HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատիժն ազատության կորուստն է

«Բանտերի վիճակով կարելի է եւ պետք է դատել երկրի վիճակի մասին»,- ասում է Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: 

Վերջերս եղել եք Նորվեգիայում եւ ուսումնասիրել այդ երկրի ազատազրկման վայրերը: Ի՞նչ տպավորություն ունեք: 

Ես այնտեղ էի Նորվեգական Հելսինկյան Կոմիտեի (ՆՀԿ) հրավերով «Հայաստանի բանտային համակարգի մոնիտորինգ» ծրագրի շրջանակում հետագա միջոցառումների պլանը մշակելու նպատակով: Մեկ օր հատկացված էր Նորվեգիայի ազատազրկման հիմնարկություններին ծանոթանալուն: Ես եղա նախաքննական մեկուսարանում, գաղութում եւ թմրամոլների բուժիչ-վերականգնողական հիմնարկությունում: Երեքն էլ գտնվում էին Օսլոյում եւ կազմում մեկ ամբողջություն: Նախաքննական մեկուսարանը, որտեղ 200 կալանավոր կար, տեղավորված է 19-րդ դարում կառուցված նախկին գարեջրի գործարանի շենքում: Գաղութը, որտեղ պահվում է 175 դատապարտյալ, կառուցված է այսպես կոչված «Ֆիլադելֆիա» սկզբունքով: Ունի հիմնական մասնաշենք եւ հինգ ճյուղավորում: Հիմնական մասնաշենքը 18-րդ դարի ժամատուն է: Թմրամոլների վերականգնողական կենտրոնը նախատեսված է քսան հոգու համար եւ գտնվում է եռահարկ մի առանձնատանը, որտեղ նախկինում գործել է գարեջրի գործարանի վարչությունը: 

Տպավորություններս դժվարանում եմ կիսել, շատ են: Բայց ամենագլխավորը, ինչ ուզում եմ ընդգծել, կալանավորների եւ առհասարակ ազատազրկման համակարգի նկատմամբ պետության վերաբերմունքի արդյունքն է: Փորձեմ բացատրել օրինակներով: Այդ հիմնարկության գրադարանը Նորվեգիայի ազգային գրադարանի մասնաճյուղն է: Այնտեղ ես տեսա ռուսերեն, լեհերեն, ֆրանսերեն, արաբերեն գրքեր: Նախաքննական մեկուսարանում եւ գաղութում խցերը մեկտեղանոց են, դռները բացվում են ժամը 7-ին եւ փակվում 21 -ին:

Օսլոյի բանտի ներսը Մենախուց

Ընդհանրապես դրանք խուց անվանելն էլ դժվար է: Երբ քայլում ես այդ հիմնարկության հարկերով, լավ չես պատկերացնում, թե որտեղ ես: Շենքը 2-3 դար առաջ է կառուցված, բայց տպավորությունն այն է, որ գտնվում ես ժամանակակից հյուրանոցում, որում մեր պատկերացումներով շատ թանկ եւրանորոգում է արված: Ամեն խուց հեռուստացույց եւ սառնարան ունի: Դռների վրա փակցված է կալանավորների ճաշացուցակներն` ըստ իրենց ճաշակի: Լվացարանի եւ զուգարանի կոնքերը խցում են: Բոլոր կալանավորներին հետեւում են հսկիչներ, որոնց 40 տոկոսը կանայք են, 60 տոկոսը` տղամարդիկ: Նրանցից յուրաքանչյուրն ունի երեք կալանավոր: Ինչպես ասում էին հաստատության աշխատակիցները, սա պատիժը կրելու լավագույն վայրերից չէ: Որոշ կալանավայրերի խցերում կան նաեւ ցնցուղներ: 

Օսլոյի բանտի գրադարանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գրադարանը

Պատուհանները վանդակաճաղեր չունեն, դրանց փոխարեն իրարից 20 սմ հեռավորություն ունեցող ձողեր են: Միջանցքներում ակտիվ հանգստի համար դրված են բիլիարդներ եւ թենիսի սեղաններ: Եւ ամենաանհավատալին` եթե կալանավորն իրեն լավ է պահում, թույլ են տալիս մեկ օրով գնալ տուն եւ այդպես տարեկան քսանմեկ անգամ: Երկրորդը` յուրաքանչյուր կալանավոր իր կարիքների համար օրական 7 դոլար է ստանում: Իսկ եթե աշխատում է, կարող է բանտից պահել ընտանիքը ոչ վատ, քան ԱՊՀ երկրների ազատ բնակիչները: Ոչինչ չեմ ուզում ասել սննդի կամ խոհանոցների մասին, որտեղ կալանավորները կարող են իրենց համար ճաշ պատրաստել: Խոհանոցում դրված սարքավորումներին կնախանձեն Հայաստանի կանանց առնվազն 70 տոկոսը: 

Նորվեգացի փորձագետներն ամիսներ առաջ Հայաստանի բանտերում անցկացնում էին մոնիտորինգ: Իրենք ի՞նչ տպավորություն էին ստանում մեզ մոտ: 

Նորվեգիայի մեր գործընկերներն` այցելելով Հայաստանի ազատազրկման հիմնարկություններ, շատ բան ուղղակի չէին հասկանում: Օրինակ, չէին հասկանում, թե ինչո՞ւ չկա նորմալ կերակուր, անհրաժեշտ դեղորայք կամ ինչո՞ւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չունեն հանգստի տեղ, էլ չխոսենք զուգարանների ու բաղնիքի մասին: Նրանք երկու տարի չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց պահել «Վանաձոր» ՔԿՀ-ի պես տեղում: Նրանք չեն հասկանում նաեւ, թե ՔԿՀ-ի վարչություններն ինչո՞ւ են ամեն ինչ պայմանավորում ֆինանսավորման բացակայությամբ: Եւ ամենգլխավորն, ինչ չէին հասկանում նորվեգացիները, այն էր, որ Հայաստանի իշխանություններն իրավիճակի բարելավում չեն ցանկանում:

Մարդկանց մեծամասնությունն այն կարծիքն ունի, որ ազատազրկման վայրերը պետք է «ԿՈՇՏ» լինեն, ինչպիսին մեզ մոտ են, պետք է առանձնանան դաժան ու անտանելի պայմաններով, որպեսզի այդպիսով հանցագործներն ուղղվեն: 

Այսուհանդերձ քո կարծիքով Հայաստանում հնարավո՞ր է ներդնել այն, ինչ տեսել ես Նորվեգիայում: 

Այս հարցին ես կպատասխանեմ Օսլոյի հաստատության տեսուչ Հիդրո Փոլիմերզի խոսքով: Նա ասում էր. «Կալանավորներին մեր հիմնարկություններում պահելը պատիժ չէ: Նրանք արդեն պատժվել են կորցնելով ազատությունը: Մեր խնդիրը նրանց դաստիարակելն է»: Այս առիթով հատուկ ուզում եմ պատմել թմրամոլների վերականգնողական հիմնարկության մասին: Այնտեղ շրջելիս, ես չտեսա համազգեստավոր մարդկանց եւ հարցրեցի ինձ ուղեկցող քաղաքացիական հագուստով երիտասարդին, թե ինչու հսկիչները համազգեստով չեն: Պարզվեց, որ ինքն էլ վերակացու է, բայց բուժվող թմրամոլների վրա ազդում է համազգեստը, դրա համար էլ բոլոր աշխատողները սովորական հագուստով են: Ավելին, ցույց տալով ինձ հնարավոր խռովությունների ժամանակ կիրառվող պաշտպանության միջոցները, նա արտահայտեց իր վատ վերաբերմունքը մետաղական նոր մահակների նկատմամբ: Նա գտնում էր, որ քաղաքակիրթ հասարակություններում չի կարելի նման միջոցներ կիրառել: Հիմա ինքներդ դատեք, թե երբ եւ ինչպես հնարավոր կլինի Հայաստանում նման բան ներդնելը: 

 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ամենօրյա սնունդը Զուգարան «Սեւան» ՔՀԿ-ում

Հայաստանի օրենսդրությունը, իրավապահ եւ օրինապահ մարմինների կամքն ու աշխատանքային վարքը թո՞ւյլ կտան առաջիկայում եթե ոչ Նորվեգիայի պես, ապա գոնե տանելի դարձնել ազատազրկման վայրերը: Ի՞նչ է պետք դրա համար: 

Որպեսզի Հայաստանի այս համակարգում իրական փոփոխություններ լինեն, նախեւառաջ ոչ թե փող է պետք, այլ` մտածողության փոփոխություն: Պետք է փոխվի ոչ միայն քրեակատարողական հիմնարկությունների աշխատակիցների մտածողությունը, այլ` ամբողջ հասարակության: Բանտերի վիճակով կարելի է եւ պետք է դատել երկրի վիճակի մասին: Դա առաջին հերթին պետք է հասկանան Հայաստանի իշխանությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter