակով: Ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված եւ նույնիսկ գիտի լուծումը` դա Սերժ Սարգսյանի հեռացումն է: Նախագահն ասաց` հիմա ի՞նչ, ասում եք, որ խոսելու, քննարկելու, բանակցելու կարիք չկա՞: Ես ասացի, որ երեկ հանրահավաքում արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք արտահայտել ենք մեր օրակարգը, որի շուրջ պատրաստ ենք բանակցել: Եվ նա հարցրեց, թե ինչ ֆորմատով եւ որտեղ եք պատկերացնում այդ բանակցությունները: Ասացի, որ քանի որ այս կոնֆլիկտի մաս չեք, ձեզ հրավիրեցի հրապարակ, բայց նրան չեմ կարող հրավիրել, որովհետեւ նրա ներկայությամբ վստահ չեմ, որ իրավիճակը կկարողանանք կառավարելի պահել: Ոչ էլ ես կգնամ որեւէ կառավարական շենք, դա հնարավոր է երրորդ` չեզոք վայրում, օրինակ` «Մարիոթ» հյուրանոցում: Եվ մեր բանակցության միակ թեման լինելու է նրա հեռացման եւ իշխանությունը անցնցում ձեւով փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա մեզ համար չի լինելու»:

Այսօր շարժման առաջնորդը վերահաստատեց երեկ ներկայացրած ծրագրային կետերը եւ նշեց, որ դա իրենց մեխանիզմների միակ տարբերակը չէ, իրենք ունեն պլան Բ, պլան Գ: Նա հավաքված բազմությանն ասաց, որ պետք է միասին հստակ արձանագրել, որ բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանների շուրջ եւ անհրաժեշտ է, որ ժողովուրդն իրեն լիազորի այդպիսի բանակցություններին մասնակցել իր անունից, որովհետեւ իրեն ուժեղ լեգիտիմություն է պետք: Հանրահավաքի մասնակիցները բացականչություններով հավաստեցին իրենց համաձայնությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ կիրառվող բռնությունների մասին: Նախագահն ասել է, որ ինքը բռնությունների հետ կապված մտավախություն ունի: Փաշինյանը շարժման անունից երաշխավորել է բռնության բացառումը եւ վերահաստատել բաց ձեռքերի քաղաքականությունը: «Ես պրն Սարգսյանին ցույց տվեցի «Հավաքների ազատության մասին օրենք»-ի 32 հոդվածի 2-րդ մասը, որտեղ ասվում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին, այսինքն` բռնության մասին խոսք լինել չի կարող: ՀՀ օրենսդրությունն արգելում է այսպիսի խաղաղ ցույցի նկատմամբ որեւէ ոստիկանական գործողություն: Ես նրան բացատրեցի, որ ճիշտ է` ինքը շատ մեծ լիազորություններ չունի, բայց իրեն տրված է լիազորություն պահպանել Սահմանադրությունը, եւ ինքը պետք է ապահովի այս հավաքների խաղաղ բնույթը: Այսօրվանից, եթե որեւէ բան տեղի ունենա, դրա պատասխանատվությունն ընկնում է Արմեն Սարգսյանի վրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ թե´ քաղաքական, թե´ բարոյական առումով պատրաստել են բոլոր անհրաժեշտ պայմանները Սերժ Սարգսյանից իշխանությունն անցնցում փոխանցելու համար:

Վաղը քայլարշավը սկսվելու է ժամը 11-ին Էրեբունի համայնքից եւ շղթայական ձեւով տարածվելու է մյուս վարչական շրջաններում եւ մարզերում: «Վաղը շարունակելու ենք մեր հուժկու երթը, մեր քաղաքացիական անհնազանդության բուռն գործողությունները, որպեսզի բանակցային պրոցեսում մեր դիրքերն ամուր լինեն: Իսկ վաղը ժամը 7-ին` հանրահավաք Հանրապետության հրապարակում»,- ասաց Փաշինյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter