HY RU EN

Լիանա Սայադյան

«Սա քաղաքակրթությունների պայքար է, ուսանողությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի փտած համակարգի դեմ». հանրահավաք Հանրապետության հրապարակում

Չնայած այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները ձախողվեցին, եւ դրանից մեկ ժամ անց Փաշինյանը ձերբակալվեց, Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքը կայացավ:

Այն բացեց նախաձեռնության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը` ընթերցելով Նիկոլ Փաշինյանի` բանտից ուղարկած նամակը: Նամակի միջոցով Փաշինյանը հայտարարեց, որ այս պայքարը պետք է շարունակել` անկախ ձերբակալություններից: Միեւնույն ժամանակ նա, ինչպես եւ գրեթե բոլոր ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին հորդորեցին անվտանգության նկատառումներով հանրահավաքի ավարտից` ժամը 10-ից հետո չմնալ փողոցում եւ գնալ տուն: Իսկ վաղը եւ հաջորդող օրերին շարունակել ապակենտրոն քաղաքացիական անհնազանդության գործողություններն այնպես, ինչպես արել են մինչ օրս:

Հանրահավաքը վարող, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Ռուբեն Ռուբինյանը հանրահավաքի ավարտին կոչ արեց վաղն առավոտյան 8:15-ից իրականացնել դասադուլ, գործադուլ, զուգահեռաբար` երթեր տարբեր փողոցներում, իսկ երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա նշեց, որ մոտավոր հաշվարկներով այսօր Հանրապետության հրապարակում 160 հազար մարդ կա եւ ծիծաղելի որակեց առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ վարչապետի այն հայտարարությունը, թե Փաշինյանը ներկայացնում է ոչ թե ժողովրդին, այլ իր ընտրողներին միայն, որոնք կազմում են 7 տոկոս: «Մենք պետք է ուխտ կապենք, որ շարունակելու ենք քաղաքացիական անհնազանդությունը մինչեւ հաղթանակ»,- իր ելույթը եզրափակեց Ռուբեն Ռուբինյանը: 

«Հետքն» առանձնացրել է այսօրվա հանրահավաքում հնչած որոշ ելույթների առանձին դրվագներ: Ելույթ ունեցողների թվում էին ինչպես շարժման ակտիվ մասնակիցներ, այնպես էլ դերասաններ, երգիչներ, որոնց հրապարակ էր բերել բազմամարդ հանրահավաքը:

Սոս Ջանիբեկյան, դերասան

Ես միանում եմ ձեզ, ողջունում եմ եւ ձեր հետ եմ: Այն, ինչ ես կամ, ձեր շնորհիվ է: Նիկոլ Փաշինյանին պետք է ազատ արձակեն: Կոչ եմ անում արվեստագետներին, իմ ընկերներին` անտարբեր չմնալ եւ միանալ մեզ:

Ռուբեն Ռուբինյան, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ 

Սա քաղաքակրթությունների պայքար է, մեր ուսանողությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի փտած համակարգի դեմ:

ՊՆ այսօրվա հայտարարությունը մեզ որակում է որպես իշխանության զավթիչների: Դիմում եմ Վիգեն Սարգսյանին, Մովսես Հակոբյանին` մի նայեք էս կողմ, ձեր գործը սահմանն է, սահմանի կողմ նայեք:

 Դավիթ Պետրոսյան, ԵՊՀ ուսանող

Վաղը ժամը 9-ին սկսում ենք դասադուլը: Շատ կարեւոր է, որ շարունակենք խաղաղ անհնազանդությունը: Ռեժիմն ուզում է մեզ սադրել, այն, ինչ տեսնում ենք, ցույց է տալիս իրենց թուլությունը: Մենք պետք է շարունակենք ապակենտրոնացված շարժումը: Եթե շարժման ակտիվ անդամներից որեէ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ հեռանում ենք մեր հաղթանակից: Այստեղ ներկա քաղաքացիները ցույց են տալիս, որ ամեն մեկը վերցրել է պատասխանատվություն եւ պատկերացնում է, թե ինչպես պետք է պայքարի:

Սուրեն Պապիկյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ

Այսօր ականատես եղանք, թե ինչպես իշխանությունն ուզուրպացրած Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով: Ամոթ: Մեր քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը փորձում են պատասխանել սպառնալիքով: Այդ մարդն ասում է, թե ինքը հանդիսանում է պետությունը: Պետությունն այստեղ է, դո՞ւ ես պետությունը: Պետությունը Հայաստանի հրապարակները լցրած հայ ժողովուրդն է: Դու այլեւս մերժված ուզուրպատոր ես: Անկախ նրանց սպառնալիքներից ու ոճից, ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այս պայքարը խաղաղ, բաց ձեռքերի քաղաքացիական անհնազանդության պայքար է, որը հաղթանակել է: Սերժիկ, հեռացիր:

Խոսենք շատ կարեւոր խնդիրների մասին: Արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը փախավ իր իսկ առաջարկած բանակցությունների սեղանից ու ողջ օրվա ընթացքում հանրապետական 6-րդ շարասյունը լծվել էր մի գործի, որով ուզում էր ցույց տալ, թե նա մի խաղաղասեր անձնավորություն է, որի հետ չեն ուզում բանակցել: Մինչդեռ նա, ով հրապարակավ հայտարարում է, որ մարտի 1-ի պատասխանատուն է, չի կարող մեկ րոպե անգամ մնալ իշխանության ղեկին: Բայց մեր պայքարը պետք է իրականանա խաղաղ անհնազանդության պայմաններում: Մենք հաղթել ենք, դրա վառ ապացույցը հարյուր հազարավոր քաղաքացիներն են, ովքեր իրենց կամարտահայտությամբ մերժում են ՀՀԿ-ի գոյությունը իշխանության ղեկին: Ասում է` 7-8 տոկոս հավաքած մարդը խոսում է ժողովրդի անունից: Ծիծաղելի է: Այդ մարդը չի տիրապետում իրավիճակին: Մենք նրան արդեն մերժել ենք, հիմա պիտի ասենք` հեռացիր եւ մոռացիր, որ դու իրավունք ունես խոսել ժողովրդի անունից: Վաղը ապակենտրոն սկզբունքով շարունակում ենք քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

Ոչ մեկ չի կարող մեզ սպառնալ ոչ մարտի 1-ի կրկնությամբ, ոչ մեր բանակով: Հայ զինվորը իր եղբոր ու ծնողի վրա չի կրակելու, Հայաստանում այլեւս արյուն չի թափվելու: Մենք խաղաղ ենք, մեր ձեռքերը պարզ են, մեր հաղթանակն անկասելի է:  Ուզում եմ դիմել բոլոր ժամանակների իմ ուանողներին, դասախոսներին, մանկավարժներին: Վաղն առավոտից` դասադուլ, գործադուլ:

Մարիա Կարապետյան, «Մերժիր Սերժին նախաձեռնության անդամ»

Մենք ավելի լեգիտիմ ենք, քան ԱԺ-ն: Մենք հաղթահարել ենք վախը եւ անտարբերության մթնոլորտը: Քաղաքացիական անհնազանդության մեթոդն անպարտելի է: Մենք գալիս ենք հեղափոխության` ինչպես աշխատանքի: Ինքնակազմակերպվեք ձեր մասնագիտական խմբերում` բժիշկներ, մանկավարժներ: Ժամը 11-ին պատուհաններից հանեք կաթսաներ, հարվածեք կաթսաներին եւ հնչեցրեք Սերժ Սարգսյանի վերջին զանգը:

Դերասան Հովհաննես Ազոյան

Անցած անգամ որոշել էի չխոսել, որովհետեւ ամենապատասխանատու տեղն է այս բեմը, որովհետեւ խոսողները ամեն բառի համար կրում են պատասխանատվություն: Անցած անգամ Նիկոլին խնդրեցի չխոսել, բայց հիմա ստիպված եմ խոսել, որովհետեւ Նիկոլը չկա: Մարտի 1 այլեւս չի լինելու, որովհետեւ այդ զոհերը մեզ նվիրեցին կյանք, քաղաքակիրթ ապրելու իրավունք: Մեր գոյության իմաստը քաղաքակիրթ ապրելն է, մեր պայքարի նպատակն էլ քաղաքակիրթ հասարակություն, երկիր ունենալն է: Կեցցե քաղաքակիրթ Հայաստանը:

Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի կինը

Մենք բոլորս հարուստ ենք մեզնով, մեր երկրով, մեր զինվորներով, մեր Արցախով, դա մեր հարստությունն է, որ պետք է փայփայենք եւ չկորցնենք: Ես չէի համարձակվի խոսել այստեղ, բայց մի միջադեպ եղավ, որը ստիպեց ինձ ելութ ունենալ: Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ուզում էր ելույթ ունենալ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները վերապահումներ ունեին, որովհետեւ նա նախաձեռնության սկզբից ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Ես ներողություն եմ խնդրում այդ միջադեպի համար բոլորի անունից:

Ինչ էլ լինի այս օրերին, ինչ էլ ասվի, ի սկզբանե հայտարարվածից մի շեղվեք, ինչ որ ասվել է, ուժի մեջ է շարունակում մնալ այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Սերժ Սարգսյան, մենք Ձեզ խնդրում ենք, շուտ արեք այդ բանը, թեեւ մենք դեմ չենք մի քանի օր էլ վայելել այս վիճակը: Բայց կան կարեւոր խնդիրներ, որոնց մասին հայտարարել է իմ ամուսինն այս հարթակից: Մի վտանգեք Հայաստանի Հանրապետությունը: